ԿԸՀ քարտուղարի կարծիքով` Երևանի ավագանու ընտրությունները շատ մեծ միջոցառում չեն, իսկ ընդհարումներն էլ անխուսափելի են
Վերլուծելով քարոզարշավը` ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանն արձանագրում է, որ ընդհանուր առմամբ, այն ընթանում է նորմալ հունով, և այս պահին նախընտրական քարոզչության կարգի խախտման դեպքեր չեն արձանագրել: Նաև բռնություններն ու բախումներ են նորմա՞լ` «Առավոտի» հարցին ի պատասխան` ԿԸՀ քարտուղարն ասել է. «Ցանկացած բախում, բռնություն, ծեծ-ջարդ ստվերում է մեր կյանքը: Մենք խոսում ենք ընտրությունների մասին և շատ ենք կենտրոնանում Երևանի ընտրությունների վրա: Իմ կարծիքով` հասարակական կարգի խախտումներ նաև այլ ժամանակ են լինում և շեշտը դնել, ուշադրության կիզակետում պահել հենց ընտրական նախընտրական փուլերը... պետք է կարողանալ կազմակերպվել և զսպված լինել ու սադրանքների չգնալ` առհասարակ: 2008-ի աշնանն էլ ՏԻՄ ընտրություններ էին հանրապետությունում, մոտ 900 համայքնում, որոնք, իհարկե, չէին կարող անցնել առանց ընդհարումների, խախտումների, այնտեղ էլ կային բախումներ, սակայն դրանք չլուսաբանվեցին, այդ ընտրութունները ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում չէին: Իմ սուբյեկտիվ կարծիքով` ընտրությունը դա միջոցառում է, որն ընդգրկում է ամենամեծ թվով մասնակիցների, իսկ մեզանում նույնիսկ ամենաուրախ միջոցառումներն են ծեծ ու ջարդի վերածվում, օրինակ` հարսանիքները: Չի կարող իդելական անցնել մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ ցանկացած միջոցառում, այդ թվում նաև` ընտրությունները»:
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի կողմից ընտրախախտումներ չարձանագրելուն, «Առավոտը» նկատեց, որ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն վերջին ամսվա ընթացքում լավագույնս լծվել են Երևանն ասֆալտապատելու, լուսավորելու, ծաղկապատելու և նմանատիպ այլ աշխատանքների. «դա օրենքի խախտում չէ՞» հարցին հետևեց նման պատասխան. «Իմ կարծիքով` ԲՀԿ-ն և ՀՀկ-ն չեն քաղաքը լույսերով ապահովում: Դրանք քաղաքապետարանի գործառույթներն են, և քաղաքապետարանի ու թաղապետարանի բնականոն գործունեությունը չի կանգնում ընտրությունների ժամանակ»:
Մինչ այդ նույն ջերեռանդությամբ այդ ֆունկցիաները չէին կատարվում` դիտարկմանն արձագանքեց. «Մինչ այդ փողոցներն էին կառուցվում»:
Իսկ այն, որ այդ աշխատանքների իրականացմանը զուգահեռ նաև քարոզ է իրականացվում, թե ում են մարդիկ պարտական այդ ամենի համար, մեր զրուցակիցն ասաց. «Նման արձանագրված փաստ կամ դիմում ԿԸՀ-ն քաղաքացիներից չի ստացել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել