
Մոտ 10 տարի Հայաստանն ունեցել է 12 % տնտեսական աճ, էժան փող և երկնքից թափվող ոսկի անձրև, ինչն ավարտվեց 2008 թ. սեպտեմբերին, որից անմիջապես հետո երկրում սկսվեց տնտեսական անկումը: Այս մասին այսօր Policy Forum Armenia-ի կազմակերպած «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը:
«Շատ փողն ավելի լավ բան չէ, քան քիչ փողը, որորովհետև ամբողջ համակարգը փլվեց նրանից, որ հսկայական քանակությամբ փող էին վերցնում, և ռիսկերն ավելացան: Պարզվեց, որ ֆինանսական ինժեներիան մեզ առանձնապես օգուտ չի բերում, որովհետև մեր ֆինանսական համակարգն ամենափոքրերից մեկն է: Այսինքն` ինքը` ֆինանսական համակարգը, մեր զարգացման մակարդակով մեծ դեր չէր խաղում տնտեսության մեջ, թեև, իհարկե, շատ արագ զարգացնում էր. 3 տարվա ընթացքում 7 %-ից հասել էր մինչև 17 %-ի»,- ասաց Արմեն Եղիազարյանը:
Նա նշեց, որ Հայաստան եկող «հսկայական քանակությամբ» փողի պատճառով 8 տարվա ընթացքում ծառայությունների (ներառյալ շինարարության) տեսակարար կշիռը 45-ից հասավ 70 %-ի: Շինարարությունը կառուցվածքային աննախադեպ թռիչք ապրեց: Իսկ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը անկում ապրեցին` յուրաքանչյուրն էլ հասնելով 15 %-ի: Ստացվեց, որ Հայաստանի ՀՆԱ-ի 70 %-ը կազմում են ծառայությունները, այսպես կոչված non-tradable-ները: Մինչդեռ այն տնտեսությունը, որը զբաղված է երկրի ներքին պահանջարկը սպասարկելով, այսինքն` non-tradable-ներով, շատ ավելի է տուժում, քան այն երկրի տնտեսությունը, որի հիմնական բազան արտադրությունն է:
«Ըստ էության, բոլոր մրցունակ կլաստերները վերացան: Փողն այնքան ավելացավ, որ դրանք դարձան անմրցունակ»,- ասաց էկոնոմիկայի նախկին նախարարը` հավելելով, որ բացասական երևույթ է, երբ երկիրն էականորեն կախված է դրսից եկող փողից:
«Հենց դրսի փողը պակասեց, ներդրողների վստահությունը ամբողջ աշխարհում իջավ, և նրանք զարգացող շուկաներից սկսեցին գնալ դեպի իրենց մայր երկրները (որտեղ և սկսվել էր ճգնաժամը, բայց վստահությունը ավելի շատ էր), Հայաստանում, ըստ էության, էական անկում տեղի ունեցով: Ըստ էության, ներդրողները էլ փող չեն ծախսում non-tradable սեկտորներում: Ըստ այդմ էլ, ճգնաժամի աստիճանը Հայաստանում ավելի բարձր է, քան այն երկրներում, որտեղ արտադրման սեկտորներն ավելի բարձր են»,- ասաց էկոնոմիկայի նախկին նախարարը:
Նրա համոզմամբ, առաջին և կարևոր քայլը պետք է լինի երկրի մրցունակությունը վերականգնելը. Հայաստանը պետք է արտադրի և վաճառի:
«Երկրի մրցունակության բարձրացումը և որոշակի մշտական մակարդակի վրա պահելը բավականին ծանր խնդիր է: Դա երկար, տաժանակիր ու հիվանդագին աշխատանք է, որի մեջ մտնում են ոչ պոպուլյար շատ քայլեր, որոնք կառավարությունները, որպես կանոն, չեն ուզում անել: Մասնավորապես, դա աշխատավարձի վերահսկողությունն է, աշխատանքի արտադրողականության աճի ապահովումը և այլն»,- ասաց Արմեն Եղիազարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել