HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Խորվաթիայի հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի համատեղ հայտարարությունը

22_05-sargsyan-mesichՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2009թ. մայիսի 21-ից մինչև մայիսի 23-ը Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում պետությունների ղեկավարները քննարկեցին հայ-խորվաթական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:   Կողմերը կարևորեցին Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական և տնտեսական բնագավառներում: Նախագահներն ընդգծեցին Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության  միջև իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման անհրաժեշտությունը: Կողմերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրերը: Պատրաստակամություն հայտնվեց նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, գործարարների միջև կապերի հաստատմանը, փոխադարձ այցելությունների և գործարար համաժողովների կազմակերպմանը: Կարևորվեց փորձի փոխանակումը զբոսաշրջության ոլորտում: Նախագահները համոզմունք հայտնեցին, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման, և բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը: Կողմերն ընդգծեցին Եվրոպայում վերջին փակ սահմանների վերացման հրամայականը և պետությունների միջև առանց նախապայմանների բնականոն հարաբերությունների հաստատման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին դիտարկելու Եվրոպական Միության նախաձեռնությունների, այդ թվում Եվրոպական հարևանության քաղաքականության, ինչպես նաև այլ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության հնարավորությունը: Կարևորվեց Եվրոպայում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Գոհունակություն հայտնելով կայացած կառուցողական բանակցությունների և ձեռք բերված արդյունքների կապակցությամբ` նախագահներն առաջիկայում գործնական քայլեր կձեռնարկեն` պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter