Ավագանիները լրագրողից են տեղեկանում համայնքապետի բյուջետային ծախսումների մասին
Աքորիի համայնքապետ Կամո Սիմոնյանը մարզի 30 համայնք ընդգրկող Թումանյանի տարածաշրջանի, թերեւս, միակ համայնքապետն է, որը չնայած 8 տարիների պաշտոնավարմանը` տեղյակ չէ ՏԻՄ օրենքով սահմանված համայնքային բյուջեի հրապարակային ու թափանցիկ ծախսումների պահանջի մասին: Ավելին, չի ըմբռնում, որ մամուլի անցանկալի հրապարակումների դեմ պայքարելու լավագույն միջոցը հիմնավորված հերքումն է:
«Ես Ձեզ նախորդ անգամ լավ ընդունեցի, որ գնաք իմ մասին վատ բանե՞ր գրեք, շաբաշ, ավագանու նիստում քվորում չկա, նիստը չի կայանում, գնացեգք»,- նիստն իր ջանքերով ցրելուց հետո Կամո Սիմոնյանից այսպիսի պատասխան կարող է ստանալ ցանկացած լրագրող, ով երբեւէ անդրադարձել է Աքորի համայնքի խոցելի բյուջեին եւ դրանից հետո ցանկանում է մասնակցել համայնքի ավագանու նիստին: Աքորին իր խանությունը դարձրած համայնքապետը համայնքի բյուջեի եկամուտները եւ նախատեսված ծախսերը գաղտնի է պահում նաեւ իր ղեկավարած գյուղի բնակիչներից, անգամ` ավագանու անդամներից: Կամո Սիմոնյանը, ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2009 թ. համայնքի բյուջեն տնօրինում է առանց ավագանու հսկողության: Մեր կողմից հարցված ավագանու 6 անդամներից 4-ն անտեղյակ էին համայնքի 2009 թ. բյուջեով նախատեսված եկամուտներից ու ծախսերից: Ավագանու երկու անդամները` Մերուժանն ու Սեւակը, սկզբում հայտնեցին, թե տեղյակ չեն բյուջեից, ապա ցուցադրաբար հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին: Ավագանու անդամ Վեներա Նիազյանն ասաց. «Մեկ տարի է ավագանու անդամ եմ, համայնքի բյուջեի քննարկմանը չեմ մասնակցել: Երբ ներկայացա նիստին, բյուջեն արդեն քննարկվել էր, նիստի ժամն ինձ ճիշտ չէին ասել: Նիստի մասին մի քանի ժամ առաջ էին տեղյակ պահել, բյուջեն, ինչպես կարգն է, մի քանի օր առաջ ինձ չէին տվել, որ ծանոթանամ: Ես չգիտեմ, թե որքան են կազմում մեր համայնքի բյուջեի եկամուտները: Ոչ մի բանից տեղյակ չեմ: Մեկ այլ նիստի ժամանակ համայնքապետը բյուջեն 10 րոպեով դրել է առաջս, թե` ծանոթացի, էդ պահին նիստում ուրիշ հարցեր էին քննարկվում, ես կարո՞ղ էի 10 րոպեում ծանոթանալ բյուջեին»: Վեներա Նիազյանը տեղյակ չէր նաեւ համայնքապետի պլանավորած բյուջետային մյուս ծախսերից, այդ թվում` պետբյուջեից կապիտալ գործառույթների համար հատկացված գումարներից շենքերի եւ շինությունների համար նախատեսված 16,9 մլն դրամի աշխատանքներից: «Բացարձակ տեղյակ չեմ»,- ասաց նա եւ խոստովանեց, որ բյուջեի նկատմամբ իր հետաքրքրությունների պատճառով համայնքապետն առանձին դեպքերում իրենից թաքուն է ավագանու նիստ հրավիրում: Ավագանու անդամը մեզնից տեղեկացավ համայնքի բյուջեով նախատեսված եկամուտներին ու պլանավորված ծախսերին: Երբ նա լսեց, որ Աքորիի համայնքապետը մշակութային ծառայությունների համար 2009 թ. պլանավորել է 2,4 մլն դրամ եւ մայիսի 15-ի դրությամբ արդեն 900 հազար դրամ ծախսվել է, ասաց. «Ես` որպես ավագանի, նիստում ասել եմ` ավելի լավ է մեր մշակույթի պալատը փակվի, քան անունը կա, ամանում` չկա: Պահակի հաստիքի տակ 3 մարդ է աշխատում ու մեկ էլ հավաքարար կա: Վարիչը պահակի հաստիքի տակ ա, գրադարանավարուհին պահակի հաստիքի տակ ա, ու մեկ էլ մի հատ պահակ: Մի հատ էլ տնտեսվար կար, էն էլ նոր են հանել: Խնդրում եմ Ձեր հոդվածում գրեք, որ մշակույթի պալատի տնօրենը էնտեղ անտեղի է նստած, որովհետեւ ոչ մի միջոցառում չի կազմակերպում, վերջերս գրադարանում մարտի 8-ի առթիվ միջոցառում էին կազմակերպել, մի քանի աշակերտ էր եկել, 2-3 մանկավարժ, համայնքապետարանից էլ 2 հոգի: Մինչդեռ մշակույթի պալատի դահլիճում ամենաքիչը գյուղի մի 150 կնոջ համար կարելի էր տոնական միջոցառում կազմակերպել»: Գյուղի բնակիչներին բյուջեի մասին տեղեկացնելու կապակցությամբ Վեներա Նիազյանն ասաց. «Բոլորովին տեղյակ չեմ, կարող ա ավագանու մնացած անդամները տեղյակ են, ես տեղյակ չեմ»: Ավագանու մեկ այլ անդամ` Համլետ Սիմոնյանը, համայնքի բյուջեի նախատեսված եկամուտների մասին ասաց. «Ես շա՞տ գիտեմ, հաստատել ենք, էլի, չեմ հիշում: Բյուջեն հաստատել ենք, մանրամասն չեմ ուսումնասիրել»: Համլետ Սիմոնյանը տեղյակ չէր նաեւ բյուջեի ծախսային մասից: Համայնքապետի պլանավորած` շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման համար նախատեսված 16,9 մլն դրամ ծախսի մասին էլ ասաց. «Ոչ մի շենք էլ չեն վերանորոգում, այսինքն` դա էս տարվա՞նն ա, էս տարվա հմա՞, չգիտեմ»: Ապա ավելացրեց. «Ես ինքս եմ առաջարկել հուղարկավորության համար 1 մլն դրամի հատկացումը, առաջարկել եմ ամեն մահացողին մսով, արաղով օգնել»: Համայնքի բյուջեի մասին գյուղացիների տեղեկացվածության կապակցությամբ էլ Համլետն ասաց. «Ժողովուրդն ի՞նչ գիտի, գյուղի ժողովրդին սկի շատերին պետք էլ չի տեղյակ ըլի, կամ տեղյակ չըլի»: Պետբյուջեից հատկացված 15 մլն դրամ նպատակային սուբվենցիայի մասին, որը համայնքի բնապահպանական մասհանումներ էին, Հ. Սիմոնյանը տեղեկացրեց. «Չենք ծախսել, ծախսած ա՞,- հարցրեց նա մեզ, ապա շարունակեց,- կակրազ վիճաբանեցինք` ո՞րտի ծախսենք, ի՞նչ անենք: Ծրագրերը ներկայացրել էինք` ետ էին տվել, պետք է նորից կազմեինք: Բայց կա ծրագիր, հա՞»,- կրկին մեզ հարցրեց ավագանու անտեղյակ անդամը: Համլետ Սիմոնյանը վերջում իր դժգոհությունը հայտնեց համայնքամիջյան անբարեկարգ ճանապարհների վերանորոգման համար համայնքապետի նախատեսած գումարի չափից: «300 քանի հազար դրամ փող ենք տվել, դրանով 100 քմ էլ չենք կարա փոսալցում անել»,- հայտնեց նա: Աքորիի բյուջեի մասին փորձեցինք տեղեկանալ նաեւ բնակիչներից: Հարցված շուրջ 20 գյուղացիներից որեւէ մեկը տեղյակ չէր բյուջեից: Նրանցից Գրետա Ղազարյանն ասաց. «Չէ, չգիտեմ համայնքի բյուջեն»: Աիդա Ավետյանն ասաց, որ ոչ մի գաղափար չունի բյուջեի մասին: «Անգամ համայնքապետարանի դուռն էլ չեմ գնում, նրա հմար, որ ես նրանց անունը դրել եմ պետքարան, 30 հազար դրամ է տալիս, թե մարդիկ դագաղ առնեն, էն էլ, ասել մեր գեղի Ջուլետին, ոչ բոլորին ա տալիս, իմ ու քու ա անում, էդ ա Աքորու բյուջեն, որոշ մարդիկ էլ ասում են` էն ինչ լավ գեղապետ ա, օգնել ա»: Բյուջեից տեղյակ չէին նաեւ աքորեցիներ Հրանուշ Պետրոսյանն ու Ղեւոնդ Ավետյանը: «Էն ո՞վ ա մեզ թելադրում, որ գիտենանք, թե տելեվիզրը միացնում ենք, բան ենք իմանում, թե չէ` գեղապետը ե՞րբ է մեզ բան ասում»,- ասաց Հրանուշ Պետրոսյանը: «Դե, պտի ժողով լինի, չէ՞, պտի հայտարարեն, որ էս օրը ժողով կա, խնդրում ենք ժողովին մասնակցեք, տարեն կամ ամսեն հաշվետվություն տան, ոչ մի բան չի եղել: Չէ, չգիտենք ինչքան ա մեր բյուջեն: 58 մլն դրա՞մ, հմի որ իմացա: Եթե ժողովուրդը տեղյակ չի, ուրեմն դա գեղապետի մասնավոր սեփականությունն ա»,- ասաց Ղեւոնդը: Սակայն քիչ անց գյուղի երկու տարեցները եկան այլ եզրակացության. «Սրան դուխ տվողը մարզպետն ա, առանց մարզպետի չի կարա ուտի»: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին ներկայացրած մեր այն դիտարկմանը, թե Աքորիի ավագանին ու բնակչությունը տեղյակ չեն բյուջեի պլանավորված եկամուտներին ու ծախսերին եւ, փաստորեն, համայնքապետը միանձնյա է տնօրինում բյուջեն, պրն մարզպետը պատասխանեց. «Բյուջեն հաստատելու ժամանակ ավագանու անդամները իրենց ստորագրությունները դնում են այդ փաստաթղթի տակ, եւ ես չեմ կարող կասկածել, թե նրանք ինչպես են դրել դա: Ուրիշ խնդիր է, երբ նրանց հետ հանդիպեմ եւ իրենք ասեն, որ իրականում համայնքի ղեկավարը հրապարակային չի աշխատում կամ խախտում է ՏԻՄ մասին օրենքը: Եթե ավագանու անդամները տեղյակ չեն, իհարկե, անընդունելի է, բայց ես չեմ կարծում, որ նրանք տեղյակ չեն: Իրենք անձա՞մբ ասացին, որ տեղյակ չեն: Ես կուսումնասիրեմ համայնքապետարանի իրավիճակը»,- խոստացավ Լոռու մարզպետը: Թեեւ տարիներ շարունակ պետբյուջեից Աքորի համայնքին տրվող պատկառելի հատկացումներին, այստեղ այդպես էլ անլուծելի է մնում ոռոգման ջրի խնդիրը, շարունակում են անբարեկարգ ու չլուսավորված մնալ գյուղի փողոցները, տարիներ շարունակ չեն վերանորոգվում գյուղի ներքին կոմունիկացիաները, որի պատճառով գյուղի փողոցներով մշտապես լինում են ջրահոսքեր, չեն մշակվում գյուղի վարելահողերը, գյուղացիները շարունակում են զավեշտական պատմություններ պատմել բյուջեից համայնքապետի կատարած ծախսումների մասին: 2007 թ.-ին համայնքապետ Կամո Սիմոնյանի կառուցած անտնկի տնկարանի մասին ասում են, թե իր կերած դեղձի ու կեռասի կորիզն է էնտեղ ցանել, որ մի օր տնկի դառնա: Ասում են ու ծիծաղում: Լոռու մարզի Աքորի համայնքը անցած տարիներին սեփական հարկային եկամուտները թեեւ թերացել է կատարել, սակայն համայնքի բյուջեն 2007 թ.-ի համեմատ 2009 թ.-ին 21 մլն դրամով աճել է: Այստեղ 2008 թ.-ին 3,7 մլն դրամ հողի հարկի պլանավորված եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 2,2 մլն դրամ, գույքահարկի պլանավորված 2,4 մլն դրամ եկամուտների փաստացի մուտքերը` 434 հազար դրամ: Համայնքի բյուջեն աճել է պետբյուջեից հատկացվող պաշտոնական տրանսֆերտների հաշվին, որը 2007 թ.-ին կազմել է 22,9 մլն դրամ, 2008 թ.-ին` 39,3 մլն դրամ, իսկ 2009 թ.-ին` 49,8 մլն դրամ: Աքորիում 2009 թ. ճշտված բյուջեով նախատեսվել են 58,6 մլն դրամ եկամուտներ, որից 43,6 մլն դրամը` վարչական բյուջեով, իսկ 17,4 մլն դրամը` ֆոնդային: Բյուջեի ծախսային մասը պլանավորվել է 62 մլն դրամ: Կառավարությունն ամեն տարի «դեպի անորոշություն է ճանապարհում» ժողովրդի աշխատանքից հավաքագրված պետբյուջեի միլիոնավոր դրամները` այդպես էլ չհիշելով ժողովրդական իմաստությունն այն մասին, որ «Տերավորին տերն է տանում, անտերին` գայլը»: Աքորի համայնքի բյուջետային գործընթացում ստեղծված իրավիճակը փաստում է, որ Կառավարությունն ինքնանպատակ է կատարում համայնքներին դոտացիաների բաշխումը, քանի որ հատկացնելուց հետո հետեւողականություն չի դրսեւորում դրանց ծախսման արդյունավետության առումով:
Մեկնաբանել