HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հացը արդեն նաև բարոյական կատեգորիա չէ

hj15Իսկապես, լրջորեն պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, և մենք` բոլորս ինչպես պետք է արձագանքենք կատարվողին` սեփական դեմքը պահպանելու ու ունեցած էս կիսատ-պռատ երկիրը չկորցնելու համար: Մի Աբրամ Բախչագուլյան Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից խոսելով Ավանում ծեծի ենթարկված կանանց մասին, հայտրարում է, թե նրանք կին չեն: Քիչ չի` այդ կականց ծեծի են ենթարկել, հիմա էլ նրանց վիրավորում են ուղիղ եթերում, ու սրանից հետո երկրում ոչ մի բան տեղի չի ունենում: Բախչագուլյանի հետ ոչինչ տեղի չի ունենում. նրան պաշտոնանկ չեն անում, դիտողություն չեն հայտարարում, ներողություն չեն խնդրում: Ու սկսում ես մտածել, որ այս երկրում իսկականից տղամարդ չկա, որովհետև ոչ կնոջն այսպես վիրավորողը կարող է տղամարդ համարվել, ոչ էլ` այդ փաստը չնկատելու տված կամ անհետևանք թողած մեզանից մեկը, անկախ նրանից, թե որտեղ է, որ քաղաքական ճամբարում: Կանաց ծեծի ենթարկողների հարցը պարզ է, վաղուց է պարզ: Հանրության մյուս հատվածի տարբեր անկյուններում ծվարած արական սեռի մյուս ներկայացուցիչների` մեր բոլորի հարցն է առկախ մնում: Որովհետև դեռ չես հասցնում մարսել Բախչագուլյանի հայտարարությունը, լուր է ստացվում Արտաշատից: Գազի Հովո անունով հայտնի Հովհաննես Ղազարյանի կնոջը` Փառանձեմ Ղազարյանին, տանում են ոստիկանության բաժին, այնտեղ պատանդ են պահում, որ ամուսինը և որդին ներկայանան ոստիկանություն: Հայ ընտանիքի կնոջը հայոց ոստիկանությունը պատանդ է վերցնում: Հայ կնոջը տնից հանում են, տանում ոստիկանության բաժին` ամուսնու ունեցած ռազբորկայի պատճառով: Գազի Հովոն ընդդիմադիր չէ. նա իշխանամետ է ու հաստատ` հանուն Սերժ Սարգսյանի արված ընտրակեղծիքներին մասնակցություն ունեցած անձ: Գազի Հովոն, ժամանակակից իշխանական չափանիշով ասած, կարգին տղա է: Արտաշատի ոստիկանության , դատախազության ղեկավար կազմի մեծ մասը հաստատ Գազի Հովոյի տանը հաց կերած կլինի: Տիկին Փառանձեմը նրանցից շատերի առաջ հաց է դրել, համոզված եմ` հաց է դրել նաև ոստիկանության գործող պետ Ալիկ Սարգսյանի առաջ, որն ընդամենը մեկ տարի առաջ Արտաշատի մարզպետն էր: Չի կարող «ՀայՌուսգազարտի» ղեկավար Գազի Հովոն իշխանական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ սեղան նստած չլինել առնվազն մարզային այցելությունների ժամանակ: Պրոբլեմն այն է, որ տնտեսությունը թիվ ու չափանիշ ունի, վիճակագրություն, և կարող ես գոնե մոտավորապես հաշվել, թե անկումը քանի տոկոս եղավ: Բարոյական անկումը չունի վիճակագրություն: Եվ մենք` իշխանամետ, թե ընդդիմադիր, գահավիժում ենք, ու գահավիժել սկսել ենք այն պահից, երբ ի դեմս Պողոս Պողոսյանի, Լևոն Գուլյանի, Տիգրան Խաչատրյանի` մեր սեփական եղբորը և զավակին չենք տեսել: Մենք գահավիժում ենք նաև այս պահին, որովհետև ամեն մեկս մեր տեղը վեր ենք ընկել` մտածելով, որ Գազի Հովոյի կնոջը քաղմաս տանելով, միայն Գազի Հովոյին են վիրավորել, որ Ավանում կանանց ծեծելով` նրանց ամուսիններին կամ որդիներին են վիրավորել: Մենք գահավիժում ենք, որովհետև ոտքի տակ է տրված ոչ միայն մեր օրենքը, այլև մեր մենթալիտետը և ադաթը, որը մինչև օրս մեզ անձեռնմխելի էր թվում: Ոտի տակ է տրված մեր հացը: Այլևս հարամ է եղել մեր կերած հացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter