DE VALE
De Vale պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է «Հետքում» օգոստոսի 19-ին: Այն այժմ մասնակցում է «Արձակ 2011» մրցույթին: Առցանց քվեարկության միջոցով որոշվելու է «Իմ հեղինակ» անվանակարգի հաղթողը: Քվեարկելու համար անհրաժեշտ է սեղմել "like":
Անուշ Քոչարյան
Դե Վալը մատուցողուհի էր քաղաքի նեղլիկ փողոցի ռեստորաններից մեկում:
Երբ տեսա նրան առաջին անգամ, անհապաղ ուզում էի հարցնել անունը: Բայց նա շատ արագ գրանցեց պատվերը եւ վայրկենական չքացավ, ինչպես չէր էլ եղել:
Դե Վալի ամենաընդգծված մասը հետույքն էր, քանի որ երկար նայել կարողացա միայն մարմնի այդ մասին, երբ նա արագ ու մանրիկ քայլերով անհետացավ ռեստորանի Արեւելյան սրահից:
Ցավոք, պատվերն այլ մատուցող բերեց: Ես երկար սպասեցի: Դատարկեցի բաժակը, բայց Դե Վալը չերեւաց:
Հաջորդ օրը նույնպես ռեստորանում էի. երկար ժամանակ նստելու տեղ էի փնտրում: Կարճ շրջազգեստից եւ նրա տակից կախված մի ամբողջ տիեզերք հիշեցնող ոտքերի շարժումով սրահում հայտնվեց Դե Վալը:
Սառը, անտարբեր` նա ասաց, որ կարող եմ տեղավորվել ապակուն կից սեղանի մոտ. ես հրաժարվեցի` մտածելով, որ դրսում քայլողներին մշտապես հետեւելու իմ բնավորությունը կխանգարի Դե Վալին ուսումնասիրելու գործին, եւ տեղավորվեցի ռեստորանի կենտրոնական սեղաններից մեկի մոտ, որտեղ ամենից քիչն էի նախընտրում:
Դե Վալին խնդրեցի մինչ պատվերն ընդունելը ջուր բերել ինձ համար: Այդ կերպ նա հաստատ կվերդառնար: Դե Վալը գլխով արեց:
Մեկ շաբաթ շարունակ ես աշխատանքից հետո ճաշում էի Արեւելյան այդ ռեստորանում:
Շաբաթ-կիրակի օրերին նա աչքովս չընկավ: Մատուցողներից մեկին բացատրեցի նրա արտաքին կառուցվածքը (որն, ի դեպ, մտազբաղ երիտասարդին քիչ բան էր հիշեցնում) եւ հարցրի` ուր է նա:
Մատուցողն ասաց, որ Դե Վալն արդեն մի քանի օր է` ազատված է աշխատանքից: Ես մի տեսակ իրավասու չէի հարցնելու նրան, բայց բոլոր ուժերս հավաքելով` ծոր տվեցի.
-Բա՞ն է պատահել նրան:
-Չէ, ինչ որ անհեթեթ վիճաբանություն է ունեցել ռեստորանի տիրոջ հետ եւ ազատվել աշխատանքից:
Ուզում էի հարցնել անունը, բայց հետո հասկացա, որ իմ կնքածը նրան ամենից շատ էր սազում. ԴԵ... Որովհետեւ չափից շատ էր կիրառում այդ կարճլիկ բառը, եւ Վալ, որովհետեւ փոքր ժամանակ տիկնիկիս այդպես էի անվանակոչել:
Ես ռեստորան չգնացի երկար ժամանակ: Ճաշում էի սովորության համաձայն` ոտքի վրա` կարդալով լրագրերի հերթական սպառիչ ու անիմաստ լուրերը:
Այդ մեկ շաբաթվա ընթացքում հասցրել էի մտերմանալ Դե Վալի հետ: Ռեստորանում նրան հետեւելու երրորդ օրը խնդրեցի նստել իմ սեղանի մոտ. ասաց, որ չի թույլատրվում, ես բացատրեցի, որ ինքս կմիջամտեմ, եթե որեւէ մեկը նրան դիտողություն անի: Դե Վալը միանգամից ընկավ աթոռին: Նրա մարմնի ձգվածությունը վայրկյանների ընթացքում հալվեց աչքիս առաջ: Նա թույլ էր, լուսնային եւ մի թեթեւ ժպիտ ուներ պահված շուրթերի արանքում:
- Երկար ժամանա՞կ ես այստեղ աշխատում :
- Մոտ մեկ տարի:
- Ես քեզ առաջ չեմ նկատել...Չեմ տեսել...
- Հնարավոր է....Ձեռքի կտորով, սրբելով սեղանի բիծը, ծոր տվեց:
Դե Վալի մատներն առաջին անգամ նկատեցի. ոչ շատ երկար, ծայրերը փափլիկ ու կլոր, իսկ միջնամասի փոսիկների մեջ չորս գիծ... Սպիտակամաշկ էր Դե Վալը:
- Ո՞ր ժամերին ես աշխատում:
- Ութից մինչ երեկոյան տասը:
- Հետո՞:
- Հետո հոգնում եւ քնում եմ,- ժպտաց Դե Վալը,- ու հանկարծ շարունակեց,- գիտե՞ք` շատ դժվար է մեկ տարի շարունակ քաղաքի ցերեկը չտեսնել:
Ես չգիտեի ինչ ասել:Հարցրեցի,թե նոր աշխատանք գուցե փնտրենք միասին:
- Պետք է այլ սեղաններ սպասարկեմ,- ասաց Դե Վալն ու վեր թռավ տեղից:
Ես փակեցի հաշիվը եւ դուրս եկա:
Հաջորդ օրը ես Դե Վալին խնդրեցի իրեն անառողջ ձեւացնել: Նա, չհասկանալով բանն ինչում է, իսկույն ուշաթափության մի նոպա կազմակերպեց: Մինչ մատուցողները կհավաքվեին, մենեջերները` նույնպես, ես հայտարարեցի, որ բժիշկ եմ/իսկ այդ ժամանակ ես մշտապես կեղծում էի մասնագիտությունս/, եւ ասացի, որ աղջկան մաքուր օդ է հարկավոր:
Մենեջերին համոզեցի նրան դուրս տանել: Ցերեկվա ժամը երեքն էր: Այդ օրը ես էլ բացակայեցի աշխատանքից:
Դե Վալը քիչ էր խոսում: Մենք միասին կարուսել նստեցինք, ես նրա համար պաղպաղակ գնեցի:
Մատուցողուհու սեւ եւ սպիտակ համազգեստով նա դպրոցականի էր հիշեցնում, իսկ երբ ուտում էր պաղպաղակը, չարաճճի մի աղջկա,որը թողնելով դասերը, փախել է մեկի հետ, ում նույնիսկ չի ճանաչում:
Ես ճիշտ էի, որ նրան անվանակոչել էի Դե Վալ:
Նա իրապես տիկնիկի նման էր. շարժումները կտրուկ էին, հայացքը ուներ մի հետաքրքիր սառնություն եւ, որ ամենակարեւորն է, հարցեր շատ չէր տալիս:
Դե Վալին երկու ժամ անց ուղեկցեցի ռեստորան:
-Վաղն էլ արի մեզ մոտ ճաշելու:
Հինգերորդ օրը Դե Վալին ասացի, թե նրան ինչպես եմ անվանակոչել. նա ծիծաղեց, խոստացավ չասել իր անունը եւ չհարցրեց նաեւ իմը:
Ես անընդհատ մի նոր բան էի պատվիրում, նա սիրով մոտենում էր սեղանիս, մի երկու րոպե կարողնանում էր բառ փոխանակել հետս եւ, եթե հաջողությունը ժպտում էր մեզ, զրույցը ձգվում էր հինգից յոթ րոպե:
Այդպես նաեւ վեցերորդ եւ յոթերորդ օրը:
Դե Վալին կես տարի չտեսնելուց եւ ոչ մի լուր չունենալուց հետո մի օր ինձ հրավիրեցին Արեւելյան ռեստորան գործնական ընթրիքի:
Ես կրկին նրան էի փնտրում.մտածում էի`ուր որ է դուրս կթռչի անկյունից եւ, արագ գրանցելով պատվերը, իր թեթեւ ժպիտով կասի դե-երի շարքը եւ կանհետանա:
Դե Վալը չերեւաց: Դուրս գալուց հինգ րոպե առաջ ես կանչեցի մեզ սպասարկող մատուցողին.
- Դե Վալն էստեղ չի վերադարձել, չէ՞:
- Ո՞վ է Դե Վալը,- զրամացավ մատուցողը:
Ես սկսեցի բացատրել նրա արտաքինը:
- Կներեք, բայց ռեստորանի բացման օրվանից ի վեր` արդեն հինգ տարի է, մենք ոչ մի աղջիկ մատուցողուհի չենք ունեցել: Մեկը կար, ով հայտնվեց մեկ օրով, սակայն չդիմացավ աշխատանքի ծանրաբեռնվածությանը եւ հաջորդ իսկ օրը ասաց, որ չի կարող շարունակել այստեղ...
Նրա անունը ես չեմ հիշում: Այդ օրը, երբ հարցրի, ասաց, որ անունը կասի այն ժամանակ, երբ հաստատ որոշի այստեղ աշխատել:
Ես դուրս եկա ռեստորանից: Ցերեկ էր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել