Հեռուստատեսության աղբը մտահոգում է բոլորին
Երեկ երեկոյան հայտնի դարձան «Մեկ կադր մեկ րոպե» փառատոնի հաղթողները: «Հեռուստատեսություն» վերնագրով մեկ րոպեանոց ֆիլմը ստացավ երեք մրցանակ` «Լրագրողական ժյուրիի համակրանք», «Հեղինակների ձայն», «Լավագույն կադր» նոմինացիաներում: «Էկրանից թափվում է աղբ»: Այսպիսի արտահայտություն կարելի է ամեն օր լսել, բայց 25-ամյա Արեւիկ Ավանեսյանն այս պրոցեսը պատկերավոր նկարահանել է տեսախցիկով:
Նրա «Հեռուստատեսություն» Ֆիլմը բաղկացած է ընդամենը մեկ կադրից, որը պատկերում է մի սենյակ, մեկ դատարկ բազկաթոռ եւ բազմոց, որի վրա նստած են մեկ անչափահաս եւ մեկ երիտասարդ: Հեռուստացույցը միացնում են եւ հենց էկրանից տուն է թափվում աղբ: Թղթեր, շշեր, տոպրակներ... Այն ամենը, ինչից սովորաբար բակացած է լինում աղբը: Այս ամենի ընթացքում հնչում է հայկական հեռուստաեսության հաղորդումների ձայնը: Ֆիլմը, թերեւս, նման արձագանք չէր ունենա, եթե չլիներ այդ ողջ կադրն ու միտքն ամփոփող մի պահ: Երիտասարդ աղջիկը բազմոցից վեր է կենում եւ հեռուստացույցի առջեւ գոյացած աղբից իր համար ընտրում է «Կոկա-կոլայի» մի կիսատ շիշ եւ սկսում է ըմպել, իսկ կողքի անչափահասը շարունակում է նույն` անտարբեր դեմքով արեւածաղիկ ուտել: Մեկ շաբաթ շարունակ տեւող փառատոնի շրջանակներում կայացած բազմաթիվ քննարկումներից մեկի ժամանակ Արեւիկը նշեց, որ դատարկ բազկաթոռն այն մարդու տեղն էր, ով պետք է նստեր այդտեղ եւ թույլ չտար, որ այդ աղբը թափվի: Ցավոք, այդ մարդը չկար: Արեւիկը պատմում է, թե ինչպես ծնվեց ֆիլմը նկարահանելու գաղափարը. «Երկար ամիսներով բացակայում էի Հայաստանից: Հետո երբ եկա ու միացրի հեռոստացույցը, մի քանի օր հետևելուց հետո հասկացա, որ պիտի նման բան նկարեմ»: Մեկ րոպեանոց ֆիլմերի ժյուրիի նախագահ Արա Շիրինյանը նշեց, որ նրան հատկապես դուր է եկել այն, որ այս ֆիլմում երկու գաղափար կա. «Այստեղ մեկ րոպեում երկու արդիական եւ սուր խնդիր է բարձրացվում` երիտասարդ սերնդի վրա ժամանակակից հեռուստատեսության եւ լայն սպառման ապրանքների վնասակար ազդեցությունը»: Իսկ փառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմը» նոմինացիայի ժյուրի նախագահ Զավեն Բոյաջյանը նշեց, որ իրեն այդքան էլ հարազատ չէ նման «պլակատային» ոճը, բայց ինքը հասկանում է, թե ինչու է այդ ֆիլմն այդքան ուշադրության արժանացել բոլորի կողմից. «Դա ապացուցեց, թե մենք բոլորս որքան ենք մտահոգված մեր հեռուստատեսության վիճակով, այն, ինչ մեզ հրամցնում են, ինչքան է մեզ անհանգստացնում, որ դիտելով այս ֆիլմը, մեզ բոլորիս թվաց, թե սա է, հենց այն, ինչ մտահոգում է մեզ»: «Սինեմարտ» կինոյի եւ արվեստի հանդեսի կողմից մրցանակների արժանացան Լիլիթի եւ Գրիգորի «Հայաստանի Միացյալ Նահանգներ», Մերի Աղախանյանի «Այն կողմ», Նատալյա Գրիգորեւայի «Կյանքի մոռացված պահը», Նինո Դե Գլերիայի «Վիրտուոզի Դադար» մեկ կադրանոց եւ մեկ րոպեանոց ֆիլմերը, ինչպես նաեւ Համլետ Վարդանյանի «Բուգի Վուգի» կարճամետրաժ ֆիլմը: Ժյուրիի նախագահ Զավեն Բոյաջյանը առանձնացրեց Համլետ Գեւորգյանի նաեւ մյուս կարճամետրաժ ֆիլմը` «Ցերեկային լուսնոտ» -ը, որը հատուկ հիշատակման արժանացավ: «Ես այդ տղայի մեջ ինչ որ լույս ու ձգտում եմ տեսնում» ,- ասաց Զավեն Բոյաջյանը: «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգում հատուկ հիշատակումների արժանացան Դավիթ Աթոյանի «Թռիչք», Նարեկ Սաֆարյանի «Անկանխատեսելի», Նարեկ Աթոյանի «Մեր Դավիթը», Ռոլանդ Վեգերերի «Արեւջուրավազդույլ» ֆիլմերը: Իրականում ժյուրին այս մեկ րոպեանոց ստեղծագործությունները ֆիլմ չի համարում. «Սա ոչ կինո է, ոչ հեռուստատեսային հոլովակ, ոչ էլ երաժշտական տեսահոլավակ: Սա այլ ժանր է, որը մեծ ապագա ունի»,- նշում է Արա Շիրինյանը: Այս տարի առաջին անգամ Մշակույթի նախարարությունն իր մասնակցությունն ունեցավ փառատոնին: Նախարարության կողմից մրցանակի արժանացավ Քրիստինա Սարգսյանի «Գարուն» կարճամետրաժ ֆիլմը: Բացի դիպլոմից, Մշակույթի նախարարությունը հաղթողին խոստացավ դրամական պարգեւ: Նախարարությունը հրաժարվել էր մրցանակ տալ մեկ րոպեանոց ֆիլմերին, դրանք ֆիլմ չհամարելու պատճառով: Արա Շիրինյանը հասկանում է, թե ինչ է իրականում կատարվում. «Իրենք կարող են աջակցել միայն այն բանին, որը նրանց ծանոթ է. նրանց նոր բան պետք չէ եւ նրանց համար նորը ընկալելի էլ չէ»: Իսկ Զավեն Բոյաջյանը նշեց, որ զարմանալի է, որ փառատոնի մեխը կազմում են հենց մեկ կադրանոց եւ մեկ րոպեանց ֆիլմերը, իսկ Մշակույթի նախարարությունը մրցանակ է տալիս միայն իրեն ծանոթ կարճամետրաժ ֆիլմերին. «Ես միայն մեկ եզրակացություն կարող եմ անել,նրանք ժամանակից հետ են մնացել, որովհետեւ աշխարհը հիմա գնում է դեպի կարճացում: Այս ֆիլմերն են ապագան, սրանք են մարդիկ հեռախոսներով իրար փոխանցում, սրանք են գցում «Յու-Թուբ»: Ամեն ինչի չափորոշիչները փոխվում են»: Փառատոնի նախագահ Գագիկ Ղազարէն իր կողմից մրցանակ շնորհեց Հեյզ Բլանչարդի, Լիզա Սարգսյանի եւ Սեւադա Պետրոսյանի ««Պիվոյին» սպասելիս» ֆիլմին: Փառատոնի նախագահը նշեց, որ իրենց այսքան տարիների ֆիլմերից եւ ոչ մեկում այսպիսի թիմային աշխատանք չեն տեսել: Ժյուրիի նախագահներն այդքան էլ գոհ չէին մասնակիցներից շատերի աշխատանքներից: Նրանք կարծում են, որ անհրաժեշտ է ավելի լուրջ վերաբերվել եւ ավելի շատ աշխատել կադրի վրա. «Հաճախ հասկանում ես, որ այդ մարդիկ կադրի, էսթետիկայի, միզանսցենի զգացողություն չունեն, ու որ դու իրենց նկատողություն ես անում, նրանք չեն կարողանում հասկանալ եւ ընդունել ինչ ես ասում»,- ասում է Զավեն Բոյաջյանը: Նա հատկապես դժգոհ էր կարճամետրաժ ֆիլմերից. «Սա ինչ որ չափով կարելի է հասկանալ. այս նոմինացիան առաջին տարին էր, բայց, ամեն դեպքում, մեր հայկական ֆիլմերը կարծես հում նյութ էին, չավարտված ինչ որ կտորներ»: Զավեն Բոյաջյանը հատկապես նշում է, որ հոգնել է այն «տրաֆարետային» մտածողությունից, որ առկա է շատ մասնակիցների մոտ. «Իհարկե, միշտ էլ հեշտ է ինչ-որ պատրաստի, ծեծված ստանդարտ վերցնել, դրա վրա մի հատ էլ ստորագրել եւ ահա` պատրաստ է: Շատ քչերը կան, որ իրենք են ստեղծագործում, իրենք են փորձում ինչ որ նոր բան գտնել»: Այս փառատոնը, ըստ ժյուրի նախագահների, մեծ ապագա ունի, քանի որ այն քսանմեկերորդ դարի պահանջներով է առաջնորդվում, որտեղ մեկ րոպեն կարող է իր մեջ մի ամբողջ տիեզերք պարունակել. «Շատերին թվում է, թե մեկ րոպեում ոչինչ հնարավոր չէ ցույց տալ: Բայց այս ֆիլմերի մեծ մասը կարող էր շատ ավելի կարճ լինել, քանի որ մեկ րոպե տեւողության ասելիք չունեն»: Փառատոնի ընթացքում ժյուրին մի քանի մասնակիցների է նկատել, որոնք հնարավոր է` որեւէ բանի կարողանան հասնել կինոյի ասպարեզում. «Այս փառատոնը դեմոկրատ մոտեցումներ ունի. ցուցադրում է ամեն ինչ: Բայց հիմնական նպատակը մնում է` հայտանբերել երիտասարդ տաղանդների, ովքեր հետո կկարողանան արվեստ ստեղծել»,- ասում է Զավեն Բոյաջյանը:
Բոլոր նոմինացիաներում մրցանակ ստացած ֆիլմերը կարող եք դիտել այստեղ` http://s299.photobucket.com/albums/mm301/oneminuteoneshot/oneminuteoneshot%202009%20winner/
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել