
Ապրիլի 4-ին առանց որևէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու և արձակուրդ գնալու պատրվակով «Մարտի 1-ի» իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի հինգ անդամներից երեքը` ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը և իշխանական կոալիցիան ներկայացնող Ռոբերտ Ավագյանը և Գևորգ Թովմասյանը, ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքը փաստահավաք խմբում:
Դրանով փաստացի կասեցվել էր նաև խմբի աշխատանքն ընդհանրապես, որովհետև փաստահավաք խմբի կազմավորման մասին, նախագահի կարգադրության համաձայն` «Աշխատանքը կազմակերպվում է ամենօրյա նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խմբի երեք անդամ»:
Ու թեև խմբի ղեկաավար Վահե Ստեփանյանը հրապարակայնորեն հայտարարել էր, թե «ժամանակավոր դադարը» կտևի մինչև մայիսի 18-ը, այդուհանդերձ, նույնիսկ դրանից հետո փաստահավաքի աշխատանքները շարունակում են կասեցված մնալ: Նշված երեք անձինք, իհարկե, «արձակուրդից» վերադարձել են, բայց միայն ձևականորեն: «Առավոտի» տեղեկություններով` վերջին երկու օրերին աշխատանքի չի ներկայանում հատկապես օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ընդ որում` առանց պատճառաբանությունների. չի ուզում, չի գալիս, հո զոռով չի՞:
Քանի որ նախագահի վերոհիշյալ կարգադրության համաձայն` «Խմբի ղեկավարը կազմակերպում է խմբի աշխատանքը, ստորագրում է խմբի անունից կազմվող և ուղարկվող փաստաթղթերը, ներառյալ գրությունները, հարցումները, հրավերները, ծանուցագրերը և այլն», ուստի` ստացվում է, որ փաստահավաքի մյուս չորս անդամները փաստացի զրկված են գործունեություն ծավալելու որևէ հնարավորությունից:
Հիշեցնենք, որ խմբի երեք անդամները որոշեցին արձակուրդ գնալ այն բանից հետո, երբ մամուլում հրաարակվեց խմբի առաջին զեկույցը` ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգմաանքների վերաբերյալ, որը մեծ հակազդեցություն առաջացրեց «հատուկ քննչականում»: Ասել է թե` ավելի ճշմարտամոտ է այն տարբերակը, որ խմբի մյուս` իշխանական կոալիցիան ներկայացնող երկու անդամների ներկայությունը «փաստահավաքում» ընդամենը ձևականություն է և ալիբի` ապացուցելու, թե իշխանությունները չէ, որ կասեցնում են «փաստահավաքի» գործունեությունը: Ուստի` գլխավոր «սաբոտաժնիկի» անպատվաբեր դերը բաժին է հասել խմբում օմբուդսմենի ներկայացուցչին:
Թե որքան կարող է շարունակվել այս ներկայացումը, դժվար է ասել: Բայց որ մի օր պարոն Ստեփանյանը կամ պիտի գնա աշխատանքի, կամ ինքնաբացարկ հայտնի, ակնհայտ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել