Ժամանակակից արձակի անթոլոգիայի շնորհանդես` Բուխարեստում
Մայիսի 19-ին Ռումինիայի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել հայ արդի արձակի անթոլոգիայի շնորհանդեսը, որտեղ ներառված են ժամանակակից 12 հայ հեղինակների ստեղծագործություններ: «Գրքի հրատարակումը արգասիքն է Հայաստանի եւ Ռումինիայի գրողների միությունների միջեւ մոտ երկու տարի առաջ սկիզբ առած համագործակցության, որին հնարավորինս աջակցում են Ռումինիայի հայոց միությունն ու Բուխարեստում Հայաստանի դեսպանությունը, որոնք էլ Ռումինիայի գրողների միության հետ կազմակերպել էին շնորհանդեսը»,-տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Համագործակցության նույն շրջանակում Հայաստանում կհրատարակվի ռումին գրողների անթոլոգիա:
Շնորհանդեսին մասնակցելու, նաեւ Հայաստանի եւ Ռումինիայի գրողների միությունների հետագա համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով Բուխարեստ էր ժամանել Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով ելույթ է ունեցել` ներկայացնելով հայ գրականության արդի զարգացումները: Ելույթներ են ունեցել նաեւ Ռումինիայի գրողների միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռումինիայի դեսպան Նիկոլաե Մանոլեսկուն, Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Ռումինիայի գրողների միության քարտուղարներ` թարգմանիչ Իրինա Հորեան, արձակագիր աբրիել Կիֆուն, անթոլոգիայի թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը:
Նույն օրը Հայաստանի եւ Ռումինիայի գրողների միությունների նախագահները ստորագրել են երկու միությունների համագործակցության մասին համաձայնագիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել