HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Նռանյան. «Դանակն արդեն ոսկորին է հասել»

03_03-a_nranyanՇուրջ մեկ ամիս քննարկվող «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի շուրջ ծագած բուռն վեճին այսօր անդրադարձավ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Փաթեթը, ըստ նրա, յուրահատուկ է նրանով, որ ԱԺ-ում չի գտնվել գոնե մեկ «կողմ» քվեարկող պատգամավոր: Ա. Նռանյանի հավաստմամբ` փաթեթն ունի նաև դրական կողմեր, մասնավորապես` «Ավելացված արժեքի մասին» օրենքում, ինչպես նաև «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերը, որոնք բավականին կթեթևացնեն տնտեսվարողների գործունեությունը, սակայն դրական կողմերին այնքան էլ ուշադրություն չդարձվեց, քանի որ փաթեթն ինքնին օրենքի խախտում է: «Կառավարությունը հերթական անգամ օրենք է խախտում` ներկայացնելով մի քանի` միմյանց հետ առնչություն չունեցող օրենքներով փաթեթ: Փաթեթում ներկայացված օրենքների ընդունումը պետք է պայմանավորված լինի մեկը մյուսով, սակայն վերոնշյալ փաթեթում ներկայացված օրինագծերը պայմանավորված չեն միմյանցով: Շահութահարկի մասին օրենքը կարող է քվեարկվել առանձին, քանի որ որևէ առնչություն չունի «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետ».- ասաց պատգամավորը: Արա Նռանյանի խոսքով` ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը վերոնշյալ փաթեթի շուրջ մի քանի քննարկումներ է անցկացրել, նույնիսկ մեկ խորհրդարանական լսում է եղել, խորհրդակցություն է տեղի ունեցել նաեւ խմբակցությունների ղեկավարության մասնակցությամբ, բայց անարդյունք: Ա. Նռանյանի վստահեցմամբ` բոլոր առաջարկությունները հավաքվել և ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացվել են կառավարությանը, սակայն Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը մերժել է բոլոր առաջարկությունները, ինչն էլ հարուցել է բոլոր պատգամավորների զայրույթը: Մերժվել է նաև հարկային տեսուչների թվի վերաբերյալ առաջարկը. «Առաջարկում ենք հստակեցնել հարկային տեսուչների քանակը, բայց մեզ պատասխանում են, որ սահմանափակում դնելը սխալ է, քանի որ տվյալ ընկերությունը կարող է ունենալ մի քանի ստորաբաժանումներ: Բայց չէ որ պետական բյուջեի համար ավելորդ բեռ է, այսինքն` ստացվում է, որ հնարավորություն ենք տալիս հարկային մուտքեր հավաքագրել պետական բյուջե ու դրանից աշխատավարձեր հատկացնել, չնայած որ հարկային տեսուչները միայն աշխատավարձով չեն սահմանափակվում»: Կառավարության ներկայացուցիչների խոսքերով` այս փաթեթի նպատակը ստվերային բիզնեսի դեմ պայքարելն է: Ա. Նռանյանը համաձայն չէ. «Մենք ասում ենք` եթե ձեր նպատակը ստվերի դեմ պայքարելն է կամ ստվերային ապրանքաշրջանառությունը հաշվառելը, ապա առաջարկում ենք մի պարզ մոտեցում. կիրառել մերձբալթյան երկրներում վաղուց գործածական հարկային պահակակետի ինստիտուտը, այսինքն` տնտեսվարողի դարպասների մոտ կլինի հարկային տեսուչ, որը կհաշվառի ներկրվող ապրանքները և կհաշվի` արդյոք ստվերային են աշխատում, թե` ոչ: Բայց Կառավարությունում մեզ պատասխանում են, որ դա բավականին բարդ է և աշխատատար, իհարկե, եթե ուզում եք իրապես պայքարել ստվերային բիզնեսի դեմ, ուրեմն պետք է աշխատել»: Ա. Նռանյանի խոսքերով` կառավարությունն ուզում է տնտեսվարողի ամբողջ տարածքում վերահսկողություն սահմանել անգամ ծրագրային համակարգերում, բայց ստվերային գործունեություն բացահայտելու համար հաշվապահական փաստաթղթերը միանգամայն բավարար են: Սա, ըստ Ա. Նռանյանի, նշանակում է, որ հարկային մարմիններն ուզում են իրենց վերապահել նաև աշխատանքային տեսչության գործառույթները, որոնք առնչություն չունեն ստվերային գործունեության բացահայտման հետ: Եվ քանի որ շատ պատգամավորներ նաև ունեն սեփական բիզնես և հասկանում են, որ վերոնշյալ փաթեթի ընդունումից հետո իրենց ընկերություններում նոր, յուրօրինակ տնօրեն է նշանակվելու, դեմ են: ՀՅԴ ներկայացուցիչն ասում է, որ չնայած այն բանին, որ գործարար պատգամավորներն այնքան էլ ազատ չեն պետական լծակներից և մտավախություն ունեն իրենց բիզնեսի համար, սակայն դանակն արդեն հասել է ոսկորին և բացահայտ դեմ են քվեարկում` հասկանալով, որ այս փաթեթն իրենց բիզնեսի վերջն է նշանակում: Արա Նռանյանի կարծիքով` մտահոգիչ է նաև այն, որ այս փաթեթը վերաբերում է միաժամանակ փոքր բիզնեսին, քանի որ փաթեթում նշված է, որ 500 աշխատատեղ կամ 4 մլրդ եկամուտ ունեցող ընկերությունը մտնելու է հարկային դաշտ, իսկ դա նշանակում է, որ ոչ մի 450 հոգանոց ընկերություն իր աշխատատեղերը չի հասցնի 500-ի, ինչը որոշակի խնդիրներ կառաջացանի տնտեսական աճի առումով: Վերջինիս համոզմամբ` կառավարությունը կոմպրոմատ է հավաքում գործարարների դեմ, որպեսզի բոլոր մենաշնորհային գործարարներին կենտրոնացնի մեկ ուղղությամբ, հավաքի մեկ տանիքի տակ: Անի Հարոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter