HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի երկու ձեռնարկությունները դուրս են մնացել ծրագրից

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` դեռևս 2010 թվականի մարտին Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում նույն թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության նպատակով Հայաստան էր ժամանել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պատվիրակությունը` ռազմարդյունաբերող բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ:

Վերջիններիս թվում էին «Ռոսիյսկիե վերտալյոտի», «ԿամԱԶ», «ՈՒԱԶ» և ռուսական խոշոր այլ ընկերությունների գլխավոր տնօրեններ:

Այցի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի հնարավորությունները` ռազմարդյունաբերական համալիր ստեղծելու և ռազմական նշանակության համատեղ արտադրանք ստանալու համար:

Արդյունքում` ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը ստորագրել էին երկու երկրների միջև ռազմարդյունաբերական կապերի ամրապնդման հուշագիր: Այն ոչ միայն ենթադրում էր համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում, այլև մեր երկրի անվտանգության մակարդակի էական բարելավում, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացում, ռուսական կապիտալի ներթափանցում Հայաստան և աշխատատեղերի ստեղծում:

Ինչպես այն ժամանակ էր նշվում, համագործակցության համար ընտրվել էին ձեռնարկություններ, որոնք նախկինում համագործակցել էին ՀՀ պաշտպանության նախարարության հետ, կատարել էին վերջինիս պատվերները ռազմարդյունաբերության ոլորտում և ապացուցել, որ ի վիճակի են եզակի նշանակության արտադրանք թողարկել:

Ռազմավարական պետական ծրագրի շրջանակներում ընդգրկված էր նաև Վանաձորը` իր երկու գործարաններով` «Սլացք» և «Ավտոգեն Մ»:

Անձամբ Արթուր Բաղդասարյանը արդյունաբերական պոտենցիալ էր տեսնում այս երկու գործարանում` ավտոմեքենաների արտադրության համար:

Ռուսական պատվիրակության` Հայաստան կատարած այցից ամիսներ անց «Հետքը» հետաքրքրվեց` իմանալու` ինչ ավարտ ունեցան հայ-ռուսական բանակցությունները հատկապես նշված ձեռնարկությունների համար:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը, պատասխանելով «Հետքի» գրավոր հարցմանը, նշել էր, որ ռուս փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել են հայկական 9 ձեռնարկություններ, որոնց շարքում Վանաձորի «Սլացք» և «Ավտոգեն Մ» ձեռնարկությունները չկան:

«Ռուս փորձագետները դրանց վերաբերյալ համագործակցության առաջարկներ չեն ներկայացրել»,-պատասխանի մեջ մասնավորապես նշել էր Արամ Թանանյանը:

Վերջինս միաժամանակ տեղեկացրել էր, որ ԱԱԽ աշխատակազմը շարունակում է համապատասխան քայլեր ձեռնարկել համատեղ ձեռնարկությունների շարքում նաև Վանաձորի «Ավտոգեն Մ» ձեռնարկությունն ընդգրկելու ուղղությամբ:

Համագործակցության ներկա փուլի մասին վարչության պետը միայն հայտնել էր, որ 2010 թվականի նոյեմբերին Հայաստան է այցելել «Պաշտպանական համակարգեր ԲԲԸ» պատվիրակությունը, որի ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի և ռուս-բելառուսական համատեղ «Պաշտպանական համակարգեր» հոլդինգի համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ:

«Հետքի» մյուս հարցերին` Վանաձորի նշված 2 ձեռնարկություններն ի՞նչ պատճառով տեղ չեն գտել ծրագրում, որո՞նք են ընտրված 9 ձեռնարկությունները, ստացվե՞լ է արդեն համատեղ արտադրանք, կամ ե՞րբ է նախատեսվում առաջին արտադրանքը, վարչության պետը չէր պատասխանել` պատճառաբանելով ռազմական գաղտնիության հանգամանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter