HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թե ինչ հիբրիդ է ձեւավորվում ՀՀԿ-ԲՀԿ «մրցապայքարում»

Երեւանի ավագանու ընտրությունների պասիվ քարոզարշավի ֆոնին առանձնանում են հատկապես Երեւանի տարբեր համայնքներում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ մերթ ընդ մերթ ծեծ ու ջարդով, ռազբորկաներով ուղեկցվող բախումները, որոնք սրության տպավորություն են թողնում ընթացող մրցակցության վրա։

Քաղաքական եւ բնույթով քրեական այս երկու զուգահեռ գործընթացների միջեւ խզումն այնքան ակնհայտ է, որ անմիջապես հասկանալի է դառնում. երկու կուսակցությունների միջեւ ընթացող առճակատումը, մեծ հաշվով, ընդհանուր որեւէ բան չունի ո՛չ ընտրությունների եւ ո՛չ էլ քարոզարշավի հետ։ Ընտրություններն այս դեպքում ընդամենը նպաստավոր ֆոն են ծառայում երկրի հասարակական-քաղաքական դաշտում առկա ախտերի արտահայտման համար։ Չնայած դրան` այս բախումները նաեւ քաղաքական հետեւանքներ են ենթադրում, որոնք արտահայտվելու են ընտրողների ընկալման եւ դրա միջոցով քվեարկության արդյունքների վրա։ Թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի համար այս ընդհարումները մանիպուլյատիվ նշանակություն ունեն։ Դրանց միջոցով հասարակության ուշադրությունը իրական քաղաքական գործոններից՝ ծրագրերի իրատեսականությունից, գաղափարներից, լիդերների մարդկային որակներից, ունեցած քաղաքական ազդեցություններից ու հեղինակությունից, դրանց մրցակցությունից տեղափոխվում է արհեստական առաջնահերթությունների, այսինքն` ընդդիմության խաղարկման հարթություն։ ԲՀԿ-ն այս դեպքում հավակնում է ստանձնել ՀՀԿ-ի միակ հակակշռի, այսինքն՝ ընդդիմադիր ուժի դերը։ Այս կերպ նա փորձելու է դիվիդենտներ շահել ընդդիմադիր դաշտի ու հատկապես դեռեւս չկողմնորոշված ընտրազանգվածի հաշվին։ ՀՀԿ-ն տակտիկական առումով որոշակիորեն տուժում է դրանից, որովհետեւ մեծանում է ԲՀԿ-ի քաղաքական կշիռը։ Սակայն ռազմավարական առումով նա եւս շահող է դուրս գալիս, որովհետեւ ԲՀԿ-ն փորձում է տանել ընդդիմության պոտենցիալ ընտրաձայները, այսինքն` կտրել այն ջուրը, որից պետք է կշտանար ՀԱԿ-ը։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն առաջնորդվում են հին ստերեոտիպերով, որոնք ձեւավորվել են նախկինում անցկացված ՏԻՄ ընտրությունների հիման վրա։ Մարզային համայնքներում նման մանիպուլյատիվ միջոցներն իսկապես ազդում էին ընտրողների քաղաքական հայացքների վրա, եւ մարդիկ առաջնորդվում էին չարի ու բարու պրիմիտիվ ընկալմամբ։ Մինչդեռ միջին երեւանցի ընտրողը մարզերի բնակչությունից տարբերվում է հենց նրանով, որ ունի կայացած քաղաքական հայացքներ ու կողմնորոշումներ, եւ այս մեթոդները գրեթե չեն ազդում նրա գիտակցության վրա։ Այսինքն` զուտ քաղաքական հետեւանքների առումով դրանք բացարձակապես անարդյունավետ «միջոցառումներ» են։ Այլ է խնդիրը, երբ հարցը դիտարկում ենք հոգեբանական հարթության վրա, որի հետ էլ, ըստ երեւույթին, իշխանական այս ուժերը մեծ հույսեր են կապում։ Խոսքը վերաբերում է այդ ընդհարումների հոգեբանական ազդեցությանը, որոնք ներգործում են ընտրողների ոչ թե գիտակցության, այլ ենթագիտակցության վրա եւ նրան ուղղակիորեն վախ, սեփական ուժերի նկատմամբ անվստահություն, վաղվա օրվա նկատմամբ անորոշության զգացում են հաղորդում։ Այս տեսակետից աչքի են ընկնում հատկապես երկու գործոններ։ Նախ՝ ընդհարումները տեղի են ունենում ոչ թե կոնկրետ որեւէ տեղ, լոկալ պայմաններում, ինչը թույլ կտար եզրակացնել, թե կատարվածն ընդամենը մի քանի տաքարյունների խուլիգանական պահվածքի արդյունք է, այլ ընդգրկում են ամբողջ թաղամասեր, համայնքներ, փողոցներ, ընդ որում՝ միանգամից մի քանի։ Այսպիսի մասշտաբայնությունը տպավորություն է թողնում, թե ՀՀԿ ու ԲՀԿ ակտիվիստները քաղաքի ցանկացած կետում ցանկացած ժամանակ կարող են անարգել անել այն, ինչ մտքներով կանցնի։ Իսկ շարքային քաղաքացին ոչինչ չի կարող անել իրեն եւ իր հարազատներին այդ քաշքշոցներից, հայհոյախոսություններից պաշտպանելու համար եւ ստիպված պետք է քաշվի իր բնակարանի խորքերը, սեղանների ու աթոռների տակ, մինչեւ կրքերն իրենց-իրենց հանդարտվեն կամ վերեւից հարցերը կարգավորեն։ Երկրորդ՝ այդ բախումները տեղի են ունենում ոչ թե շարքային «շտաբականների» մակարդակում, այլ աստիճանաբար ընդգրկում են ավելի ու ավելի լայն, բարձր շրջանակներ։ Եվ շարքային երեւանցին սկսում է մտածել՝ եթե գլխավոր դատախազի եղբարը կամ ԱԺ պատգամավորը կարող են հարվածներ ստանալ, եւ որեւէ մեկը դրա համար չպատժվի, ապա ի՞նչ կլինի իրենց հետ, եթե չհամակերպվեն խաղի կանոնների հետ կամ այդ խաղի մասնակիցները չդառնան։ Եվ արդյունքում քաղաքական դաշտում քրեական մեթոդների կիրառմամբ տեղի է ունենում ընտրողների նկատմամբ հոգեբանական էքսպանսիա։ Ձեւավորվում է պասիվ, իներտ ընտրողի կերպար, որը տալիս է քաղաքական «պրոդուկտ», այսինքն` դիվիդենտներ է բաշխում իր նկատմամբ հոգեբանական «ահաբեկչություն» իրականացրած ուժերին։ Իրավիճակն այսքան ողբալի չէր կարող լինել, եթե չլինեին երկու շատ կարեւոր նպաստող գործոններ։ Առաջին՝ քաղաքացին, տվյալ դերպքում իր քաղաքացիական իրավունքն իրացնող շարքային երեւանցին, պաշտպանություն չի կարողանում հուսալ պետության, ի մասնավորի` ոստիկանության, իրավապահ մարմինների կողմից։ Որովհետեւ վերջինս հանդես է գալիս ոչ թե իր հիմնական պարտականությունների շրջանակներում, օրինակ՝ հասարակական կարգի պահպանությամբ, այլ իր հերթին փորձում է մանիպուլյացիայի ենթարկել հանրությանը։ Երբ ամբողջ Աջափնյակը, նման ռազբորկաների ականատեսը լինելով, սպասում է ոստիկանության արձագանքին, վերջինս հայտարարում է, թե ընդամենը տեղի է ունեցել բանավեճ քաղաքական հարցերի շուրջ։ Պարզվում է՝ Հայաստանում արդեն նոր, փողոցային քաղաքական բանավեճերի մշակույթ է ձեւավորվում։ Եվ այսքանից հետո պնդումները, թե հանցավորության մակարդակը հանրապետությունում աճել է 50 տոկոսով, պետք է չափազանց մեծ ձեռքբերում համարել. որովհետեւ ոչինչ չէր խանգարում, որպեսզի այն հասներ 100, 150 տոկոսի։ Երկրոդ՝ այն, որ ընտրական գործընթացները պետք է անպայման ուղեկցվեն այսպիսի միջադեպերի շքերթով, արդեն իսկ օրինաչափորեն է ընդունվում քաղաքական դաշտում, եւ դա սկսում է նաեւ այս խողովակով ազդել հասարակական ընկալման վրա։ Այսինքն՝ տիրապետող է դառնում հետեւյալ մտայնությունը. փառք պետք է տալ ու ընտրությունները կայացած համարել, եթե դրանց արդյունքում... զոհեր չեն արձանագրվել։ Մնացած ամեն ինչ տեղավորվում է ընտրություն հասկացության սահմաններում։ «2008-ի աշնանն էլ ՏԻՄ ընտրություններ էին հանրապետությունում, մոտ 900 համայնքում, որոնք, իհարկե, չէին կարող անցնել առանց ընդհարումների, խախտումների։ Այնտեղ էլ կային բախումներ, սակայն դրանք չլուսաբանվեցին, այդ ընտրությունները ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում չէին»,- ամենայն լրջությամբ ասում է ԿԸՀ հանրապետական անդամ Աբրամ Բախչագուլյանը։ Այս ամենը մի պարզ հարց է առաջացնում. ի վերջո, նման բախումները, հաշվեհարդարները կազմակերպվա՞ծ, համակարգվա՞ծ բնույթ ունեն, թե՞, այնուամենայնիվ, ինքնագործունեության արդյունք են։ Ըստ էության, այս քրեածին իրավիճակը կարելի է բնորոշել որպես այդ երկուսի հիբրիդ։ Այսինքն՝ դրանք ինքնագործունեության արդյունք են՝ որպես սկիզբ, սակայն համակարգված բնույթ ունեն՝ որպես հետեւանք, ավելի ճիշտ` որպես օրինաչափություն, կենսակերպ, փիլիսոփայություն։ Ներկայիս իրավիճակի առանձնահատկությունը հենց սա է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter