HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Թաթուլ Մանասերյան. ֆինանսատնտեսական ճգնաժամը նաև գաղափարախոսության, վստահության և պատասխանատվության ճգնաժամ է

t_manaseryan-250509«Իմ համոզմամբ, տնտեսական ճգնաժամը առաջին հերթին համակարգային ճգնաժամ է: Սա նաև գաղափարախոսության ճգնաժամ է, որովհետև բացարձակ ազատական տնտեսության աշխարհում արդեն չկա»,- այսօր Policy Forum Armenia-ի կազմակերպած «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումի ժամանակ ասաց տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նա հավելեց, որ ազատականություն քարոզող երկրները դիմում են անպիսի մեթոդների, որոնց համար ժամանակին խիստ քննադատել են Խորհրդային Միությանը: Օրինակ` գնում են ոչ միայն սնանկ հայտարարված բանկեր, այլև մասնավոր ընկերություններ` տնտեսությունը փրկելու կամ աշխուժացնելու համար: Թաթուլ Մանասերյանի խոսքերով, այն քաղաքականությունը, որը վարում են զարգացած երկրները, ինքն արդար մրցակցության չէր համարի: «Անցումային տնտեսություն ունեցող երկրներից պահանջելով ազատ մրցակցություն, ազատ առևտուր, ընդհանրապես ազատականացում` զարգացած երկրներն իրենք առաջին հերթին արտաքին առևտրի սուբսիդավորմամբ, արհեստականորեն իջեցնելով և մրցունակ դարձնելով իրենց ապրանքները, ուղղակի հավասար պայման չեն թողնում գլոբալ զարգացման համար: Կարծում եմ, որ վաղ թե ուշ այս անարդար մրցակցությունը պետք է բախվեր կյանքի պահանջներին, և տեղի ունենար այն, ինչ արդեն տեղի է ունեցել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա` ներկայիս ճգնաժամը նաև վստահության և պատասխանատվության ճգնաժամ է, և երբ այն համեմատում են 1929-33 թթ. Մեծ դեպրեսիայի հետ, ապա, նմանություններով հանդերձ, զգալի են նաև տարբերությունները. ներկայումս բավականին ուժեղացել է երկրների միջև փոխկապվածությունը, նաև առկա է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բուն դերակատարությունը: Մինչդեռ երբ այս կառույցները ստեղծվեցին, գործում էին ֆիքսված կուրսերի համակարգում: «Այսօր` լողացող փոխարժեքի պայմաններում, կարծում եմ` դերակատարության վերանայման լուրջ կարիք կա»: «Դեռևս ստեղծված չէ հակակշիռների մեխանիզմ, հակակշիռներ` այն գործիքին, որն այսօր լուրջ դերակատարություն ունի համաշխարհային տնտեսության մեջ` ԱՄՆ-ի դոլարին, որտեղից էլ հենց ծայր առավ ճգնաժամը: Թեև դրա հակակշիռ կարելի է և եվրոն անվանել, և այլ միտումներ կան աշխարհում, բայց ռեալ հակակշիռ, քաղաքականության կոորդինացման առումով նաև, դեռ չկա»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: Անդրադառնալով ֆինանսատնտեսական ճգնաժամի հայաստանյան դրսևորումներին` տնտեսագիտության պրոֆեսորը նշեց, որ դրանց մասին խոսելիս մենք շեշտը չենք դնում ախտորոշումն` բուն պատճառների վրա, այլ պարզապես ժամանակագրական առումով թվարկում ենք, թե ինչն ինչից հետո պատահեց: Նա ճգնաժամի տեղական հանգամանքերը բաժանեց կառավարելի և անկառավարելի, այսինքն` օբյեկտիվ և սուբյեկտիվ գործընթացների, և առանձնացրեց մենաշնորհները, անմրցունակ տնտեսությունը, հովանավորչությունը, տնտեսական կողմնորոշիչների բացակայությունը և այլն: Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, որ լրջորեն թերագնահատվել է սոցիալական գործոնը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրների տնտեսական քաղաքականության մեջ: «Խոսքը սոցիալական շուկայական տնտեսության կառուցման մասին է, որի փայլուն օրինակները կան համաշխարհային տնտեսության մեջ. երկրներ, որոնք մինչ օրս, անգամ ճգնաժամի պայմաններում, լինելով տարածաշրջանային խաղացողներ, անգամ տնտեսական անկախությունից որոշակիորեն զրկված, կարողանում են քաղել և տնտեսական, և քաղաքական դիվիդենտներ»,- ասաց Թաթուլ Մանսերյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter