Սբ. Համբարձման տոնն Ախալցխայի Ծուղրութ գյուղում
Ջավախքի Ախալցխայի շրջանի տարածքում կան 15 հայկական գյուղեր, որոնցից ամենամեծը Ծուղրութն է:
2007թ. պաշտոնական տվյալներով գյուղն ուներ 416 տուն` 1200 հայ բնակչությամբ: Բացի հայերից, Ծուղրութում նախկինում բնակվել են նաև թուրքեր և հույներ, որոնցից առաջինները 1944թ. աքսորվել են Միջին Ասիա, իսկ հույները տեղափոխվել են մոտակա հունական Միքելծմինդա գյուղ:
Իր պատմությամբ, հնություններով և անվանի մարդկանցով հարուստ այս գյուղը ներկայումս գտնվում է ոչ միայն Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանին հատուկ սոցիալ տնտեսական վատթար վիճակում, այլ նաև` հոգևոր և սեփական իրավունքների պաշտպանության իմաստով: Գյուղն իսպառ բարոյազրկված է:
Նախևառաջ, նշենք մեկ կարևոր փաստ. 1991թ. ի վեր, երբ նորանկախ Վրաստանում սկսվեցին դանդաղորեն ձևավորվել տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ), գյուղն ի սկզբանե ուներ վրացի կառավարիչ (խորհրդային շրջանում այդ մարմինները կոչվում էին Գյուղական Խորհուրդներ, որոնց հիմքի վրա ձևավորվեցին նոր անվանում ունեցող մարմինները` Գյուղական Սակրեբուլոները (Ժողովները)): Հայկական գյուղում վրաց պաշտոնյայի գոյության փաստն ինքնին ապացուցում է, որ նախ` գյուղում ի սկզբանե գործել է վրաց պետական մեքենան, երկրորդ` գյուղն անտարբեր է եղել իր խնդիրների լուծման հանդեպ:
Ս/թ մայիսի 21-ին Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգով նշվող Սբ. Համբարձման տոնի առթիվ Սամցխեի (Մեսխունիք) հոգևոր առաջնորդ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ծուղրութ գյուղի` 1830-ականներին կառուցված և 1881թ. վերաշինված Սբ. Սիոն (Սբ. Հակոբ) եկեղեցում մատուցեց պատարագ: Հիշատակենք, որ Սբ. Սիոն (Սբ. Հակոբ) եկեղեցում պահվում է 1686 թ. Վենետիկում լույս տեսած «Ճաշոց գիրքը»: Պատարագին մասնակցում էին ոչ միայն գյուղացիները, այլև ք. Ախալցխայից ժամանած բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում` Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները:
Ծիսակարգի իրականացման ընթացքում հանդիսավորությամբ դուրս բերվեց Ծուղրութ գյուղի տներից մեկում պահվող 974թ. Հովհաննես գրչի ձեռքով ստեղծված 395 էջ ծավալով հռչակավոր մագաղաթյա Ավետարանը, որն արդեն սրբության և հայկական շարունակականության խորհրդանիշ է դարձել գյուղացիների համար:
Նշենք, որ Ծուղրութի Գինոսյանների տանն է պահվում մեկ ուրիշ ավետարան` Ծուղրութի Կարմիր Ավետարանը:
Վահե Սարգսյան, 21. մայիսի, 2009թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել