HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Դավիթ Իշխանյան. «Մադրիդյան սկզբունքները չի բխում ոչ միայն Ղարաբաղի, այլ ողջ հայ ժողովրդի շահերից»

Հարցազրույց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ

-Ինչպե՞ս կգնահատեիք ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ներկա փուլը` համանախագահների տարածաշրջանային այցերի նկատելի աշխուժության, ֆրանսիացի համանախագահի Թուրքիա կատարած այցի եւ հիմնախնդրի կարգավորման գործում Թուրքիայի դերակատարության բարձրացման փորձերի համատեքստում:

Կարծում եմ, պատահական չէր համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում չայցելելը Ղարաբաղ, եւ գուցե առաջիկա այցի ժամանակ էլ համանախագահները որեւէ առիթ փնտրեն Ղարաբաղ չայցելելու, բայց այս առիթների խորքում կան լուրջ պատճառաբանություններ, որոնցից ամենակարեւորագույնը թերեւս այն է, որ ղարաբաղյան կողմն իշխանությունների մակարդակով, կարծես թե նաեւ քաղաքական եւ հասարակական ուժերի մակարդակով ներկայացրել է իր կոշտ դիրքորոշումը` բանակցային գործընթացի եւ խնդրի կարգավորման վերաբերյալ:

Մեկ անգամ եւս պետք է կրկնենք` խնդիրն այն է, որ կան ազատագրված տարածքներ, ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ եւ ղարաբաղյան կողմը հաստատակամ է իր տարածքային ամբողջականությունը` նկատի ունեմ ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, պահպանելու, նաեւ ջանքեր գործադրելու Ադրբեջանի կողմից մեր բռնազավթված տարածքների հետ վերադարձման ուղղությամբ: Խոսքը վերաբերում է Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի, Մարտակերտի, Մարտունու բռնազավթված տարածքներին: Սրանք այն խնդիրներն են, որոնք պետք է ներկայացվեն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղի հիմնահարցին, գտնում եմ, որ դրանք միմյանց հետ փոխկապակցված եւ զուգահեռաբար քննարկվող հարցեր են: Համենայնդեպս մեր տեսակետով, սրանք չեն կարող միմյանցից տարանջատվել: Տարանջատումն ինքնին չի բխում մեր ազգային շահերից: Տարածաշրջանում տեղի ունեցող ակտիվ քաղաքական գործընթացները, ինչպես նաեւ գերտերությունների կողմից ուշադրության սեւեռումը տարածաշրջանին, որի արդյունքում նաեւ Թուրքիան մեջտեղ եկավ եւ արդեն փորձում է հանդես գալ որպես շահագրգիռ եւ տարածաշրջանում դերակատար գործոն, արդեն փաստ է, որ հայ-թուրքական հարաբերություններով նաեւ փորձվում է ճնշում գործադրել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա: Այս ուղղությամբ բավականին աշխատանքներ են տարվում, հատկապես` ներկուսակցական շրջանակներում: Կարծում եմ նաեւ ղարաբաղյան հատվածում դաշնակցության կառույցի կողմից կա գործելու լուրջ դաշտ, որում պետք է միավորվեն բոլոր քաղաքական ուժերը` իրենց միասնական տեսակետը ոչ միայն հայտարարությամբ, այլ նաեւ գործնական քայլերով ներկայացնելու համար: Իհարկե, կուզեի այստեղ հենց ղարաբաղյան ճակատ հասկացողության մասին խոսել, որ մի քանի շաբաթ առաջ իմ կողմից արտահայտվեց: Ղարաբաղը միասնական կեցվածքով` իշխանությունների առաջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտություն կա: Եւ կարծում եմ, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ հարկ եղած դեպքում ցուցաբերելու կեցվածք` առաջնորդվելով ազգային շահերով` գիտակցելով, որ ազգային շահ հասկացողությունն այստեղ վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան հատվածին, այլ ամբողջ հայ ժողովրդին:

Եվ այդ միասնական տեսակետը պետք է լինի Ձեր կողմից վերեւում հնչեցվածը: Այսինքն ո՞չ պետք է ասել մադրիդյան սկզբունքներին:

Մադրիդյան սկզբունքները, կարծում եմ, չի բխում մեր ժողովրդի շահերից, այսինքն այն չի բխում ոչ միայն Ղարաբաղի, այլ ողջ հայ ժողովրդի շահերից: Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են, համենայնդեպս բացված փակագծերով ինչ որ ներկայացված է, եւ մենք պետք է փնտրենք մի նոր ուղի եւ որդեգրենք նոր սկզբունքներ: Պետք է գիտակցենք, որ մեր ետեւում թողել ենք Լիսաբոն, Քի Ուեսթ եւ պետք է արդեն հրաժարվենք մադրիդյան սկզբունքներից: Նկատի ունեմ մադրիդյան սկզբունքներն առաջարկող եւ ներկայացնող կողմերին ոչ միայն համոզենք, այլ հարկ եղած դեպքում նաեւ պարտադրենք, որպեսզի հրապարակ գան նոր սկզբունքներ:

Ստացվում է, որ պետք է պարտադրենք նաեւ Հայաստանի նախագահի՞ն, ով շարունակում է բանակցել այդ սկզբունքների շուրջ:

Հայաստանի նախագահը բանակցում է Հայաստանի կողմից: Կարծում եմ, մենք պետք է պարտադրենք Հայաստանի իշխանություններին ոչ միայն մադրիդյան սկզբունքների շուրջ չբանակցել, այլ որ աշխատանքներ եւ քայլեր ձեռնարկեն Ղարաբաղը որպես բանակցային կողմ հանդես գալու ուղղությամբ, իսկ թե որ սկզբունքներով` դա արդեն կլինի Ղարաբաղի եւ Ադրբեջանի խնդիրը:

Ձեր ասածից փաստորեն ստացվում է, որ այսօր Հայաստանը չի՞ կարող ներկայացնել Ղարաբաղի շահերը:

Բազմից ասել եմ, որ Ղարաբաղն այդ գործընթացում պետք է լինի լիիրավ, լիարժեք կողմ, եւ Հայաստանի կողմից վարվող բանակցային գործընթացը դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ են, այո Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ, բայց ոչ Ղարաբաղի կողմից հանդես գալու: Այսինքն Ղարաբաղը պատասխանատու չէ՞ այդ որոշումների համար: Ժամանակին թե Քոչարյան-Ալիեւ, թե ներկայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումները, կարծում եմ, պետք է շարունակվեն, բայց վերջնական խոսքը պետք է ասի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ հայ ժողովուրդը:

Իսկ վերջնական որոշման փուլում` հարկ եղած դեպքում Ղարաբաղը կարո՞ղ է ոչ ասել այդ բանակցություններին:

Ոչ թե կարող է, այլ պարտավոր է ոչ ասելու, որովհետեւ կա պարտավորվածություն ոչ թե Ղարաբաղի ժողովրդի առջեւ, այլ պարտավորվածություն` մեր նախնիների, մեր ժողովրդի ապագայի առջեւ: Մենք չունենք ժամանակը կորցնելու կամ պարապ վատնելու հնարավորություն: Այն լիարժեք եւ արդյունավետ օգտագործելու խնդիր ունենք:

Հունիսին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որը , համանախագահների կարծիքով, կարող է շրջադարձային լինել, իսկ շրջադարձի բաղադրատոմսը նույնիսկ նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ռուսաստանյան «էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, ասելով, որ այն ներառում է «տարածքների վերջնական հանձնումը, եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը այդ տարածքներ»: Արդյոք, հնարավո՞ր է շրջադարձը:

Մեթյու Բրայզան բազմիցս փորձել է փակագծեր բացել, եւ ոչ միայն նա, այլ համանախագահները, եւ ամեն անգամ խոսքը գնում է մադրիդյան սկզբունքների մասին: Համենայնդեպս փորձել են հանրությանը մատուցել այդ սկզբունքների որոշ մասերը: Այդ առումով անակնկալ էլ չէր ամերիկացի համանախագահի այդ հայտարարությունը: Ինչ վերաբերում է շրջադարձային լինելուն, իհարկե պետք է հասկանալ, որ դա լինելու է շատ ծանր եւ լուրջ ճնշումներով հանդիպում, որը հուշում է վերջին զարգացումների թելադրանքը: Սանկտպետերբուրգյան հանդիպման մասին տարբեր մակարդակներով է խոսվում եւ կողմերը փորձում են ինչ-որ ձեւով մեզ հուշել, ինչու չէ նաեւ հասկացնել տալ այդ հանդիպման ամբողջ ծանրությունը: Կարծում եմ, շրջադարձային ինչ-որ քայլեր լինելու են, բայց թե ինչ մակարդակով, ինչպես, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տարբերակներին: Ուզում եմ հավատացած լինել, որ Հայաստանի իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկի, հատկապես` փաստաթղթի ստորագրում, որը կարող է ճակատագրական լինել մեր ժողովրդի համար: Չեմ կարծում, որ հունիսը վերջակետն է լինելու, սա հերթական մի փուլ է լինելու, որը, կարծում եմ, հաղթահարելու ենք, պարզապես պետք է ժամանակը չկորցնելով նախապատրաստվենք այն վերջակետին, որ մեզ համար շատ մշուշոտ եւ մթագնված է:

Այդ ամենը կանխելու համար Ղարաբաղը պիտի՞ գործնական քայլեր անի:

Պարտավոր է դա անելու մինչեւ հունիս եւ հունիսից հետո: Եվ ինչպե՞ս: Դրանք կարող են արտահայտվել տարբեր ձեւերով: Վերջին խորհրդարանական իրադարձություններից, նկատի ունեմ ԱԺ-ում կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանը, եւ դրան հաջորդած հայտնի գործընթացները, ակնհայտ էր, որ Ղարաբաղում արդեն ձեւավորվող լուրջ դժգոհություններ կան` բանակցային գործընթացին վերաբերող վարվող քաղաքականությունից: Եւ ղարաբաղյան կողմում կար լուրջ անհանգստություն` ոչ միայն ինչ-որ շերտերի, քաղաքական ուժերի, այլեւ բոլորի մոտ: Մի կողմից սա հուսադրող է, որ ղարաբաղյան կողմը` իշխանություններով հանդերձ, պետք է այդ անհանգստությունը կիսի եւ համապատասխան տեղ հասցնի, մյուս կողմից նաեւ քիչ հասկանալի է որոշակի այն պասիվությունը, որ այսօր ցուցաբերվում է ղարաբաղյան դաշտում` թե իշխանությունների, թե քաղաքական ուժերի կողմից: Իհարկե, մեր կողմից նախատեսում ենք մոտակա մի քանի քայլեր, այդ թվում նաեւ փորձելու ենք նախաձեռնություն ցուցաբերելով խորհրդարանական խմբակցությունների մակարդակով ներկայանալու հասարակությանը` բացատրելու ընդհանուր իրավիճակը եւ ներկայացնելու մեր ընդհանուր տեսակետը, որովհետեւ Ղարաբաղի ժողովրդի մոտ չկա հաստատ համոզվածությունը` իշխանությունների կողմից վճռականություն ցուցաբերելու առումով: Այսօր անհրաժեշտություն է եւ օրակարգում է երկու երկրների` ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ միջպետական պայմանագրի ստորագրումը: Այս ուղղությամբ խորհրդարանը նույնպես լուրջ անելիքներ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter