Ընտրություններից 10 օր առաջ
Այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցավ քննարկում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների թեկնածու յոթ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման թեման էր «Ընտրություններից 10 օր առաջ. արդյունքներ, գնահատականներ, կանխատեսումներ»:
Ներկայացնում ենք քաղաքական գործիչների արտահայտած տեսակետները` քննարկմանը հնչած հերթականությամբ:
ՀԱԿ. Իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառում
Ըստ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի` քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարում հավասար պայմաններ ապահովված չեն` դահլիճներից օգտվելու և հեռուստատեսությամբ լուսաբանվելու առումներով, և իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառում:
«Կա 100%-անոց ցուցակներ հասկացությունը: Այդ ցուցակները հայտնվել են և դպրոցներում, և հիվանդանոցներում, և նույնիսկ տոնավաճառներում, մասնավոր ձեռնարկություններում: Մարդկանցից վերցնում են ցուցակներ, լրացնում: Եվ այդ 100%-անոց ցուցակներում հայտնվում են նույնիսկ մեր համակիրները տարբեր պատճառներով. մեկի բարեկամն է խնդրում, մեկի ընկերն է խնդրում: Սրա նպատակը նա չէ, որ ընտրությունները մաքուր լինեն»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքերով, վարչական ռեսուրսի կիրառման օրինակ է նաև քաղաքային բյուջեի միջոցներն օգտագործելը, սակայն այժմ հավանաբար բյուջեն սպառվել է, և անձնական գումարներ պետք է ծախսել: Ըստ Վահագն Խաչատրյանի` սրա ապացույցն է այն, որ բակերը լուսավորելու համար սյուներ են կանգնեցվել, բայց բակերն այդպես էլ չեն լուսավորվել:
«Մեր բոլոր հարցումներով, ՀԱԿ-ը ունի բացարձակ առավելություն: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, երրորդ տեղում` նոր Հանրապետականը, հետո Դաշնակցություն, հետո` Օրինաց երկիր»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը` հավելելով, որ մարդկանց կողմնորոշումները հստակեցվել են, և ՀԱԿ-ը օրենքի շրջանակներում պայքարելու է իր ձայների համար:
ԲՀԿ. Քաղաքապետը պետք է լինի Գրիգոր Հասրաթյանի նման
Ըստ ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի` Երևանում որոշվելու է ողջ հանրապետության ապագան, քանի որ մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության 34%-ը, կենտրոնացած են արդյունաբերության 48,5%-ը, շինարարության 87%-ը, առևտրի ծառայությունների ավելի քան 90%-ը:
«Մթնոլորտի փոփոխության անհրաժեշտության կա: Խնդիրը հավատի հարցն է: Ընտրված քաղաքապետը և ավագանին պետք է ի լուր ամբողջ մայրաքաղաքի և հանրապետության բնակչության հայտարարեն, թե աշխատանքային ինչ սկզբունքներ են որդեգրելու»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Նա իր խոսքում, մասնավորապես, առանձնացրեց երեք խնդիր: Առաջին. քաղաքի կենսաապահովման ոլորտները պետք է կառավարեն արհեստավարժ ղեկավարներ, և Երևանի ապագա քաղաքապետը պետք է իրավասու լինի պահանջել, օրինակ «Երևանջուր» ընկերության տիպի ընկերություններից տեղեկատվություն ներկայացնել իրենց ներդրումային պարտավորությունների կատարման ժամանակացույցի և կարգի մասին:
«Ես հիշում եմ, որ 2004 թ. քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ, երբ ստեղծվել էր նոր Ջրային տնտեսության պետական կոմիտեն, հայտարարվեց, որ Երևանի վերջին շենքը շուրջօրյա ջրամատակարարում է ունելալու 2004 թ. օգոստոսի 31-ին: Բայց պարզ է, որ մինչև հիմա դա չկա: Մեր ծրագրում մենք հստակ նշում ենք, որ այն պայմանագրերը, որոնք կնքված են և ջրի համակարգի կառավարման, և էներգամատակարարման, և գազամատակարարման ընկերությունների հետ, պետք է իսկապես իրավական հետևանքներ ունենան, և սպառողների շահերը պաշտպանեն»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:
Որպես երկրորդ խնդիր` նա առանձնացրեց բնակֆոնդի կառավարման հարցը` ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը պետք է ոչ թե կառավարի անշարժ գույքը, այլ ապահովի այդ անշարժ գույքի մեջ տեղավորված ողջ համակարգի կենսագործունեությունը:
Երրորդը, ըստ ԲՀԿ-ի` բնապահպանական խնդիրն է. մեկ բնակչի հաշվով եղած 4,5-5 քառ. մ կանաչ տարածքները բավարար չեն, և պետք է լինեն 20 քառ մ-ից ավելի:
Ըստ Միքայել Մելքումյանի` ժողովրդական քաղաքապետի օրինակ է Գրիգոր Հասրաթյանը, ով աշխատանքի էր գնում առավոտյան 5:30, ընդ որում ոչ թե իր աշխատասենյակ` հրամաններ տալու, այլ` շինհրապարակ: «Երևանի քաղաքապետը պետք է այդպիսի հասանելի մարդ լինի»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:
ՀՅԴ. Մարդիկ մեզանից հարցնում են. «Ի՞նչ եք բերել մեզ համար»
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը քննարկման ժամանակ ասաց, որ երբ իրենք գնում են բակեր` քարոզարշավի, հատկապես տարեց մարդիկ մոտենում և հարցնում են. «Ի՞նչ եք բերել մեզ համար»:
«Այո, մեր ժողովրդի մեջ կա մի խավ, որի համար արդեն նորմ է դարձել կաշառվելը: Մեզ համար միշտ էլ քննադատելի և անվերապահ անընդունելի է, երբ մեր ժողովրդին փորձում են կաշառել; Այս հանգամանքը ուղղակի մեր ժողովրդին բարոյալքում է, մի բան, որն անելու մասին մենք չենք էլ մտածում»,- ասաց Ռուզան Առաքելյանը:
Նա համաձայնեց, որ իշխանությունն իր լծակները օգտագործում է: Ըստ ՀՅԴ ներկայացուցչի` միշտ էլ այդպես է եղել, և ընտրությունները Հայաստանում չեն կայացել, քանի որ լծակներ օգտագործելը օրինաչափ է համարվել թե ժողովրդի, և թե իշխանության կողմից:
Ռուզան Առաքելյանի խոսքերով, քարոզարշավին մասնակցող ուժերը գրեթե չեն խոսում գաղափարական ծրագրերից: Պատգամավորը մասնակցել է մի քանի հանդիպման, և իշխանությունից լսել է միայն շռայլ խոստումներ, իսկ ընդդիմությունից` միայն քննադատության իշխանության հասցեին: «Մենք` որպես ընդդիմություն, մերժում ենք իմ ասած այս երկու ձևն էլ»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Ներկայացնելով կուսակցության ծրագիրը` Ռուզան Առաքելյանը նշեց, որ այն մանրամասնորեն անդրադառնում է բոլոր ոլորտներին, և մասնավորապես մատնանշեց Երևանի` գերծանրաբեռնվածության խնդիրը:
«Երևանը մեծացել և մարդաշատ է դարձել ոչ թե դրսից մեր սփյուռքահայ հայրենակիցների, այլ մեր գյուղերից, մարզերից ներգաղթի պատճառով: Եթե հաջողություն ունենանք, և իշխանության այդ լծակը մեր ձեռքում լինի, մենք ամեն ինչ անելու ենք Երևանի բեռնաթափման համար»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
ՕԵԿ. արտասահմանցիները զարմացած են, որ կիրակի օրը Մատենադարանը փակ է
«Մենք մեր սկզբունքները պահպանելու ենք նաև այս ընտրությունների ժամանակ: Տարբեր հանդիպումներից համոզվում ենք, որ մենք ունենք լուրջ ընտրազանգված և անշուշտ, համակիրներ»,- ասաց ՕԵԿ ներկայացուցիչ Ջուլյա Թադևոսյանը:
Նա նշեց, որ Երևանում կենտրոնացած է մեր գիտական և արդյունաբերական ներուժի զգալի մասը, ինչը նշանակում է, որ Երևանը կարող է վերածվել տեխնոպարկի կամ գիտական կենտրոնի:
Ջուլյա Թադևոսյանը կարևորեց մշակութային օջախների հարցը: Նա ասաց, որ մեկ շաբաթ առաջ իրենք հանդիպել են արտասահմանցի գործընկերների հետ, որոնք զարմացած էին նրանից, որ կիրակի օրը Մատենադարանը փակ է:
«Սա խոսում է Երևան քաղաքի մշակութային ոլորտի կառավարման մեջ տեղ գտած թերությունների մասին: Նաև գաղտնիք չէ մեր բազմաբնակարան շենքերի անմխիթար վիճակը` սկսած մուտքից, վերջացրած տանիքով»,-ասաց Ջուլյա Թադևոսյանը` հավելելով, որ անմխիթար է նաև ծայրամասերում գտնվող մանկապարտեզների վիճակը:
«Մեր ծրագրում բազմաթիվ իրատեսական հարցադրումներ ունենք, որոնք առնչվում են և քաղաքաշինությանը, և բնակարանաշինությանը, և տնտեսությանը, և գիտությանը, և մշակույթին, և կրթությանը: Դրանք, իրոք, գործող ծրագրեր են»,- ասաց ՕԵԿ ներկայացուցիչը:
ԺԿ. ընտրողների 90 %-ը գաղափար չունի գաղափարական մասից
Քննարկման մյուս մասնակիցը` ԺԿ ներկայացուցիչ Հրաչ Վարդապետյանն ասաց, որ երբ ընտրողին հարցնում ես, թե քո նախընտրած կուսակցության գաղափարական ո՞ր դրույթն ես հավանում, պարզվում է, որ 90%-ը գաղափար չունի իր նախընտրած ուժի գաղափարական մասից:
Բացի գաղափարական դրույթներից` ըստ Հրաչ Վարդապետյանի` ընտրողը նաև պետք է ուշադրություն դարձնի, թե որքանով են նոր թեկնածու կուսակցությունները:
«Այստեղ ներկա ուժերի գերակշիռ մեծամասնությունը արդեն տասնյակ տարիներ գտնվում է իշխանության գլխին բոլոր դիրքերում և հնարավորություն ունեցել է այս տարիների ընթացքում ցուցադրել իր ընդունակությունները և քաղաքական դաշտի ստեղծման, և քաղաքի զարգացման, և միջազգային ասպարեզներում: Այսօր ծայրահեղ ընդդիմադիր դաշտը ներկայացնող քաղաքական ուժերը ընդամենը 10 տարի առաջ իշխող ուժերի կազմում էին: Նրանց մեջ` Կոնգրեսում, ներկայացված են քաղաքական ուժեր, որոնք ոչ հեռավոր անցյալում իշխանության մեջ էին»,- ասաց ԺԿ ներկայացուցիչը:
Ըստ նրա` Ժողովրդական կուսակցության առավելությունն այն է, որ իրենք «բան չեն արել», հետևաբար և չեն սխալվել:
Բանախոսը նաև նշեց, որ ժողովրդավարական ընտրություններին բնորոշ կարևորագույն կետերից մեկը ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն է, մի բան, որն ինքը չի տեսնում այս ընտրարշավում:
ՀԱՍԿ. նորմալ չէ, երբ ասում են, որ մրցում են լևոնականներն ու սերժականները
«Ես բախտ եմ ունեցել աշխատելու Գրիգոր Հասրաթյանի ենթակայության տակ, նրա հետ միասին, երբ նա Հուշարձանների պահպանության վարչության նախագահն էր: Եթե այսպեղ շկոլայի խնդիր է դրվում, ես այդ շկոլան արդեն անցել եմ»,- ասաց ՀԱՍԿ ներկայացուցիչ Մովսես Շահվերդյանը` արձագանքելով ԲՀԿ-ի ներկայացուցչի դրտարկմանը Հասրաթյանի մասին:
Ըստ նրա` ընտրություններին իրենց մասնակցության նպատակն այն է, որ «Հայաստանում ձևավորվի նորմալ գաղափարական քաղաքական դաշտ»:
Մովսես Շահվերդյանն ասաց, որ իշխանության լծակներին տիրապետող քաղաքական ուժերն են մեղավոր նրանում, որ 20 տարի է, քաղաքական դաշտը չի կայանում, ժողովուրդը չի հավատում ընտրություններին և վաճառում է իր ձայնը:
«Ընտրությունների որակի համար պատասխանատվություն կրում է Հայաստանի ԱԺ-ը: Եվ եթե այս անգամ էլ ընտրություններն անորակ եղան, ուրեմն պետք է անհապաղ դնել այդ ԱԺ-ն ցրելու հարցը»,- ասաց ՀԱՍԿ ներկայացուցիչը:
Նա նշեց, որ մայիսի 31-ի ընտրությունների արդյունքում երկու էական փոփոխություն է տեղի ունենալու: Նախ, ձևավորվելու է նոր քաղաքապետարան: «Մենք ավագանու մեր ցուցակում ընդգրկել ենք տարբեր ոլորտների լավագույն մասնագետների, որոնք եթե լինեն քաղաքապետարանում, իրենց մասնագիտական հմտություններով կօգնեն լավագույն որոշումների կայացմանը»,- ասաց ՀԱՍԿ ներկայացուցիչը:
Եվ երկրորդը. ըստ նրա, Երևանում առաջին անգամ ձևավորվում է մեկ միասնական համայնք, «որը սոցիալիզմի սաղմն է»:
Մովսես Շահվերդյանը նաև ընդգծեց, որ մեր ժողովրդին պատիվ չի բերում, երբ ասում են, թե «մրցում են լևոնականները և սերժականները»: «Սա նորմալ երևույթ չէ: Պետք է մրցեն նրանց գաղափարակից ընկերները և ոչ նրանց ընկերները, հարևանները, բարեկամները»,- ասաց ՀԱՍԿ ներկայացուցիչը:
ՀՀԿ. Կառաջարկեի բոլոր կուսակցություններին ունենալ մեկ ընդհանուր կարգախոս
«Ես ուզում եմ բոլորին շնորհավորել, որովհետև դպրոցականների վերջին զանգն է: Երևանի մասին քննարկումներ ենք անում, բայց վերջիվերջո այդ սերունդն է, որ ամբողջովին իրականացնելու է նոր համակարգով ձևավորված բոլոր հնարավորությունները»,- իր խոսքը սկսեց քննարկման վերջին մասնակիցը` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը:
«Ընտրությունների գնալիս մեր ազգաբնակչությունը իր քվեն տալիս պետք է նաև շատ կարևորի, թե որ կուսակցությունը ինչպիսի ծրագրով է հանդես գալիս, ինչպիսի խոստումներ է տալիս, և ընդհանրապետես, այս քարոզարշավի ընթացքում խոսում էր Երևանի՞, թե՞ ընդհանարապես տարբեր բաների մասին»,- ասաց Արայիկ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրենց թիմում ներկայացված են լավ մտավորականներ և մարդիկ, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններում տարիներ շարունակ աշխատելու փորձ ունեն:
«Վերջին ընտրությունների ժամանակ և ներկայումս գործող թաղապետերի ավագանու կազմի գերակշիռ մասը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը: Կարծում եմ` սա խոսուն փաստ է, և եթե մեր ազգաբնակչությունը վստահության քվեն այս ընտրություններում նույնպես տա մեզ, կարծում եմ` շատ սահուն անցում կլինի»,-նշեց ՀՀԿ ներկայացուցիչը:
Արայիկ Հովհաննիսյանն առաջարկեց, որ բոլոր կուսակցություններն ունենան մեկ ընդհանուր կարգախոս` «Հանուն Երևանի և հանուն երևանցու»:
«Ես կցանկանայի, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, մենք բոլորս միասին հունիսի 1-ը նշենք` որպես երեխաների պաշտպանության միջազգային օր»,- իր խոսքը եզրափակեց ՀՀԿ խմբակցության անդամը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել