«Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. քաղաքական նոր եռանկյունաչափություն»
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա բարդ եռանկյունու միայն մեկ կողմն է: Այսօր փորձ է արվում մոտենալ հակասությունների գրեթե դասական դարձած կառույցին մյուս գագաթից` հայ-թուրքական ուղղութունից: Այսպես թե այնպես, հարաբերությունները փոխկապված են, հետեւանքները` փոխազդեցիկ:
Սակայն, ի՞նչ սպասելիքներ ու մտավախություններ են կապված քաղաքական այս «նոր եռանկյունաչափության» հետ, որքանո՞վ են դրանք հիմնավոր, ի՞նչ ազդեցություններ կան եռանկյունու տիրույթից դուրս: Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացված մեր հարցումների նպատակն այս խնդիրների պարզաբանումն է հայ եւ ադրբեջանցի մասնագետների կարծիքների համադրման միջոցով: Ստորեւ առաջին երկու հարցազրույցերն են: «Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են Conciliation Resourses միջազգային կազմակերպության աջակցությամբ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոն
« Թուրք-ադրբեջանական թվացյալ հակասությունը ժամանակավոր է»
Հարցազրույց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանի հետ
- Ո՞ր երկիրը` Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։
- Տնտեսական առումով սահմանի փակ լինելուց երկու պետությունները հավասարապես տուժում են: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան ցանկանում է լուրջ դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Այս առումով, հարեւան պետության հետ սահմանի փակ լինելը, դիվանագիտական հարաբերություններ չունենալը, ինչպես նաեւ Ցեղասպանության փաստը որոշակիորեն խոչընդոտում է Թուրքիային աշխարհի տարբեր ամբիոններում, եվրոպական կառույցներում իր ծրագրերն իրականացնել: Այս տեսակետից, դիվանագիտական հարաբերություններ հաստատելով, Թուրքիան ավելի կշահի:
- Իգնչը կարող է արմատապես փոխել կամ խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
- Ես կարծում եմ` բանակցությունների սկիզբը ճիշտ չի դրված: Հայաստանի իշխանությունները, ցավոք, թաքցնում են, որ Թուրքիայի կողմից կան նախապայմաններ, չնայած Թուրքիան այդ մասին խոսում է բացահայտ: Իսկ Ադրբեջանի խորհրդարանում վարչապետ Էրդողանի ելույթը (մայիսի 13-ին - խմբ.) կարծես թե վերջնականապես հարցը հանեց օրակարգից` նախապայմաններ կան, եւ դրանց առանցքային կետերից մեկը Ղարաբաղյան հարցն է: Այն ձեւաչափը, որն այսօր Թուրքիան կիրառում է հարաբերությունների ընթացքում, բավականին վտանգավոր է Հայաստանի համար եւ, ի վերջո, դա կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների բնականոն զարգացմանը: Ցեղասպանության տարելիցից 1-2 օր առաջ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հայտնի հայտարարության ստորագրումը, որը կանխեց հաջորդ օրը Բարաք Օբամայի կողմից «Ցեղասպանություն» բառի օգտագործումը, ոչ ոք չի ժխտի, եւ դա նախապայման էր: Ես կարծում եմ, որ դա սխալ քայլ էր, եւ ժողովրդի մոտ բավականին թույլ վստահության քվե ունեցող Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահությունը այն էլ ավելի նվազեցրեց: Նախագահների պրահյան վերջին հանդիպումից (մայիսի 7- խմբ.) հետո Էրդողանն իրեն իրավունք վերապահեց խմբագրելու կողմերի պայմանավորվածությունը եւ նշելու, որ սահմանների բացումն էապես պայմանավորված է, ինչպես իրենք են ասում, «օկուպացված տարածքներից» հայկական զորքի դուրսբերումով: Սա բացահայտ նախապայման է, որն, իմ կարծիքով, գործընթացին դրական զարգացում չի խոստանում: Եթե մեր իշխանությունները համաձայնեն այդ տարբերակին, ապա, մտածում եմ, որ հանրությունն իր կարծիքը կասի, եւ այդ կարծիքը կփոխի իրադարձությունների ընթացքը: Մեր ժողովուրդն այսօր իշխանությունից պահանջում է գոնե սկզբունքային հարցերում որոշակի տեղեկատվություն: Կարծում եմ` թուրք եւ ադրբեջանցի ժողովուրդն ավելի են տեղեկացված գործընթացից, քան` Հայաստանում:
- Ինչպեգս կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մինչ այդ արդեն սկսված կամ մտահղացված հաղորդակցական, էներգետիկ կամ տարածաշրջանային այլ նախագծերի վրա:
- Էապես կարող է ազդել: Ի վերջո, մեր տարածաշրջանն, այդ թվում եւ Հայաստանը, գերտերությունների համար խաչմերուկ է ոչ միայն աշխարհագրորեն, այլեւ` քաղաքական, տնտեսական եւ մշակութային առումներով: Քաղաքական կողմնորոշումներն էականորեն ազդում են այս խաչմերուկում ընթացող գործընթացների վրա: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը կորցրեց տարածաշրջանում կոմունիկացիոն խաչմերուկ լինելու կարեւորագույն գործոնը: Հայ-թուրքական հարաբերությունների ճիշտ զարգացման դեպքում եւգ Թուրքիան, եւգ Հայաստանը բնականոն դիրք կգրավեն այս խաչմերուկում եւ, բնականաբար, ինչպես կոմունիկացիոն, այնպես էլ էներգակիր ռեսուրսները կարող են վերաբաշխվել: ՆԱԲՈՒԿՈ-ն կարող է լուրջ քաղաքական գործոն դառնալ տարածաշրջանում, եթե վերջնականապես լուծվի նրա լինել-չլինելու հարցը, ինչն այսօր անորոշ է: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն ինչ-որ չափով կանդրադառնա նաեւ հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունների վրա: Ի վերջո, այս նուրբ տարածաշրջանում հայտնվում է քաղաքական լուրջ հավակնություն ունեցող նոր միավոր, որը կձգտի տեղ նվաճել վերոհիշյալ պետությունների ազդեցությունների դաշտում:
- Ինչպե՞ս կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա, եւ արդյոք տարբերվո՞ւմ են Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի հետ կապված շահերը։
- Մարտավարական առումով ադրբեջանա-թուրքական հարաբերություններում հակասություն կա: Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո ադրբեջանական իշխանության կողմից հստակ քաղաքական ուղղություն որդեգրվեց` հնարավորինս ձգձգել Ղարաբաղյան հարցի լուծումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում 10 անգամ ավելացել է Ադրբեջանի ռազմական եւ 6 անգամ` ազգային բյուջեն, Հայաստանը շրջափակված է Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի կողմից: Եվ Ադրբեջանի հիմնական շեշտադրումն այն է, որ ունենալով Հայաստանից առավել տնտեսական եւ քաղաքական հզորացման պոտենցիալ եւ առաջիկա տարիների ընթացքում ավելի հզորանալով` կհասնի Ղարաբաղյան հակամարտության` հօգուտ իրեն փաթեթային լուծմանը: Թուրքիան, ընդհակառակը, ցանկանում է Ղարաբաղյան հարցն ավելի շուտ լուծել, չնայած երկուսն էլ Ղարաբաղյան հարցի լուծման նույն արդյունքն են ակնկալում: Մարտավարական առումով Ադրբեջանը գնում է հարցի ձգձգման եւ փաթեթով լուծման ճանապարհով, իսկ Թուրքիան կողմ է արագացման, փուլ առ փուլ լուծման տարբերակին, որի դեպքում նա հնարավորություն է ունենում լուրջ ակտիվություն ցուցաբերել տարածաշրջանում եւ ինչ-որ տեղ Ադրբեջանից ակնկալում է Հայաստանին 17 տարի շրջափակելու վարձատրությունը: Բայց երկու կողմն էլ գտնում են, որ Հայաստանը պետք է ետ վերադարձնի ազատագրված յոթ տարածքները, փախստականները պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, իսկ Ղարաբաղը տեսնում են Ադրբեջանի կազմում: Իհարկե, Մադրիդյան սկզբունքներում նշված է, որ հարցը պետք է լուծվի ոչ միայն տարածքային ամբողջականության, այլեւ ինքնորոշման սկզբունքների շրջանակներում: Դիտվում է, որ պետք է հնարավորություն տրվի, որպեսզի հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովուրդն արտահայտի իր կամքը, պետական կարգավիճակը: Բայց դրանք շատ անորոշ են. հայտնի չէ, թե ե՞րբ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, ինչպես նաեւ անհասկանալի է, թե ի՞նչ ստատուս-քվոյով պետք է տեղի ունենա այդ հանրաքվեն: Հասկանալի է, որ փախստականների վերադարձից հետո էապես կփոխվի ԼՂՀ-ի ժողովրդագրական պատկերը` հօգուտ Ադրբեջանի: Այլ խոսքով` Հայաստանը զիջում է այն, ինչ այսօր ունի, փոխարենը ակնկալում է անորոշ ժամանակով հետաձգված եւ անկանխատեսելի դեմոգրաֆիայով հանրաքվե: Հայաստանն այսօր միայնակ է հանդես գալիս թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ: Ձեւաչափը Հայաստանի օգտին չէ: Թուրքիան երբեք չի ցանկանա կորցնել այնպիսի արյունակից, ռազմավարական դաշնակցի, ինչպիսին Ադրբեջանն է եւ ոչ մի դեպքում նրան չի փոխարինի Հայաստանով: Եվ թուրք-ադրբեջանական թվացյալ հակասությունը, կարծում եմ, ժամանակավոր է եւ կառավարելի այդ երկու պետությունների ժողովուրդների եւ ղեկավարների կողմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել