HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապագայի գյուղապետի բարեփոխումներում հայտնվել է նաեւ գյուղի գերեզմանատունը

22_05-barsexyanԱնցյալ տարվա հոկտեմբերի 19-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Արմավիրի մարզի Ապագա գյուղում ոչ միայն գյուղապետն է փոխվել, այլեւ նոր կարգ ու կանոն է մտել գյուղ, ինչը առաջին հայացքից շատ տարօրինակ դրսեւորումներով է արտահայտվում: Գյուղում արդեն բնականոն աղբահանություն է կատարվում, սակայն գյուղապետ Արտաշես Բարսեղյանը Ապագան մաքուր պահելու համար կոշտ քայլեր է ձեռնարկել: «Մեր գյուղում նորմալ աղբահանություն է արվում` 10 օրը մեկ աղբաթափություն ենք անում: Գյուղը մաքուր պահելու համար տուգանքներ ենք սահմանել` չնախատեսված վայրերում մեկ դույլ աղբ թափելու համար գյուղացին կտուգանվի 20 հազար դրամով: Գյուղում եռակցման` մեր լեզվով ասած, սվարկայի աշխատանքներ անելու համար էլ որոշակի կարգ ենք սահմանել: Ես թույլ եմ տվել եռակցման աշխատանքները կատարել առավոտյան ժամը 9.30-ից մինչեւ երեկոյան ժամը 5-ը: Այդ կարգը սահմանվել է նրա համար, որ համայնքի բնակիչները տեղեկացված լինեն, որ ովքեր ունեն արտասահմանյան էլեկտրատեխնիկա` անջատած պահեն, որ չվառվի: Այդ մասին հայտարարությունները բոլոր փողոցներում էլ փակցրել ենք եւ մարդիկ գիտեն: Ժամը 5-ից հետո, թեկուզ ժամը 17.05 րոպեին ով սվարկա անի` կտուգանվի 50 հազար դրամով: Նոյեմբերի 10-ից մինչեւ հիմա 3-4 հոգի արդեն տուգանվել են, աղբաթափության համար էլ մեկ հոգի է տուգանվել, որն իմ մանկության ընկերն է»,-իր նորամուծության մասին «Հետքի» հետ  զրույցում պատմեց Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը: Պարզվում է, Ապագայում հարկերը հավաքագրելու տարբերակ նույնպես գտել են եւ այդ մասին հայտարարությունները փակցրել են գյուղի տարածքով մեկ: «Հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը գյուղացիները հողի, գույքի հարկերը, ինչպես նաեւ ոռոգման ջրի վարձավճարները չվճարելու դեպքում, նրանցից այդ գումարները կգանձենք դատական կարգով: Մեր խնդիրն այն է, որ երկար տարիներ այս սիստեմը օրենքով չի աշխատել եւ պռոբլեմը մենակ առաջին տարում է լինելու, եթե նման մի քանի դեպք արձանագրվի մարդիկ արդեն ճիշտ ժամանակին կվճարեն: Եթե մարդը պատրաստ է վճարելու իր բջջային հեռախոսի գումարը, որ իրա հաճույքների կամ խնդիրների համար խոսի, ուրեմն մարդը պիտի կարողանա ջրի փողն էլ վճարի, որ իրեն ջուր տրվի իր հողը մշակի ու իր հեռախոսի, լույսի եւ այլ ծախսերը հոգա: Ժողովուրդն էլ մեզանից պահանջում է ջուր եւ հնարավորություն, որ աշխատեն ապրեն: Մոտ 400 հեկտար մշակելի հողատարածքներ ունենք, որոնցից մոտ 130 հեկտարը չի մշակվել անցած տարիների ընթացքում` ջուր չլինելու պատճառով: Այս տարի էլ չեն մշակել, քանի որ չեն մտածել, որ համայնքի ղեկավարն այդ կարգի աշխատասիրությամբ կաշխատի ու գյուղի բոլոր անկյունները ջրով կապահովի: Մարդիկ հիասթափված են ու  չեն հավատացել, որ կարող ա նման բան լինի, եւ հույս ունեմ, որ հաջորդ տարի ազատ հող չենք ունենա,-իր մասին գովեստի խոսքեր ասաց գյուղապետն ու հավելեց: - Ես նաեւ մեկ այլ ծրագիր եմ մշակել, եթե եկող տարի մարդիկ կլինեն, որ իրենց հողը չեն մշակի, գյուղապետարանը այդ հողերը ժամանակավոր պայմանագրով կվերցնի իր հովանու տակ, կմշակի եւ այդ մարդկանց փոխարեն էլ հարկ ու տուրքը կտա: Ստացված եկամուտի 50 տոկոսը կգնա համայնքի բյուջե, մնացած 50 տոկոսն էլ կգնա բանվոր ուժի վրա: յուղից պիտի լինեն աշխատողները, որ օրավարձով կաշխատեն ու նաեւ աշխատատեղ կբացվի գյուղի համար: Բացի դա մեր հողերը շուտ են աղակալում, եթե մի քանի տարի չմշակվեն հետագայում այդ հողերը ամբողջովին ոչ պիտանի կլինեն մշակելու համար»: Մեր հարցին, թե այսօր Ապագայի գյուղացին ի՞նչ դժվարություններ ունի, գյուղապետը պատասխանեց. «Այսօր գյուղը հիմնականում խնդիրներ չունի: Իհարկե, խնդիրներ կան, բայց անլուծելի չեն: Ամեն օր մի խնդրին լուծում տալիս ենք` մտածելով մեր ժողովրդի ու ապագայի մասին: Մեր գյուղացիները սասունցիներ են, թասիբով ժողովուրդ են եւ իրանք պատրաստ են իրենց թասիբը պահելու համար: Մեր գյուղացիներն ինձ շատ լավ օգնում են, ցանկացած խնդիր միասին լուծում ենք: Անցած տարիների ընթացքում եղել են ոռոգման ջրի խնդիրներ, այսօր մենք այդ խնդիրն արդեն չունենք, որովհետեւ մեր ժողովուրդը համախմբված իր ջրին տերություն է անում: Մեր գյուղում նորմալ աշխատում է բուժամբուլատորիան, հունիսի 1-ին էլ գյուղում 2 խմբանոց մանկապարտեզ ենք բացելու: Այլ ծրագրեր նույնպես ունենք եւ քիչ-քիչ կիրագործենք»: Վերջերս էլ պարոն Բարսեղյանի մեկ այլ նորամուծությունն էր մեծ աղմուկ հանել, որով համայնքապետը համայնքի բնակիչների հետ միասին արգելել է իրենց գյուղի վարչական տարածքում հուղարկավորել հարեւան Լուսագյուղ գյուղի հանգուցյալներին: Լուսագյուղցիների այդ բողոքը նույնիսկ մամուլում էր տեղ գտել: Նույնիսկ Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանն է այդ խնդրով եղել գյուղում եւ ծանոթանալով իրավիճակին, գտել է, որ իրոք Արտաշես Բարսեղյանի արարքը ճիշտ է: Պարոն Բարսեղյանից հետաքրքրվեցին, թե ինչու՞ է «բարեփոխել»  նաեւ տարիներով շարունակվող սովորությունը, երբ լուսագյուղցիներն իրենց հանգուցյալներին Ապագայում են թաղել: «Լուսագյուղի հետ մենք ոչ մի խնդիր չունենք, բարեկամական սերտ կապեր ունենք: Ճիշտ է, տարիներ շարունակ Լուսագյուղի բնակիչների հողարկավորությունները կատարվել են մեր գյուղում: Ես ընտրվելով համայնքապետ, մեր համայնքի բնակիչների հետ միասին, չենք ուզում, որ մեր համայնքում հողարկավորվեն ուրիշ համայնքի բնակիչները: Ով ընտանեկան գերեզմանատուն ունի, մենք դուշմաններ չենք, թող բերեն իրենց հանգուցյալին այդտեղ թաղեն, բայց նոր գերեզմանատեղ ոչ ես ոչ էլ մեր գյուղացին, չենք ուզում հատկացնել` մտածելով մեր ապագայի մասին, որ 30-40 տարի հետո մեր գյուղացին չկանգնի գերեզմանատեղ չունենալու խնդրի առջեւ: Լուսագյուղ համայնքը 1991 թվականից ունի գերեզմանոցի համար հատկացված, լավ չեմ հիշում 5 թե 8 հեկտար հողատարածք, թե ինչ են արել այդ տարածքը, դա արդեն ոչ իմ խնդիրն է ոչ էլ ապագացու: Օրինակ, ես էսօր ջահել տղա եմ 34 տարեկան, կարողա Աստված ինձ կյանք ա տալիս ու մինչեւ 80 տարեկան ապրում եմ, բա այդ ժամանակ ինձ որտե՞ղ են տանելու թաղեն, էլ տեղ չի մնա: Ոնց կլինի, դու գերեզմանոցի համար տեղ ունենաս, բայց հանգուցյալին տանես թաղես խալխի տարածքի մեջ` կլինի՞ ըտենց բան: Ինչ է ստացվում, որ Լուսագյուղում չեն ուզում գերեզմանատուն ունենան, իսկ Ապագան ավտոմատ կերպով վերածվում է գերեզմանատան: Հիմա սա գյու՞ղ է, թե գերեզմանատուն: Այս տարածաշրջանում բոլորն էլ գերեզմանատուն ունեն, բացի Լուսագյուղից, եւ իմ կարծիքով բոլոր համայնքներն էլ իրենց համար առանձին գերեզմանատուն պիտի ունենան»,-ասաց Արտաշես Բարսեղյանը: Լուսագյուղի գյուղապետից փորձեցինք պարզել, թե ինչ նպատակներով է օգտագործվում իրենց համայնքում գերեզմանատան համար հատկացված հողակտորը: Գյուղապետ Սարիբեկ Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց պարզաբանումներ տալուց, ասելով. «Այդ խնդրի մասին խոսակցություն եղել է, բայց անցել գնացել է, դա քննարկելու խնդիր չի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter