HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Բաբայան. «Խոստումները կարող են չկատարվել, իսկ կորցրածը հետ վերադարձնել արդեն անհնար կլինի»

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջերս բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում` հակամարտող բոլոր կողմերի հասարակություններում, վերլուծական շրջանակներում եւ այլն: Եւ սա պատահական չէ, որովհետեւ, կարծես թե, բանակցային գործընթացը մտել է մի նոր փուլ: Սակայն մտածել, որ կարելի է արձանագրել ինչ-որ բեկում` դեռեւս վաղ է»,-նշել է քաղաքագետ Դավիթ Բաբայանը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների մասին մեր հարցին: Դրա համար, ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի որեւէ կառուցողական քայլի, ինչը դեռ չկա: Խոսելով բանակցային գործընթացից, Դավիթ Բաբայանը նկատել է, որ կան որոշ սկզբունքներ, օրինակ նույն տարածքային ամբողջականության սկզբունքը, որը փաստորեն «հակամարտությունների կարգավորման գործընթացում արդեն չի աշխատում», քանի որ չճանաչված պետությունների մեծ մասն արդեն իսկ ստացել է միջազգային ճանաչում: «Այդ շարքում չճանաչված են մնացել միայն Ղարաբաղը եւ Մերձդնեստրը: Հետեւաբար այս իրավիճակում Ադրբեջանի կեցվածքը` տարածքային ամբողջականության անձեռնմխելիության ենթատեքստում նույնպես խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը»,-շեշտել է նա: Ըստ քաղաքագետի, եթե Արցախը դեռեւս լիարժեքորեն չի վերականգնել իր դերը որպես բանակցային կողմ, դա չի նշանակում, որ Արցախը հրաժարվում է իր սեփական ճակատագիրը տնօրինելուց: «Չնայած չկա պաշտոնական մասնակցություն, բայց Արցախն իր դիրքորոշումը հետեւողականորեն արտահայտում է` ոչ միայն խորհրդարանում, հասարակական շրջանակներում, այլ նաեւ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հնչեցված հայտարարություններում»,-ավելացրել է նա: Ղարաբաղյան կողմը հայտարարում է, որ մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, իսկ Հայաստանը շարունակում է դրանց շուրջ բանակցել: Այս առնչությամբ Դավիթ Բաբայանը մասնավորապես նշել է, որ մադրիդյան սկզբունքներն ուղղակի սկզբունքներ են, եւ դրանց չպետք է մոտենալ որպես կոնկրետ փաստաթուղթ: «Որեւէ կոնկրետ փաստաթուղթ դեռեւս չկա եւ չի կարող լինել առանց Արցախի մասնակցության, դա բացառվում է: Բանակցությունները պետք չէ դիտել միայն սկզբունքների տեսանկյունից»,-նշել է քաղաքագետը, որի կարծիքով, եթե Ադրբեջանը պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը, ապա այդ բանակցություններն ինչ-որ կերպ դրական ազդեցություն կարող են ունենալ միայն Ադրբեջան-Հայաստան փոխհարաբերությունների վրա, քանի որ այդ երկու պետությունները նույնպես խնդիրներ ունեն իրար հետ: Դավիթ Բաբայանը համոզված է, որ ոչ հունիսին, ոչ էլ մոտ ապագայում չի լինի որեւէ համաձայնություն, որովհետեւ նախ` ձեւաչափը թերի է, երկրորդը` հիմնախնդիրն այնքան բարդ է` տարածքներ, անվտանգություն, կարգավիճակ, որ չի կարող միակողմանի լուծվել: «Տարածքը ռեալ բաղադրամաս է ցանկացած պետության համար` եւ անվտանգության, եւ կարգավիճակի եւ ամեն ինչի: Իսկ եթե մենք կորցնում ենք նման կարեւորագույն բաղադրամասը` միայն խոստումների դիմաց, ապա խոստումները կարող են չկատարվել, իսկ կորցրածը հետ վերադարձնել արդեն անհնար կլինի: Չեմ կարծում, որ դա հնարավոր է»,-շեշտել է Դ.Բաբայանը: «Բացի այդ, հակամարտության լուծման համար, այն էլ այնպիսի դժվար հակամարտություն եւ ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող տարածքում, պետք է լինի եւ կողմերի ընդհանուր մոտեցում, եւ տարածաշրջանային ու համաշխարհային խաղացողների ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն: Ինչն այս պահի դրությամբ չկա: Գերտերությունների միջեւ մրցակցությունը դեռ շարունակվում է եւ ստանում նոր ընթացք: Չեմ կարծում, որ ի մի բերելով հիմնախնդիրները կարելի է նախանշել որեւէ լուրջ առաջընթաց` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,-հավելել է Դ.Բաբայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter