HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիներն ակամայից հայտնվել են վարկային «կառուսելի» մեջ

22_05-barsexyan1Արմավիրի մարզի Ապագա գյուղն ունի մոտ 2000 բնակչություն եւ նրանց զգալի մասը բանկերից եւ այլ վարկային կազմակերպություններից վերցված վարկերով են գոյատեւում: «Եթե սուտ չասեմ, Արմավիրի մարզում Ապագա գյուղը թվով առաջիններից է, որ բնակիչները մեծ թվով վարկեր են վերցրել: Եթե գյուղով համախմբվենք ոռոգման ջրի խնդիր լուծենք, մեր ընդհանուր խնդիրները կարգավորենք, իմ կարծիքով մի քանի տարի հետո մեր գյուղում վարկ վերցնողների թիվը կնվազի: Գյուղն ունի մոտ 2000 բնակիչ եւ իմ իմացած տվյալներով, մոտ 70 տոկոսն այս կամ այն բանկից կամ կազմակերպությունից վարկ է վերցրել: Մարդիկ վատ վիճակի մեջ են հայտնվել այն առումով, որ դոլորի կուրսը 305-307 դրամով վարկ են վերցրել ու հիմա պիտի փակվեն 375 դրամով: Հենց էտեղ գյուղացին դոլարի կուրսի մեջ տուժում է: Եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում մեր գյուղում վարունգը վաճառվել է 400-500 դրամով, ապա այս տարի 180-200 դրամ է: Վարկ վերցնողը համ դոլարի կուրսի մեջ է տուժում, համ էլ, որ տնտեսական ճգնաժամ է գյուղմթերքի գներն իջել ա: Գյուղացին վարկը վերցրել է թունաքիմիկատ, պարարտանյութ, ցելոֆան գնելու համար: Գյուղացու ապրանքն առնողն ո՞վ ա, երեւանցին չէ՞, բայց բոլորիս աչքի առաջ շինարարությունն այսօր մոտ 70 տոկոսով նվազել է Երեւանում, իսկ նախորդ տարիներին իրար հետեւից շինարարություն էր գնում, դա վկայում է, որ երեւանցու վիճակն էլ այնքան լավ չի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը: Գյուղերում վարկ վերցնում են հիմնականում «Ագբա-Կրեդիտ Ագրեկոլ բանկ»-ից: Բանկի Ապագա գյուղի միավորման նախագահ Մնացական Ղազարյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք այս տարի Ապագայի վարկառուները կկարողանան ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները, քանի որ արդեն խոսվում է, որ վարկերի գումարը չեն կարողանալու վճարել: khazaryan«Մեր գյուղի միավորումն ունի 250 անդամ, որոնք վարկ են վերցրել մինչեւ 1 միլիոն դրամի չափով` 1-3 տարի մարման ժամկետով: Ճիշտ եք, մեր մտավախությունը սկսվեց աշնանից, երբ միավորման 9 անդամներն ուշացրին վարկի փակման պարտավորությունների կատարումը: Իհարկե, պարտավորությունը կատարեցին, բայց ժամկետանց, ինչի համար էլ Ապագա գյուղի միավորումը տուժեց: Ճիշտ է, այդ ժամանակ խնդրեցինք, որ տոկոսը չբարձրացնեն, բայց բոլոր բանկերն էլ արհեստականորեն բարձրացրել են իրենց տոկոսները: Մի պահ ոսկու գներն իջան, բանկերի տոկոսներն էլ բարձրացան, ասենք, եթե նախկինում բանկն առանց գրավի վարկը տալիս էր տարեկան 22 տոկոսով, ապա հիմա 24 տոկոս է դարձել: Դե այս տարի էլ արդեն լուրջ մտավախություն ունենք, քանի որ այսօրվա դրությամբ գյուղացու բերքի գինն արդեն իջել է, չնայած վարկը մարելու համար դեռ ժամկետներ կան, բայց կասկածում եմ, որ այս տարի ժամանակին կկարողանան վարկը փակել: Նույնիսկ մի քանի հոգի մոտեցել են ինձ, թե պարտավորությունը չենք կարող կատարել, գնանք բանկ վերավարկավորում ձեւակերպենք: Այդպիսի հասկացությունը մեզ դեռ ծանոթ չի, այսինքն նույն վարկը նորից պիտի ձեւակերպվի որպես վարկ, քանի որ եթե ժամկետը լրանալուց հետո վարկը չմարեն` բավականին տուգանքներ է ավելանում»,-ասաց Մնացական Ղազարյանը: Նրա ասելով, եթե խնդիրն իրոք այդ աստիճան լրջանա, ինքն անձամբ կգնա  «Ագբա-Կրեդիտ Ագրեկոլ բանկ»-ի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին խնդրելու, որ վարկի վերաձեւակերպման տարբերակն էլ փորձեն: «Չգիտեմ, այդ ձեւը կանցնի, թե ոչ եւ արդյո՞ք բանկերը կգնան այդ քայլին: Բայց իրոք կասկածներս մեծ է, որ գյուղացին կկարողանա իր պարտավորությունները կատարել, եւ իմ կասկածներն արդեն մոտենում է 100 տոկոսի, որովհետեւ վիճակն իրոք լավ չի: Համաշխարհային ճգնաժամն արդեն իր հետքը թողնում է մեր գյուղում: Պայմանն էլ այսպիսին է, եթե միավորման թեկուզ մեկ անդամն իր պարտավորությունը չի կատարում, մնացած անդամները չեն կարողանալու հետագայում վարկ ստանալ: Իսկ եթե չընդառաջեն, պետք է այդ խեղճ ու կրակ գյուղացուն ստիպենք, որ իր տնից մի բան ծախի բերի վարկի գումարը տա: Եթե չտվեց ու մեկ ամիս ուշացրեց, գործը կմտնի դատարան, էն սեւ պագոնավորները (նկատի ունի հարկադիր կատարողներին,-հեղ.) կգան տնից ղազանը, խալին, տելեվիզորը կտանեն, էժան գներով կծախեն իրանց վարկի գումարը կփակեն ու ստեղ գյուղացին ավելի կտուժի»,-ասաց պարոն Ղազարյանը: Հարցին, արդյո՞ք բոլոր վարկառուներն են զբաղվում հողագործությամբ, Մ.Ղազարյանը պատասխանեց. «Եկեք ճիշտը խոսանք, օրինակ մեր միավորման 250 անդամներից երեւի մոտ 150-ն են այդ վարկը ծախսում գյուղատնտեսական նպատակներով` սերմեր, ցելոֆաններ են առնում, պարարտանյութեր, իսկ մնացած մասն ընկել են արդեն ճահիճի մեջ` չվերցնեն, ուրեմն ձմեռը չեն կարող յոլա գնալ: Այդ գումարը ձմռանը ծախսում են իրենց կարիքների համար, գարունն աշխատում փակում են, աշունը նորից վարկ են վերցնում ու այդպես ընկել են կառուսելի մեջ, եթե այդ կառուսելից կարողանան դուրս գալ, լավ կլինի: Բայց վարկ վերցնողների մեծ մասն արդեն հասկացել է, որ այդպես շարունակել չի լինի եւ վարկը նպատակային է վերցնում: Բայց պարարտանյութերի ու սերմերի գներն էլ բավականին թանկացել են, այս տարի մենակ ցելոֆանը կայուն գին ունեցավ, որը մարդիկ առնում ժամանակավոր ջերմոցներ են սարքում, սակայն շատերն էլ այդ պահին փող չեն ունենում գնում են խանութներից պարտքով են վերցնում ու եթե պարտքով է, ուրեմն խանութատերը մի քանի հազար դրամով գինը թանկացնում է: Սա նույնպես նմանվում է տոկոս վերցնելուն, քանի որ պատքի դեպքում մարդիկ ապրանքի գնի մոտ 40 տոկոսն ավել են վճարում: Եթե միջինացված թվերով ասենք, ապա մոտ 500 հազար դրամ է կազմում միավորման յուրաքանչյուր անդամի վերցրած վարկը: Սակայն գյուղում արդեն կա խոշոր բիզնեսմենների խավ, որոնք բանկերից վերցնում են մինչեւ 20 միլիոն դրամի վարկ: Ապագա գյուղում իշխան ձկան լճեր կան, հիմնականում այդ մեծ գումարը վերցնում են նոր լճեր կառուցելու եւ արտադրությունը կատարելագործելու համար»,-ավելացրեց Մ. Ղազարյանը: Նշենք, որ մեր այցելության պահին էլ մի քանի վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ շրջում էին գյուղում եւ իրենց գունազարդ բուկլետները հրամցնում գյուղացիներին` յուրաքանչյուրին առանձին-առանձին համոզելով, թե իրենց առաջարկած պայմաններն աննախադեպ են եւ դժվար, թե գտնվի իրենց նման երկրորդը: Նրանք նույնիսկ գյուղապետարան էին բարձրացել եւ իրենց առաջարկները ներկայացրել աշխատակիցներին` հույս ունենալով, որ գյուղապետարանի աշխատակազմը գյուղացիների շրջանում բացատրական աշխատանքներ կտանի: Փորձեցի զրուցել մի քանի վարկառու գյուղացիների հետ, սակայն երբ իմացան, որ լրագրող եմ, խուսափեցին, ասելով՝ տղա ջան, մեր դարդն ու ցավն էլ է մեզ հերիք, ուրիշ խնդիրներ չենք ուզում ունենալ: Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում նույնպես վարկ վերցնողները շատ են: Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանի ասելով, մոտ 200 վարկառու ունեն: ՙ «Հիմա բանկերը խուսափում են մեծ գումարներով վարկեր տրամադրել, բայց 1000 դոլորի չափով վարկերը ժամանակին տալիս են, երեւի դա կապված է ճգնաժամի հետ: Այս տարի արդեն դժվարություններ էլ ունենք, ամեն ամիս մոտ 3-4 հոգի ուշացնում են ամսական վճարումները»,-նշեց Ա. Մարգարյանը: Գյուղապետի ասելով, որը նաեւ  «Ագբա-Կրեդիտ Ագրեկոլ բանկ»-ի Սասունիկ գյուղի միավորման փոխնախագահն է, վարկ վերցնողների մոտ 90 տոկոսն իրոք զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ մնացած 10 տոկոսը վարկը վերցնում է հարսանիք, թաղում, աղջկան օժիտ տալու համար: «Մեր գյուղում ամեն ինչ անում ենք, որ մարդիկ վարկային կառուսելի մեջ չընկնեն: Եթե զգում ենք, որ հետագայում խնդիրներ է ունենալու, չենք երաշխավորում, որ վարկ վերցնի: Բայց ասեմ, որ այս տարի վարկ վերցնողների թիվը նվազել է, քանի որ մարդիկ խուսափում էին վարկ վերցնելուց, մտածելով, որ չեն կարողանալու փակել»,-հավելեց գյուղապետը: ՙ«Ագբա-Կրեդիտ Ագրեկոլ բանկ»-ի Արմավիրի մարզի Շահումյան գյուղի միավորման նախագահ Ասյա  Նավասարդյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե իրենց գյուղում ունեն 150 վարկառուներ, որոնք բոլորն էլ զբաղվում են հողագործությամբ: «Հո վարկը պատահական մարդկանց չենք տալիս, որ հիմա էլ մտավախություն ունենանք, որ կարող է վարկը չկարողանան փակել: Շահումյան գյուղն այնքան էլ մեծ չի եւ բոլորին մեկ առ մեկ գիտեմ, թե ով կարող է վարկի գումարը փակել, ով` ոչ: Մինչեւ այս պահը կոնկրետ չեմ կարող ասել մեր գյուղացիները կկարողանան վարկը փակել թե ոչ, բայց հազվադեպ դեպքեր կարող են լինել, որ չկարողանան վարկը փակել»,-ասաց Ա. Նավասարդյանը: Մեր այն հարցին, թե Շահումյանի գյուղացիներն իրեն չե՞ն դժգոհել, որ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներից իրենք վնասներ են կրել, Ասյա Նավասարդյանը պատասխանեց. «Բնական է գյուղացին տուժում է, բաց չէ՞, որ երբ իրեն գումար էր պետք խոտ քաղելու, վար ու ցանք անելու համար,  բանկը գյուղացուն տվեց այդ վարկը: Մենակ մեզանում չի այդպես, ամբողջ աշխարհում էլ նույն վիճակն է»,-մի տեսակ արդարացավ տիկին Նավասարդյանը: Նշենք, որ այս գյուղում այլ վարկային կազմակերպություններից վարկ վերցնողներ էլ կան, սակայն ո’չ Շահումյանի գյուղապետը, ո’չ էլ Ասյա Նավասարդյանը չկարողացան ասել, թե վարկառուները քանիսն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter