
Տնտեսական ճգնաժամի հաղթահարման առաջին դրական միտումները Հայաստանում լավագույն դեպքում կլինեն 2011 թ: Այսօր, Policy Forum Armenia-ի կազմակերպած «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումի ժամանակ, այսպիսի կանխատեսում արեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Մեր իշխանությունների գործողությունները մշտապես ուշացած են եղել: Երբ խոսքը ճգնաժամի մասին էր, Հայաստանը դարձավ խաղաղ նավահանգիստ: Երբ եկավ ժամանակը` վերլուծելու ճգնաժամի պատճառները, Հայաստանում սկսեցին խոսել ճգնաժամի մասին` որպես այդպիսին: Երբ մենք պետք է խոսենք հավանաբար ճգնաժամից դուրս գալու մասին, նոր-նոր սկսում են խոսել պատճառների մասին»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Նա նշեց, որ հիմնական լուրջ խնդիրները Հայաստանում դրսևորվեցին 2008 թ. վերջին եռամսյակում, երբ ամիս առ ամիս ՀՆԱ-ն անկում ապրեց. հոկտեմբերին արձանագրվեց 20 % անկում սեպտեմբերի նկատմամբ, նոյեմբերին` 30-35 % անկում հոկտեմբերի նկատմամբ:
ԿԲ նախկին նախագահն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը էական սեզոնայնություն ունի, և հունվարին արտադրվող ՀՆԱ-ի ծավալները մոտ 3-4 անգամ զիջում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արտադրվողին: Հետևաբար, եթե հունվարին, երբ աշխատում են մեր տնտեսության բազային ճյուղերը միայն, անգամ 1 % անկում է արձանագրվում, ուրեմն հաջորդ ամիսներն այդ թիվը կբազմապատկվի:
Ըստ Բագրատ Ասատրյանի` 2008 թ. ներմուծման ծավալները աճել, իսկ արտահանման ծավալները նվազել են աննախադեպ չափով, և արտաքին առևտրի «ճեղքվածքը» կազմել է 3,5 մլրդ դոլար:
«Ես ենթադրում եմ, որ կառավարությունը, չունենալով այլ միջոցներ` դիմադրելու այն բացասական զարգացումներին, գործի դրեց երկրի միջազգային պահուստները, որի պատճառով տարին մենք ամփոփեցինք նման թվերով: Նաև այս քաղաքականության պատճառով էր, որ ներմուծման նման թռիչքաձև զարգացում ունեցանք: Գերարժևորված դրամը, արժեզրկված դոլարը միջոց էին, որ մեր ներմուծողներն ուղղակի իրենց բանուգործը թողնեն և ինչ կա չկա աշխարհում` բերեն-լցնեն Հայաստան»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:
Նա կանխատեսեց, որ 2009 թ. ընթացքում տնտեսական անկումը Հայաստանում կկազմի մոտ 11 %, իսկ տնտեսության մեջ առկա բացասական միտումները կշարունակվեն նաև 2010 թ.: Ըստ Բագրատ Ասատրյանի` տնտեսական անկման հիմնական երկու պատճառներն են` Հայաստան եկող տրանսֆերտների ծավալի անկումը, ինչպես նաև Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների` աշխատանքից զրկվելը:
ԿԲ նախկին նախագահի համոզմամբ, իրավիճակի լավացմանը կնպաստի, եթե հասարակությունը հասկանա, որ համակարգային լուծումների անհրաժեշտության առաջ է կանգնած: Երկրորդ` անհրաժեշտ է ճգնաժամի հաղթահարման միջոցառումների հստակ և ամբողջական ծրագիր, որը կվերաբերի Հայաստանի տնտեսական քաղաքականության բոլոր ոլորտներին:
«Միակ մարմինը, որը մեզանում փորձ է անում քիչ թե շատ ծրագրային մոտեցումների մասին խոսել, Կենտրոնական բանկն է»,- ասաց ԿԲ նախկին նախագահը` հավելելով, որ կառավարությունը պետք է հստակեցնի իր դիրքորշումը և քաղաքականությունը, որոնք պետք է հնարավորինս տեսանելի լինեն տնտեսվարող սուբյեկտների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել