
Աջափնյակի Սիլիկյան թաղամասում մայիսի 18-ի` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի բախումներից հետո, ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ժամանել էին դեպքի վայր` զինադադար կնքելու համար:
Ծառուկյանի և Հովսեփյանի հանդիպման մասին նորանոր փաստեր են հայտնի դառնում: Ըստ լուրերի` Հովսեփյանը, մատը թափահարելով, Ծառուկյանից պահանջել է սաստել ԲՀԿ-ականներին: Ի պատասխան` Ծառուկյանը գլխավոր դատախազին ասել է, որ իր վրա թափահարված մատը ինքը կկոտրի: Աղվան Հովսեփյանն իր ախոյանին հիշեցրել է, որ ինքը ՀՀ գլխավոր դատախազն է, ինչին ի պատասխան` Ծառուկյանը նրան առաջարկել է չմոռանալ նաև իր ով լինելը: Արդյունքում, Հովսեփյանը նստել է իր ծառայողական ավտոմեքենան և հեռացել է բանակցությունների վայրից:
Էլի վիճել են
Մայիսի լույս 20-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հերթական բախումն է տեղի ունեցել: Բախումը, որի արդյունքում երեք հոգի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, տեղի է ունեցել Հարավ-արևմտյան թաղամասի հայտնի լողավազանի մոտ:
Տուժածները, «ՀԺ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ականներ են: Ենթադրվում է, որ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև տեղի ունեցած այս «քաղաքական բանավեճը» պետք է փորձեն հետևողականորեն կոծկել: Համենայն դեպս, երեկ այս վեճի արդյունքում դանակահարվածներից մեկին, ըստ որոշ տեղեկությունների, հիվանդանոցում գրանցել են «սրտի նոպա» ախտորոշմամբ:
Սա վերջին երկու շաբաթվա մեջ առնվազն 10-րդ նման դեպքն է, և ինչպես նախորդները, չի կարող բացահայտվել, քանի որ այդպես են պարտադրում ավազակապետության օրենքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել