HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե ուզում եք աճուրդ տեղի չունենա, այդ մասին վատ ծանուցեք

Լուսինե Թոփլաղալցյան

Մեկ ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տեղադրված հայտարարությունից տեղեկացանք, որ 2009 թ. մայիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքում տեղի է ունենալու համայնքի սեփականություն հանդիսացող գյուղմեքենաների, ավտոմեքենաների եւ գյուղգործիքների աճուրդ-վաճառք:

Հայտարարության մեջ նշված էր հայտերի ներկայացման վերջնաժամկետը, ինչպես նաեւ` մանրամասն տեղեկությունների համար համայնքապետարան դիմելու հնարավորությունը եւ մի բջջային հեռախոսահամար: Հայտարարության տեքստը ստորագրված էր համայնքի ղեկավարի անունից: Չնայած աճուրդի կայացման ժամը նշված չէր, այդուհանդերձ, մայիսի 19-ին, ժամը 1100-ին Տրետուքի համայնքապետարանում էինք: Աճուրդի մասին վկայող որեւէ բան չկար համայնքապետարանում: Մինչդեռ օրենսդրության համաձայն` աճուրդի կազմակերպիչը աճուրդի կայացման oրվանից առնվազն մեկ oր առաջ պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղեր աճուրդի մաuին հրապարակային ծանուցումը: Մեր հարցադրմանն ի պատասխան` Տրետուք համայնքի ղեկավարի տեղակալ Սիլվա Աբրահամյանն ասաց, որ աճուրդը տեղի է ունենալու ժամը 1200-ին: Նա նշեց, որ ստացել են 2 հայտ, որոնք ներկայացրել են գյուղի բնակիչներ Միխայիլ Աբրահամյանը` իր որդին, եւ Կարո Ասատուրյանը: Սիլվա Աբրահամյանի ասելով` աճուրդի հանված գյուղտեխնիկան շատ հին է: Տրակտորներից մեկը մոտ 20 տարի է իրենք են օգտագործում եւ այն սեփականացնելու հարցով քանիցս դիմել են համայնքի ղեկավարին: Սակայն ավելի ստույգ տեղեկություններ տրամադրելու նպատակով նա զանգահարեց համայնքի ղեկավարին, միաժամանակ ճշտեց` նա ներկայանալո՞ւ է աշխատանքի, թե` ոչ: Սակայն 10-15 րոպե անց տեղակալը տեղեկացրեց, որ կարող ենք այլեւս չսպասել համայնքապետին: Վերջինս հեռախոսով փոխանցեց, որ հայտեր չլինելու պատճառով աճուրդը հետաձգվել է եւ տեղի է ունենալու մայիսի 21-ին: Այնուամենայնիվ, սպասեցինք համայնքի ղեկավարի ներկայանալուն, որպեսզի տրված բացատրությունն անձամբ նրանից լսենք: Մեկ ժամ անց եկավ համայնքի ղեկավար Սուրեն Եղիազարյանը եւ տեղեկացրեց, որ հայտեր չեն ներկայացվել, ուստի աճուրդ տեղի չի ունենա: Երբ հայտնեցինք, թե իր տեղակալը միանգամայն այլ տեղեկություններ է հաղորդել, նա նշեց, որ դրանք փողոցային խոսակցություններ են, թե տեղակալի որդին գտնվում է Ռուսաստանում, եւ, բնականաբար, չէր կարող աճուրդին մասնակցել: Ստիպված էինք հիշեցնել համայնքապետին, որ պատշաճ չէ համայնքի ղեկավարի տեղակալի ասածները «փողոցային խոսակցություններ» որակել եւ նրան առաջարկեցինք տեղակալին նույնպես մասնակից դարձնել մեր խոսակցությանը, որպեսզի քննարկեինք նրա եւ համայնքի ղեկավարի ներկայացրած հակասական տեղեկությունները, սակայն նա հրաժարվեց` ասելով, որ դրա կարիքը չկա: Աճուրդի հրապարակային ծանուցման պահանջն ամրագրված է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով: Համաձայն նույն օրենքի` աճուրդի ծանուցման մեջ պետք է ներառվեն 11 ենթակետով նշված տեղեկություններ, որոնց մեծ մասը (եթե ոչ բոլորը) բացակայում էր Տրետուքի համայնքապետարանի կազմած ծանուցման տեքստում: Այսպես` նշված չէին հետեւյալ տեղեկությունները. 1) աճուրդի կայացման ժամը, 2) աճուրդի կազմակերպչի անվանումը, 3) աճուրդի կազմակերպման հաuցեն, 4) աճուրդի ձեւը եւ անցկացման կարգը, 5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ uահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) եւ (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպեu նաեւ էական այլ պայմաններ: Ս. Եղիազարյանը համաձայնեց աճուրդի հայտարարության թերի լինելու հետ եւ տեղեկացրեց, որ աճուրդի էին հանվելու 4 լոտեր` 419 հազար եւ 312 հազար դրամ մեկնարկային արժեքներ ունեցող 2 տրակտորներ, 219 հազար դրամ արժեք ունեցող 1 ինքնաթափ ավտոմեքենա եւ 22 հազար դրամ արժեքով 1 կցասայլ: Հայտարարության մեջ բոլորը չեն թվարկել, քանի որ դրանք շատ հին են, կոլտնտեսության ժամանակներից մնացած, համայնքի ղեկավարի բնութագրմամբ` համարյա մետաղի ջարդոն: Համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական տեխմիջոցների եւ գյուղգործիքների աճուրդ-վաճառք անցկացնելու հարցը քննարկվել էր համայնքի ավագանու մարտի 26-ի նիստում, որը պատշաճ արձանագրված էր գրանցամատյանում: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ` մայիսի 5-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի արդյունքում համայնքի բնակիչները տեղեկացվել են տեղի ունենալիք աճուրդի մասին: Ձեւավորվել է նաեւ 5 անձից բաղկացած աճուրդային հանձնաժողով: Աճուրդի մասին իրազեկելու առնչությամբ համայնքի ղեկավարը վստահեցրեց նաեւ, որ իրենց համայնքը ստանում է 11 օրինակ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, որից 3-ը բաժանորդագրվել է համայնքապետարանը, 1-ը` համայնքի ղեկավարն ինքը: Իսկ թե որտեղից պետք է հավանական գնորդներն իմանային լոտերի նկարագիրը եւ մուծվելիք նախավճարի չափը, պատասխանը մեկն է` համայնքի ղեկավարից: Հավանական գնորդները կամ պետք է հասնեին Տրետուք կամ Մեծ Մասրիկ, ուր փաստացի բնակվում է համայնքի ղեկավար Սուրեն Եղիազարյանը, կամ էլ` զանգահարեին հայտարարության մեջ նշված` համայնքի ղեկավարի բջջային հեռախոսահամարով: Քանի որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Տրետուքի համայնքի ղեկավար, ով նաեւ աճուրդային հանձնաժողովի նախագահն է, այդպես էլ պետք է լիներ: Սակայն հանձնաժողովի նախագահը չէր կարող նախավճարի չափի մասին ճիշտ տեղեկություն հաղորդել դիմողներին, քանի որ կարծում էր, որ նախավճարը պետք է վճարվեր յուրաքանչյուր լոտի մեկնարկային գնի 10 %-ի չափով: Մինչդեռ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` նախավճարի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի մինչեւ 5 հինգ տոկոսը: Համայնքի ղեկավարը չկարողացավ հայտնել նաեւ աճուրդ-վաճառքի յուրաքանչյուր լոտի քայլի չափը` ասելով, թե այն պետք է որոշվեր աճուրդի ժամանակ: Խնդրեցինք ցույց տալ աճուրդի կանոնակարգը, սակայն համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ դա ինչ-որ տղայի չհրկիզվող պահարանում է դրված, նա էլ գործուղման է մեկնել: Ի դեպ, երբ խնդրեցինք տրամադրել համայնքի 2009 թ. բյուջեն, պարզվեց, որ այն նույնպես գտնվում էր նույն տղայի չհրկիզվող պահարանում: Սուրեն Եղիազարյանը նշեց, որ նույն օրը, ժամը 1500-ին, աճուրդային հանձնաժողովը պետք է հավաքվի եւ արձանագրի աճուրդի չկայանալը, սակայն համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի` այդ գործընթացը պետք է իրականացվեր հաջորդ օրը: Հավանաբար, սա ոչ առաջին եւ ոչ էլ վերջին չկայացած աճուրդն է: Բայցեւայնպես, հարց է առաջանում, թե ո՞րն է աճուրդի ծանուցման նպատակը, եթե այն ոչինչ չի ասում հավանական գնորդին: Կամ` ո՞վ պետք է պատասխան տա Տրետուքի համայնքապետարանի հայտարարած աճուրդի հրապարակային ծանուցման խիստ թերի լինելու համար, ո՞վ պետք է հանդես գա օրենքի պաշտպանության տեսանկյունից, եթե չկա շահագրգիռ քաղաքացի, ով հետաքրքրված կլիներ եւ կուզենար հանդես գալ որպես գնորդ: Չկա գնորդ, չկա եւ գործընթացից դժգոհող քաղաքացի: Հետեւապես, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա` համայնքապետն իր տեղակալին կմեղադրի հայտնած մի քանի անզգույշ տեղեկությունների համար, տեղակալը հաջորդ անգամ կզգուշանա անկեղծանալուց: Արդյունքում կտուժի համայնքը եւ համայնքի բնակիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter