HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Dasaran.am ծրագրի կիրառումը բոլոր դպրոցների համար լինելու է պարտադիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միասնական էլեկտրոնային կրթական համակարգ ստեղծելու վերաբերյալ:

Ըստ համաձայնագրի՝ դպրոցները, որպես կրթական գործընթացի պարտադիր բաղադրիչ, դասամատյանում կատարվող գրառումները կմուտքագրեն նաև էլեկտրոնային համակարգում, իսկ վերջինս հասանելի կլինի բոլոր շահառուներին՝ ծնողներին, աշակերտներին և ուսուցիչներին:

Ծրագրի մեկնարկի առաջին փուլում Երևանի բոլոր դպրոցները կներգրավվեն Dasaran.am ցանցում՝ ստեղծելով «աշակերտ-ծնող-ուսուցիչ» կապն ապահովող համապարփակ միջավայր: Հետագայում միասնական էլեկտրոնային կրթական համակարգ կընդգրկվեն նաև հանրապետության բոլոր դպրոցները: Միասնական կրթական պորտալում յուրաքանչյուր դպրոց և ուսուցիչ կունենա իր էլեկտրոնային էջը:

Ծրագիրը ծնողներին հնարավորություն կտա ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել երեխայի ուսման և դաստիարակության հետ կապված խնդիրները, մասնավորապես ծանոթանալ երեխայի առաջադիմությանը, միջին գնահատականներին, տնային առաջադրանքներին ու վարքագծին:

«Յուրաքանչյուր ծնող և աշակերտ կունենա միայն անհատական մուտք դեպի համակարգ, ինչի շնորհիվ բոլոր երեխաների համար կապահովվի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Համակարգը աշակերտներին հնարավորություն կտա ստեղծել հասակակակիցների և ընկերների լայն ցանց, զանազան ինտելեկտուալ խաղերի միջոցով խորացնել գիտելիքները, զարգացնել տարբեր կարողություններ ու հմտություններ՝ մասնակցելով հատուկ մշակված մրցույթների:

Նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ նախագիծն ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ: «Նման տեսակի էլեկտրոնային գործիքների կիրառումը դպրոցներում մեզ թույլ կտա նվազեցնել շինծու գնահատականների առկայությունը, տարեվերջյան գնահատականների անարդար ամփոփումները»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Նա հավելել է, որ Dasaran.am ծրագրի կիրառումը՝ որպես պետական կրթական քաղաքականության բաղադրիչ, բոլոր դպրոցների համար լինելու է պարտադիր:

Dasaran.am ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը տեղեկացրել է, որ ծրագիրը կամընտրական հիմունքներով ներդրվել է մայրաքաղաքի 46 դպրոցում, որոնցում, ըստ վերլուծական տվյալների, 12 տոկոսով բարձրացել է աշակերտների առաջադիմությունը, և 20 տոկոսով նվազել՝ բացակայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևորել է, որ էլեկտրոնային համակարգը հասանելի լինի նաև մարզերում:

«Կրթական ծառայությունը բոլորի համար կլինի անվճար»,- նշվում է Dasaran.am կրթական ծրագրի և ԿԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter