HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրան-Թուրքիա. առայժմ պատերազմում են հատուկ ծառայությունները

Մերձավոր Արևելքում քաղաքական անկայուն իրավիճակն ու Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի և Իրանի փոխհարաբերություններում լարվածության մեծացումն առաջիկայում կարող են տարածաշրջանային պատերազմի հանգեցնել: Այդ են վկայում նաև Սիրիայում, Թուրքիայում և Իրաքում վերջին օրերին տեղ գտած ակտիվ ռազմական գործողությունները:

Սիրիայում ընդդիմադիր զանգվածների բողոքը ճնշելու և ներքին կարգուկանոն հաստատելու համար իշխող ալավիտական վարչախմբը շարունակում է կիրառել երկրի զինուժը (այդ թվում ծանր զրահատեխնիկան)՝ բնակչության շրջանում տասնյակ նոր զոհերի պատճառ դառնալով:

Դրան զուգահեռ շարունակվում է նաև թուրք-սիրիական դիվանագիտական կոշտ պայքարը՝ սկզբնաղբյուր ունենալով Ասադի իշխանությունը տապալելու և Թուրքիային ենթակա կառավարություն ձևավորելու պաշտոնական Անկարայի ցանկությունը:

Միաժամանակ Թուրքիայում վերսկսվել է մի կողմից «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների զինված պայքարը իշխանությունների դեմ, իսկ մյուս կողմից՝ թուրքական բանակի պատժիչ գործողությունները, այդ թվում՝ նաև Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի ճամբարների վրա ավիահարվածներ հասցնելու միջոցով:

Դեռևս թարմ են նաև Իրան-Իրաք սահմանային գոտում իրանաքրդական զինված բախումները, որոնք նոր «տաք» օջախ ստեղծեցին տարածաշրջանում:

Հենց սիրիական ու քրդական այս խնդիրներն էլ պատճառ են դարձել, որ օգոստոսի 18-ին նիստ գումարի Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը: Օրակարգում դրված էր մի ծրագիր, որում ներառված էին սիրիական ընդդիմության հետ երկխոսության, Թուրքիայում սիրիական ընդդիմության հավաքներն օժանդակելու, Սիրիայի նախագահ Ասադի կառավարությանը հեռացնելուն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու, քրդական ահաբեկչության դեմ պայքարելու և այլ խնդիրներ:

Սակայն մեծ է հավանականությունը, որ այդ նիստում քննարկված հարցերի շրջանակը չի սահմանափակվել հրապարակայնացվածով: Կարելի է ենթադրել, որ եթե ոչ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու մարտավարական խնդիրները, ապա նախապատերազմական պատրաստություններն ու հատուկ գործողությունների շուրջ քննարկումներն ու որոշումների կայացումը (այդ թվում քուրդ զինյալների դեմ), նիստի օրակարգի անբաժանելի մասն են կազմել:

Պատերազմի մեծ հավանականության մասին է խոսում նաև այն, որ այս օրերին լրատվամիջոցներում արդեն իսկ տեղ են գտել Թուրքիայում անցկացվող զորակոչի և սիրիական սահմանին թուրքական զինուժի կուտակման մասին լուրերը: Սա ուղղակի հետևանքն է նաև թուրք-սիրիական անհաջող բանակցությունների, որոնց ժամանակ կողմերը չխորշեցին կիրառել նաև պատերազմի հռետորաբանությունը:

Օգոստոսի 10-ին Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ժամանեց Դամասկոս և Սիրիայի նախագահ Ասադին հանձնեց նախագահ Գյուլի «ուղերձը»: «Ես չեմ ցանկանում, որ մի օր հետ նայես ու տեսնես, որ շատ ուշ է»,- գրված էր Գյուլի նամակում, որին հետևեց Ասադի պատասխանը. «Եթե պատերազմ եք ցանկանում, ապա կստանաք այն, ընդ որում՝ ողջ տարածաշրջանում»:

Հարկ է նկատել, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունները, անկախ նրանից՝ կկիրառվի լիբիական սցենարը (ընդդիմության զինված պայքար երկրի ներսում՝ արտաքին ուժերի օդային հարվածների աջակցությամբ), թե այլ, թուրքական բանակին լիարժեք հաղթանակ առայժմ չեն խոստանում:

Եվ խնդիրը բոլորովին էլ թուրքական բանակի՝ մարտական առաջադրանք կատարելու անընդունակությունը կամ սիրիական ռազմուժի՝ համարժեք պատասխան տալու կարողությունը չէ: Խնդիրը նաև այն չէ, որ Թուրքիայի արևմտյան դաշնակիցները պատրաստ չեն պատերազմին, կամ էլ Սիրիայի վստահելի դաշնակից Իրանը մեծ սպառնալիք է Թուրքիայի և Արևմուտքի համար:

«Խաղատախտակին» դրված է շատ մեծ գին, և թե Արևմուտքը, թե Թուրքիան շահագրգիռ են ամեն գնով հասնել Սիրիայի վարչախմբի տապալմանը: Իսկ Իրանն առավել ևս շահագրգիռ կողմ է «սիրիական» պատերազմում, քանզի չեզոքություն պահպանելու դեպքում կկորցնի Մերձավոր Արևելքում ունեցած իր բոլոր դիրքերն ու դաշնակիցներին՝ պաղեստինյան «Համաս»-ին, լիբանանյան «Հզբոլահ»-ին ու հատկապես սիրիական «Բաաս»-ին: Ավելին, կարճ ժամանակ անց ստիպված կլինի միայնակ պայքարել արտաքին ներխուժման դեմ:

Խնդիրն այն է, որ կարևոր մի ռազմաքաղաքական գործոն տարածաշրջանում կարող է կործանել տարածաշրջանային հավասարակշռության փոփոխության կողմնակից ուժերի բոլոր նախագծերը, իսկ Իրանին ու Սիրիային՝ հնարավորություն տալ դուրս գալ միջազգային մեկուսացումից: Ուստի, ներկա պահին Թուրքիան և Իրանը պայքարում են այդ գործոնը չեզոքացնելու կամ նրա հնարավորությունները սեփական շահերին ծառայեցնելու ուղղությամբ:

Խոսքը քրդերի մասին է: Բազմամիլիոնանոց մի ժողովուրդ, որի սփռման տիրույթներն են տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշվող բոլոր չորս պետությունների՝Սիրիայի, Թուրքիայի, Իրանի ու Իրաքի միմյանց սահմանակից տարածքները, և որի առջև սեփական պետություն կառուցելու խնդիր է դրված արդեն մի քանի տասնամյակ:

Օգոստոսի սկզբին թուրքական թերթերում տեղեկատվություն սպրդեց, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը «քրդական հարցով» անձամբ բանակցություններ է սկսել քուրդ առաջնորդ, PKK-ի ղեկավար Աբդուլլահ Օջալանի հետ, որն իր ցմահ ազատազրկումն է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում։

Արդյունքը չուշացավ: Երկու օր անց Քուվեյթի Al-Watan օրաթերթը հաղորդեց, որ Օջալանը, անդրադառնալով Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջև տեղի ունեցող զինված ընդհարումներին, հայտարարել է, որ «Իրանը վտանգավոր խաղ է սկսել, և Թուրքիայի իշխանությունները դա ճիշտ չեն ըմբռնում: Իրանը չի դադարեցրել PJAK-ի դեմ զինված գործողությունները և անգամ Թուրքիային է ճնշում, որովհետև ձգտում է տարածաշրջանում ռազմական գերակայություն ձեռք բերել: Եթե Իրանը փորձի սպառնալ PKK-ին, մենք մեր զինված գործողությունները Թուրքիայում կդադարեցնենք ու կտեղափոխենք դրանք Իրանի տարածք»։

Իսկ օրեր առաջ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բորուջերդին հայտարարեց, որ իրանական հատուկ ծառայությունները Իրաքի սահմանին ձերբակալել են PKK-ի երկրորդ դեմքին՝ Մուրադ Քարայըլանին, ով 1999 թվականին Օջալանի ձերբակալումից հետո դարձել է այդ կուսակցության փաստացի ղեկավարը։

Հիշյալ հայտարարությունից ժամեր անց Քարայըլանը, հայտնվելով քրդական Roj TV-ի հեռուստաեթերում, հերքեց իր ձերբակալության մասին շրջանառվող լուրերը: Դրան հետևեց նաև Բորուջերդինի՝ Քարայըլանի ձերբակալության մասին իր նախորդ հայտարարության հերքումը: Հավանաբար երկրի պետական շահերն էին պահանջում, որ նա, մեղքը բարդելով թուրքական ԶԼՄ-ների վրա (որոնց սխալ տեղեկությանն էր իբրև թե հետևել ինքը), հայտնվի անհարմար իրավիճակում:

Սակայն Քարայըլանի խորհրդավոր բացակայության փաստը վերջին օրերին կրկին տեղ գտավ թուրքական մամուլում: Milliyet օրաթերթը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ նա, խիստ կասկածելի հանգամանքներում, օգոստոսի 15-ին բացակայել է Իրաքի Ղանդիլի շրջանում PKK-ի 27-րդ տարեդարձի տոնախմբությունից:

Նշված փաստերը վկայում են, որ քրդական գործոնը ներկայումս դարձել է Թուրքիայի և Իրանի շահերի գերին: Երկու կողմերի հատուկ ծառայությունները ջանքեր են գործադրում, որ ձեռք բերեն քրդական ամենահզոր կազմակերպություններից մեկի՝ PKK-ի աջակցությունը նոր սիրիական պատերազմում: Եվ հանուն այդ նպատակի՝ չեն խորշում կիրառել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ քուրդ պարագլուխներին ձերբակալելն (հանդիպելն) ու նրանց հետ բանակցություններ վարելը:

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիայի և Իրանի հատուկ ծառայությունները ներկայումս բանակցությունների մեջ են նաև տարածաշրջանում ներկայանալի մյուս քրդական կուսակցությունների հետ: Թուրքական և իրանական զինուժերի վերջին ռազմական գործողությունները կարող են բացատրվել հենց այս լույսի ներքո:

Այն է՝քրդական ուժերին հարկադրել նստել իրենց հետ բանակցությունների սեղանի շուրջ կամ ցուցադրված սպառնալիքի ուժով թույլ չտալ նրանց անցնել հակառակ ճամբար և կամ ստիպել հետ վերցնել մյուս կողմին տրված աջակցության համաձայնությունն ու պահպանել չեզոքություն:

Վերջին օրերին թուրքական բանակի պատժիչ գործողությունները, երբ ճանապարհներին PKK-ի զինյալների տեղադրած ականների պայթյունից մեկ տասնյակից ավելի թուրք զինծառայողների սպանությանն ի պատասխան՝ թուրքական բանակը սկսեց ռազմական օպերացիաներ իրականացնել իր երկրի տարածքում, ինչպես նաև ռմբահարել Իրաքում գտնվող Ինքնավար Քրդստանի տարածքը, վկայում են, որ PKK-ի, ինչպես նաև քրդական ռազմաքաղաքական այլ ուժերի նախապատվությունը ներկայումս Իրանի կողմն է:

Կարելի է ենթադրել, որ եթե առաջիկայում թուրքական ռազմուժի հետապնդած նպատակները իրագործվեն, ապա դրանք կդառնան «սիրիական» պատերազմի նախակարապետը՝ բոլորովին ապակայունացնելով ողջ տարածաշրջանը:

Սարո Սարոյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանություններ (1)

Armen
Շատ պիտի ուզէի իմանալ Թուրքիայի յաջորդ քայլը եւ քաղաքական կեղծաւոր խայծը մեր թեթեւսոլիկ ղեկավարներուն նետուած։ Ամէն պարագայի, մենք աւելի պէտք է մօտենանք Իրանին, միշտ շեշտելով Ատրպէյճանական կայուն վտանգը երկու երկիրներուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter