
«Ով այսուհետ շռայլություն ցուցաբերի` պատժվելու է»,-այսպես հնչեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախազգուշացումը` ուղղված կառավարության այսօրվա նիստի մասնակիցներին: Նա կոչ արեց բոլոր պաշտոնյաներին պետբյուջեի գումարների ծախսման նկատմամբ անտարբեր չլինել, եւ դրանք ծախսել հիմնավորված եւ անհրաժեշտության դեպքերում: Ճիշտ է, նման հայտարարություններ նա մի քանի անգամ է արել, բայց այս մեկը, նրա հավաստմամբ, արդեն վերջինն է:
Գործադիր իշխանության ղեկավարը հիշեցրեց ներկաներին, որ վերահսկողական մարմինների, այդ թվում` Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքում բազմաթիվ նման խախտումներ եւ չարաշահումներ են հայտնաբերվել` «սկսած յուրացումներից, ոչ հիմնավոր ծախսերից, գործուղումներից, գույքի ձեռքբերումից եւ նույն գույքի մի առ ժամանակ հետո դուրսգրումից եւ այլն»:
Նա անդրադարձավ նաեւ պետական մեքենաների օգտագործման, թանկ եւ ոչ անհրաժեշտ գույքի ձեռքբերման մասով արձանագրված խախտումներին:
«Այս մասին բազմաթիվ անգամ ենք նշել, բայց ցավոք, արդյունքներով բավարարված չեմ: Չեմ ուզում փակագծեր բացել, բայց ծախսերը պետք է հիմնավորված լինեն»,-շեշտեց Ա. Հարությունյանը` ավելացնելով, որ ամեն մի խախտման կամ ոչ հիմնավոր ծախսի համար այսուհետ պատասխան է տալու նախարարը կամ կառույցի ղեկավարը:
Վարչապետը սակայն չնշեց, թե մինչեւ օրս կատարված չարաշահումների կամ ոչ հիմնավոր ծախսերի համար պաշտոնյաները պատասխան են տալու, թե ոչ: Ըստ ամենայնի, նրանց բախտն այս անգամ կբերի:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում չարաշահումներ եւ ոչ հիմնավոր ծախսեր են հայտնաբերվել ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում, քաղաքաշինության եւ առողջապահության նախարարություններում, մի քանի շրջվարչակազմերում եւ այլն:
Լուսանկարն արված է Ստեփանակերտում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել