HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետը հանձնարարական է ստացել խմբագրության նամակից հետո. ու՞մ է պետք պարտադրված անհանգստությունը

25_05-margara«Հետքի» ապրիլի 13-ի համարում անդրադարձել էինք Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ապրող Արցախյան ազատամարտի մասնակից Լեւոն Գաբրիելյանի 5 հոգանոց ընտանիքին (Տես հոդվածը Հողաշեն տունն ամեն պահի կարող է փլվել 2 անչափահաս երեխաների վրա):

Հիշեցնենք, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ամուսիններն ու 3 անչափահաս երեխաները բնակվում են ամեն պահի փլվելու վտանգի տակ գտնվող հողաշեն տանը: Հոդվածում նշել էինք, որ Գաբրիելյանները մի քանի տարվա էլեկտրաէներգիայի պարտք ունեն, որը կազմում է 229 հազար 725 դրամ, եւ քանի որ չեն կարողացել վճարել այն, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել արձակել վճարման կարգադրություն եւ արգելանքի տակ դնել Լեւոն Գաբրիելյանին պատկանող 1500 քմ հողամասը: Մարտի 3-ին դատարանը բավարարել էր ընկերության դիմումը եւ արգելանքի վերցրել հողամասը: Թեեւ այս ընտանիքի պատմությունը շատերին էր հուզել, սակայն պատկան մարմիններն այդպես էլ չարձագանքեցին: «Հետքը» նամակով դիմել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ խնդրելով օժանդակել ընտանիքի փաստաթղթերը պատրաստելուն, որպեսզի կարողանան ստանալ իրենց հասանելիք նպաստը: Դրանից հետո միայն կոտրվեց Արմավիրի մարզպետարանի եւ Մարգարայի համայնքապետի անտարբերությունը: Հոդվածին արձագանքել էր նաեւ «Թուֆենկյան հիմնադրամի» երեւանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հովհաննեսյանը: Նրա հետ էլ մայիսի 15-ին այցելեցինք Գաբրիելյանների ընտանիքին: 25_05-margara-1 Մեր այցելության ժամանակ Լեւոնն ու իր կինը` Սիլվան, աշխատում էին արգելանքի տակ դրված իրենց հողամասում` լոլիկ էին սածիլում: Սիլվան անմիջապես ճանաչեց մեզ, եւ դեմքին ժպիտ հայտնվեց: Հետաքրքրվեցինք, թե այս մեկ ամսվա ընթացքում իրենց կյանքում ի՞նչ է փոխվել, քանի որ այս անգամ ավելի ուրախ է: «Դե, այնքանով ենք ուրախ, որ ձեր շնորհիվ բոլորն էլ իմացան մեր մասին, որ ըտենց մարդիկ կան, գոյություն ունեն եւ շատ անապահով են: Այդքանով եմ ուրախ, թե չէ` առանձնապես ոչ մի բան էլ չի փոխվել, նույն կյանքն է, այ ցավդ տանեմ: Այս ընթացքում ոչ մեկն էլ մեզ օգնելու ցանկություն չի հայտնել` բացի նրանից, որ հիմա գյուղապետարանն օգնում է, որ մեր փաստաթղթերը կարգավորենք, գոնե նպաստ ստանանք: Ամուսնուս թղթերն էլ չկան, որ նա Ղարաբաղում կռվել ա ու ծանր վիրավորվել, տեսնենք ինչ կստացվի: Այսքան տարի մենք պետությունից ոչ մի օգնություն չենք ստացել: Եթե թղթերը կարգավորվեն, կարող ա ինչ-որ բանով մեզ օգնեն, էլի»,- ասաց նա: «Մարզպետարանից ասել են` թղթերը պատրաստեք, մենք նպաստի հարցով ձեզ կօգնենք: Հիմա գյուղապետն էլ է մեզ օգնում, որ կիսատ-պռատ թղթերի հարցը կարգավորենք»,- կնոջ խոսքը լրացրեց Լեւոն Գաբրիելյանը: 25_05-margara-2 Տիկին Սիլվան դեռ հույս ուներ, որ պետությունը կմտածի իրենց մասին եւ որպես ազատամարտիկի ընտանքի` կապահովի թեկուզ փոքր, բայց ապահով տնով: Նա տեղեկացրեց, որ նամակով դիմել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ պատասխան ստացել, որ թերի փաստաթղթերը կարգավորելուց հետո այցելեն նախարարություն: «Գյուղում արդեն ինձ շանտաժիստ են համարում: Ախր, ինձ ընենց մարդ է վիրավորում, որ ընդհանրապես այս գործի հետ կապ չունի. գյուղապետը չի խոսում` իրենք են խոսում: Ախր, դա վատ բան ա, կողքից մեզ վատ ենք զգում, որ ասում են` շանտաժիստ եք: Ես էլ մտածում եմ, ասում եմ` ի՞նչ վատ բան եմ արել, որ նամակով դիմել եմ պաշտոնյաներին: Իրենց ասացի, որ վատ բան չեմ արել. ոչ գյուղապետի խոսքին եմ կպել, ոչ էլ: Հետո էլ շատ էին խոսում, որ ձեր հետ եմ զրուցել: Էլի իրանց ասացի, որ վատ բան չեմ արել, ուղակի լրագրողին մեր սոցիալական վիճակն եմ ներկայացրել»,- վշտացած պատմում էր Սիլվան: Նա այդպես էլ չասաց, թե ով է իրենց «շանտաժիստ» անվանել` նշելով. «Դե, ով ձեր գրածը կարդացել ա, նամակներն ում մոտ եկել են, նա էլ ասել ա»: Գաբրիելյանների ընտանիքի մասին պարզաբանում ստանալու համար այցելեցինք նաեւ Մարգարայի համայնքապետարան: Գյուղապետ Խաչիկ Ասատրյանը մարզպետարանում խորհրդակցության էր եւ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե այս ընտանիքի հարցերով Արմավիրի մարզպետարանը լրջորեն զբաղվում է: «Ինձ հատուկ կանչել են մարզպետարան, հանձնարարական են տվել, որ փաստաթղթերի հարցում Լեւոնի ընտանիքին օգնեմ: Իմ գրպանից Լեւոնին ճանապարհածախս եմ տվել, որ գնա իրա թղթերի հարցը լուծի: Կարո՞ղ ա ինձանից դժգոհ են մնացել»,- հետաքրքրվեց համայնքապետը: Երբ ասացինք, որ իրենից Լեւոնի ընտանիքը դժգոհ չէ, շարունակեց. «Երեւի գիտեք, որ իրանց հողն արգելանքի տակ ա: Ես անձամբ գնացել, հարկադիրի տղերքին խնդրել եմ, որ ընտանիքին նեղություն չտան մինչեւ այդ հարցն էլ կկարգավորվի: Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք այս ընտանիքով, բայց անհոգ եղեք. մեզանից ինչ կախված է, կանենք»,- ասաց Խաչիկ Ասատրյանը: Նշենք, որ այս ընտանիքի մեծ աղջիկն այս տարի ավարտում է դպրոցը եւ մեծ հույսեր ունի, որ որ—է բարձրագույն ուսումնական հաստատությունում կսովորի: «Ուզում եմ կամ ծրագրավորման բաժնում սովորեմ կամ էլ տարրական մանկավարժության: Դպրոցում լավ եմ սովորում, հիմա էլ տանը ինքնուրույն պարապում եմ. գումար չկա ուսուցչի մոտ պարապելու համար: Քույրս էլ դեռ 9-րդ դասարանում է սովորում: Ինքն էլ ուզում է ատամնաբույժ դառնալ»,- պատմում էր Իրինան: «Թուֆենկյան հիմնադրամի» երեւանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հովհաննեսյանը Գաբրիելյաններին խոստացավ օգնել փաստաթղթերը կարգավորելու հարցում, ինչպես նաեւ հոգալ ազատամարտիկի բժշկական ստուգման ծախսերը, եթե Պաշտպանության նախարարությունը քայլեր չձեռնարկի: Քանի որ Լեւոնը ռազմի դաշտում վիրավորվել է, այժմ առողջական խնդիրներ ունի: Նա դժվարությամբ է քայլում, Արցախում ոտքից նույնպես վիրավորվել է: Բացի դրանից` ոտքի տրոմբ ունի: Բժշկի դիմելու համար գումար չունենալու պատճառով Լեւոնն իր իմացած ձեւով է իրեն «բուժում», ինչն ամեն պահի կարող է անդառնալի կորստի պատճառ դառնալ: «Երբ տրոմբը շատ ա նեղություն տալիս, ես իմ ձեռքով ծակում եմ, արյունը մի քիչ դուրս ա գալիս, հանգստանում եմ»,- իր կյանքի նկատմամբ խիստ անտարբերությամբ պատմում էր ազատամարտիկը: Այս առնչությամբ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, թե ինքը չի հավատում, որ Լեւոնը, ոտքից արյուն հանելով, մեղմացնում է տրոմբի ցավը: «Ինքը շատ բան է ասում, որ էդպես է անում, դուք անձամբ տեսե՞լ եք, որ ոտքից արյուն է հանում: Ես բժիշկ եմ ու լավ գիտեմ, որ եթե ոտքից արյուն հաներ, էլ չէր կարող արյունահոսությունը դադարեցնել: Ինքը մեզ չի դիմել բժշկական օգնություն ստանալու համար, եթե դիմի, պետպատվերով բուժումը կկազմակերպենք: Ինչ վերաբերում է նրա սոցիալական վիճակին, ապա ասեմ, որ Լեւոնին ու Մարգարայի գյուղապետին անձամբ հրավիրել ենք մարզպետարան եւ զրուցել ենք նրանց հետ: Ձեզ ասեմ, որ Լեւոն Գաբրիելյանի եղբոր այրի կինը նույն բակում է ապրում, հող է մշակում եւ լավ էլ ապրում է: Եթե գյուղացին, հող ունենալով, վատ է ապրում, ուրեմն դա իր մեղքն է: Մարգարան այն համայնքն է, որտեղ վատ ապրող չկա, միայն թամբալ մարդը գյուղում սոված կմնա»,- ասաց Լարիսա Մուրադյանը: Նշենք, որ մարզպետի տեղակալը, խոսելով Լեւոնի եղբոր կնոջ մասին, չնշեց, որ վերջինս գյուղի դպրոցում մանկավարժ է եւ բավականին բարձր աշխատավարձ է ստանում: Իսկ ինչ վերաբերում է տիկին Մուրադյանի այն լավատեսությանը, թե Մարգարայում վատ ապրողներ չկան, քանի որ գյուղն ամեն հարմարություն ունի, ապա խորհուրդ կտայինք նրան գոնե մեկ անգամ այցելել նշված համայնք եւ տեղում համոզվել, թե գյուղացին ինչու ոտքի չի կանգնում: Չնայած` համոզված ենք, որ այդ այցից հետո էլ նա պնդելու է, թե գյուղացին լավ է ապրում: Լարիսա Մուրադյանից նաեւ հետաքրքրվեցինք` արդյո՞ք մարզպետարանը չի պատրաստվում ֆինանսական օգնություն հատկացնել Գաբրիելյանների ընտանիքին: «Ֆինանսական օգնություն հատկացնողը գյուղապետարանն է. մարզպետարանը բյուջե չունի, որ օգնություն հատկացնի»,- պատասխանեց Լ. Մուրադյանը:

Խմբ. կողմից - Արամավիրի մարզում կան սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ, որոնք նպաստներից, թոշակներից զրկվել են տարբեր փաստաթղթեր չունենալու պատճառով: Իսկ մարզպետարանում ոչ ոքի մտքով չի անցնում օգնել այդ մարդկանց: Մարգարայի համայնքապետը չի մտածել իր համայնքի բնակչի մասին: Նրա մտքով չի անցել, որ ինքը կարող է այդ մարդկանց թղթերը դասավորել, որ նրանք` իր համայնքի անդամները, այդքան խեղճ չլինեն, այդչափ չկոտրվեն, չհուսալքվեն: Իսկ վերեւներից եկած մի հրահանգից հետո նա հանկարծ սկսել է անհանգստանալ: Բնականաբար, ոչ թե իր համայնքի բնակչի համար, այլ` իր աթոռի: Քանի՞ գրոշ արժե նման` պարտադրված անհանգստությունը: Իսկ Մարգարայում Գաբիրելյանների նման այլ ընտանիքներ էլ կան: Ստացվում է, որ լրագրողները պետք է ամեն մի ընտանիքի մասին առանձին հոդված գրեն ու հետո նամակ ուղարկեն որեւէ նախարարի, որ մի բան փոխվի՞: Այդ դեպքում ինչու՞ է հասարակությունը իր վճարած հարկերի հաշվին պահում այդքան կառույցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter