
Երեկ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորել է չտրվել լրատվամիջոցների սադրանքներին և չմիացնել Լեռնային Ղարաբաղին և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը, ապա հայտարարել է, թե ինքը պահպանել է լավատեսությունը:
«ՉԻ» - Բանից պարզվում է` Ղարաբաղի հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները իրար կապելը լրատվամիջոցների սադրանքն է և ուրիշ ոչինչ: Երևի Ռեջեփ Թայիբ էրդողանը ոչ թե Թուրքիայի վարչապետն է, այլ թուրքական «դեղին մամուլի» աշխատակից, որն օրումեջ սադրում է, թե «մինչև Ղարաբաղի օկուպացիային վերջ չտրվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի»: Կամ էլ` նա այդպիսի բան չի հայտարարում, լրատվամիջոցներն են հորինում:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի լավատեսությանը, ապա դրանից առանձնապես վնաս չկա. ինչքան ուզում է` թող լավատես լինի: Այլ հարց է, որ օգուտ էլ չկա, բայց համաձայնվեք, եթե Սերժ Սարգսյանը զբաղվում է մի բանով, որը Հայաստանին վնաս չի տալու, դա արդեն մեծ հաջողություն է: Եթե, իհարկե, լավատեսությունն այնքան հեռու չգնա, որ առանց երկար-բարակ մտածեու որևէ փաստաթուղթ ստորագրի:
Անազնվության կանխավարկած
«Եթե գործարարն ազնիվ է, անհանգստանալու բան չպետք է ունենա»,- անդրադառնալով կառավարության ներկայացրած «հարկային փաթեթին»` հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«ՉԻ» - «Եթե գործարարը ազնիվ է» արահայտությունն այս դեպքում խիստ տարօրինակ է, որովհետև ենթադրվում է, որ անազնիվ գործարարաներին բացահայտելու եղանակները վաղուց հայտնի են: Ընդ որում` կառավարությունն ինքն է խոստովանում, որ հարկային մարմիններում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, հետևաբար` դեռ հարց է, թե ով է ավելի անազնիվ:
Ինչ վերաբերում է «չանհանգստանալուն», ապա Հովիկ Աբրահամյանի այս միտքն ընդհանրապես որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Նույն հաջողությամբ նա կարող էր հայտարարել, օրինակ, «եթե ամուսինները հավատարիմ են իրար, չպետք է անհանգստանան, եթե նրանց հետ անկողնում անծանոթ մարդ հայտնվի»:
Վերջին հաշվով, բոլորն էլ հասկանում են, որ «հարկային նոր փաթեթը» գործարարների ազնվության հետ որևէ կապ չունի. պարզապես իշխանությունները ձգտում են տոտալ վերահսկողություն իրականացնել բիզնեսի նկատմամբ: Իսկ թե ինչ է ստացվում, երբ պետությունը միջամտում է մասնավոր բիզնեսին, կարծում ենք` բացատրել չարժե:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել