
Երեկ կենտրոնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթը սկսեց կես-կատակ, կես լուրջ` այս օրերին ԱԺ-ում ծավալված, իր ձևակերպմամբ, անեկդոտիկ քննարկումներից, որոնք վերաբերում էին խոշոր ձեռնարկություններում հարկային ծառայությունից մշտական տեսուչ նշանակելուն. «Մի հզոր ընդվզում է սկսվել խորհրդարանում: Պատմության վերջին 10 տարվա ընթացքում այսպիսի աղմուկ-աղաղակ չի եղել: Բայց ի՞նչ է տեղի ունեցածը. մի հերթական խեղկատակություն: Կառավարությունը, որևէ միջոց չունենալով հաղթահարել տնտեսական ճգնաժամը, կարծում է, որ դա կարող է անել հարկային վարչարարությունը խստացնելով, և սկսել է խոշոր ձեռնարկատերերից: Հիմա ԱԺ-ում մի թատրոն են խաղում: Մեր ձեռնարկատերերն էլ, չգիտեմ` հումորի զգացում կամ հասկացողություն չունեն, բայց կարծում եմ` չեն գիտակցում, թե դա ինչ գանձ է իրենց համար: Քանի որ հարկային ծառայության կողմից նշանակված տեսուչին հաջորդ օրը ցանկացած օլիգարխ ոտով-գլխով կգնի, ու այդ տեսուչը ոչ թե կլինի հարկային ծառայության հսկիչն այդ ձեռնարկությունում, այլ` այդ ձեռնարկության «մարդը» հարկային ծառայությունում: Այս բացատրությունից հետո ես վստահ եմ, որ վաղը բոլորը միաձայն կքվեարկեն այդ օրենքի օգտին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել