Արտոնություններ` շրջաններ ուղեգրվող մասնագետներին
ԼՂՀ կառավարության երեկվա նիստում հաստատվել է այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կարգը, որի համաձայն ՀՀ-ից կամ այլ պետությունից ԼՂՀ տեղափոխվելու դեպքում նախատեսվում է ցուցաբերել 100 հազար դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն, իսկ Ստեփանակերտ քաղաքից ԼՂՀ շրջկենտրոններ կամ այլ բնակավայրեր, ինչպես նաեւ մի շրջկենտրոնից մի այլ շրջկենտրոն կամ ուրիշ բնակավայր տեղափոխվելու դեպքում կտրամադրվի 30 հազար դրամ օժանդակություն: Խոսքը իր բնակության վայրից 30 կմ-ից ավելի հեռավորությամբ այլ բնակավայր ուղեգրվող բժշկի մասին է:
Այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին յուրաքանչյուր ամիս կտրվի ֆինանսական աջակցություն` տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի 30-50 տոկոսի չափով, իսկ 50 տոկոսից ավելի չափով ֆինանսական ամենամսյա աջակցություն կարող է տրվել միայն վարչապետի որոշմամբ: Նախատեսվում է նաեւ աջակցություն` բնակելի տարածության վարձակալության համար:
Նիստում վարչապետը կարեւորելով խնդրի լուծումը շեշտել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն հանրապետության բնակավայրերը համապատասխան մասնագետներով ապահովելու ուղղությամբ, որի արդյունքում «այդ մասնագետները պետք է իրենց վաստակով եւ կենցաղային պայմաններով տարբերվեն մյուս աշխատողներից»:
Վերոնշյալ մասնագետների կարիքն առավել նկատելի է նաեւ Քաշաթաղի շրջանում: Այստեղ մի շարք գյուղերում ոչ միայն չկան բուժկետեր, այլ նաեւ չկան ոչ բուժքույրեր, եւ ոչ էլ բժիշկներ, որոնց բացակայության պատճառով շատ անգամ հիվանդին` անկախ նրա վիճակից, նույնիսկ առաջին բուժօգնության կարիք ունեցողներին, ստիպված են լինում տեղափոխել մոտակա գյուղ կամ քաղաք:
Տեղեկացնենք, որ հանրապետության բնակավայրերը կարիք ունեն ոչ միայն բժիշկների, այլ նաեւ մանկավարժների: Մեր տվյալներով, կրթության եւ գիտության նախարարությունում էլ են ծրագիր մշակում` հանրապետության գյուղական բնակավայրերի դպրոցները մասնագետներով ապահովելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել