Հայաստանը ջավախահայ նկարիչներին չի խրախուսում
Ախալքալաք, 20 մայիսի, Ա-ԻՆՖՈ.- Վերջերս Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի երբեմնի կիսախարխուլ ու անհրապույր շինությունն, ի վերջո, բարեկարգվեց: Տեղի շրջանային վարչության տրամադրած մոտ 18.000 լարի գումարով, վերանորոգվեց կենտրոնի հինգ դասարանները, որոնք երկար տարիներ է, ինչ պատշաճ խնամքից զուրկ էին:
Գեղարվեստի դպրոցի տնօրեն Կարլեն Կարապետյանն Ա-ինֆոյի հետ զրույցում, իր խորին շնորհակալությունը հայտնեց շրջանային մունիցիպալիտետի աշխատակազմին` հանձին նախագահ Նաիրի Իրիցյանին, ով նաեւ անձնական միջոցներով է օգնում արվեստարանին` տարբեր անհրաժեշտ պարագաների ձեռքբերման գործում: Ու չնայած սրան, պարզվում է` դեռեւս շատուշատ պիտույքների կարիք կա:
«Մեր աշակերտների աշխատանքները թղթի վրա են, որոնք ներկայացնում ենք առանց շրջանակների: Բայց եթե կտավի վրա ու գեղեցիկ շրջանակների մեջ լինեն, տպավորությունը բոլորովին այլ կլինի: Իսկ անհրաժեշտ ներկերը, կտավները հիմնականում իրենք` մեր սաներն են գնում»,- ասում է Կ. Կարապետյանը:
Նրա հավաստմամբ, արվեստարանին աջակցելու խնդրանքով իրենք նաև դիմել են ՀՀ Սփյուռքի նախարարությանը, սակայն, չգիտես ինչու, նրանց կողմից միայն լռություն է տիրում:
Ինչպես պարզվեց, այսօր Ախալքալաքի Գեղարվեստի դպրոց է հաճախում 6-20 տարեկան 40 աշակերտ: Տնօրենի խոսքերով, պարապմունքներն ընթանում են երկհերթ համակարգով, ամեն օր, բացի կիրակի օրվանից: Դասավանդող ութ ուսուցիչները բարձրագույն կրթությամբ մասնա•ետներ են, ովքեր արվեստին առնչվող գիտելիքները փոխանցում են գծանկարչություն, գունանկարչություն, արվեստի պատմություն, կոմպոզիցիա եւ դեկորատիվ արվեստ առարկաների շրջանակներում:
Թեեւ փոքրիկ ու անշուք, բայց տաղանդավոր սաներ ունեցող դպրոցը տարիներ շարունակ տարբեր հայտնի անձանց հիացմունքի առարկան է եղել: Կենտրոնի աշակերտների հիասքանչ աշխատանքներով հիացել է անձամբ Վրաստանի Առաջին Տիկին Սանդրա Ռուլովսը, Ջավախք այցելած տարբեր քաղաքական գործիչներ, անգամ դեսպաններ… Ավելին` Գեղարվեստի դպրոցի սաների տարիների «արդյունքը» ներկայացվել ու բարձր գնահատականի է արժանացել երկրի տարբեր շրջաններում, նաեւ արտասահմանյան այլ երկրներում` ԱՄՆ-ում, Կանադայում, բայց ոչ… Հայաստանում:
«ՀՀ-ը ջավախահայ նկարիչներին չի խրախուսում: Մեր երեխաները ոչնչով չեն զիջում շատ պրոֆեսիոնալ նկարիչների, բայց Հայաստանի կողմից ուշադրություն չկա: Երեւանում ցուցահանդես կազմակերպելը կամ մասնակցելը մեծ խնդիր է, մաքսատանը խնդիրներ է առաջանում: Բայց եթե ՀՀ կողմից հրավեր լինի ու մասնակցության համապատասխան փաստաթուղթ տրվի, հարցեր չեն առաջանա»,- Ա-ինֆոյին տեղեկացրեց Կառլեն Կարապետյանը:
Ի դեպ, կենտրոնի սաների շուրջ 100 աշխատանք, դեռեւս օրեր առաջ ջավախահայ հանդիսատեսին է ներկայացվել դպրոցում բացված ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված է մայրերին: Այն գործելու է մինչեւ մայիսի վերջ, որից հետո Գեղարվեստի դպրոցը հանդիսատեսին է հրամցնելու մեկ այլ ցուցահանդես` այս անգամ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել