
Ըստ Վճռաբեկի՝ օմբուդսմենը ճնշում է գործադրել դատարանի վրա
ՀՀ Վճռաբեկ դատարանը, ի պատասխան ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ներկայացրած հաղորդման՝ 3 դատավորի ենթարկել կարգապահական պատասխանատվության, այսօր տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Դատավորի հեղինակությունը, անկախությունը և անկողմնակալությունը կարևորագույն արժեքներ են, որոնք երաշխավորված են ինչպես միջազգային-իրավական ակտերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ ամրագրված մի շարք հիմնարար դրույթներով:
ՄԱԿ-ի կողմից ընդունված «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների» 17-րդ կետի համաձայն. «Իր պարտականությունները կատարելու ընթացքում դատավորի հասցեին ստացված մեղադրանքը կամ գանգատը, համաձայն համապատասխան ընթացակարգի, պետք է անհապաղ և անաչառ քննարկվի: Դժգոհությունների քննարկումը, եթե դատավորն այլ խնդրանքով հանդես չի եկել սկզբնական փուլում պետք է անցկացվի գաղտնի»:
ՀՀ դատական օրենսգրքում նույնպես ամրագրված է այն սկզբունքը, որի համաձայն` դատավորի վերաբերյալ վարույթը, եթե դատավորն այլ խնդրանքով հանդես չի եկել սկզբնական փուլում, պետք է անցկացվի գաղտնի (109-րդ, 156-րդ հոդվածներ):
Դատական օրենսգրքի համաձայն` Արդարադատության խորհրդի նիստերը դռնփակ են, բացառությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության այն դեպքերի, երբ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պահանջում է իր գործի հրապարակային քննություն (109-րդ հոդվածի 2-րդ մաս), վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «գաղտնի» դրոշմագրով (156-րդ հոդվածի 10-րդ մաս), պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ (11-րդ հոդվածի 5-րդ մաս) և այլն: Օրենսդրական այս իմպերատիվները նախատեսված են` ելնելով դատարանի հեղինակության, դատավորի անաչառության, դատավորի անկախության ապահովման նկատառումներից:
Մարդու իրավունքների պաշտպանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետով, կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին:
Չսպասելով ներկայացված հաղորդումներով Արդարադատության խորհրդի կողմից որոշումների կայացմանը` Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հաղորդագրություն է տարածել, որի բովանդակությունը հետևյալն է. «Մարդու իրավունքների պաշտպանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին, քանի որ Պաշտպանի գնահատմամբ դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը և Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
Դատավոր Երեմ Եսոյանը ընդամենը 9,6 քառ. մետր բնակելի տարածքի վերաբերյալ մոր և որդու միջև դատական վեճը քննել է 19 ամիս, այսինքն` չի ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննելու օրենքի պահանջը: Բացի այդ, անտեսել է բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ օրենքով հստակ սահմանված պահանջը, որով կոպտորեն խախտել է քաղաքացու իրավունքը:
Դատավոր Մասիս Ռեհանյանն անտեսել է առաջին ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու վերաբերյալ քաղաքացու ներկայացրած օրինական միջնորդությունը` որպես իր որոշման հիմք նշելով նման միջնորդության բացակայությունը:
Դատավոր Յուրիկ Իսկոյանը քաղաքացու կալանավորման հարցը լուծելիս քննարկման առարկա է դարձրել նրա մեղավորության հարցը, ինչն անձի անմեղության կանխավարկածի ակնհայտ և կոպիտ խախտում է: Ավելին, դատավորն ամբաստանյալի համար չի ապահովել օրենքով նախատեսված թարգմանչի պարտադիր ներկայությունը: Բացի այդ, դատարանի որոշման մեջ սկզբում չի նշվել կալանավորման ժամկետը, ապա օրենքի խախտումով վրիպակն ուղղելու որոշում է կայացվել և, ի վերջո, սահմանվել է կալանքի ժամկետ, բայց այս անգամ էլ խախտվել է օրենքը` հարցը լուծվել է առանց ամբաստանյալի մասնակցության:
ՀՀ արդարադատության խորհրդի անաչառության և արդյունավետության վերաբերյալ արդեն իսկ հնչել են բազմաթիվ բացասական գնահատականներ, սակայն Պաշտպանն ակնկալում է, որ իր հաղորդումների հիման վրա խորհուրդը կկայացնի արդար որոշումներ»:
Այսինքն` Մարդու իրավունքների պաշտպանը, չպահպանելով միջազգային և ներպետական նորմերի պահանջները, հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տված լինելը` դրանով իսկ կասկածի տակ դնելով ոչ միայն դատավորների հեղինակությունը, այլև նրանց անկախությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը: Քանի դեռ ՀՀ Արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, որևէ այլ պետական մարմին իրավասու չէ հրապարակայնորեն նման գնահատականներ տալ:
Բացի այդ, Դատական օրենսգրքի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցեր քննարկելիս Արդարադատության խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան և ինչպես նշում է Սահմանադրական դատարանն իր 2005 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-563 որոշման մեջ. «Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան նմանատիպ հարցերի առնչությամբ մասնավորապես վկայում է, որ անկախ դատական համակարգը սահմանադրորեն պաշտպանված է ընդդեմ ցանկացած արտաքին միջամտության, ուստի և Օմբուդսմենին դատարաններին վերահսկելու որևէ գործառույթի վերապահումը անհամատեղելի է իշխանությունների տարանջատման և դատարանների անկախության սկզբունքի հետ»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի անկախության բաղադրատարրերից է, inter alia, արտաքին ազդեցությունը բացառող երաշխիքների առկայությունը:
Եվրոպական երկրների համապատասխան օրենսդրության մեջ գոյություն ունեցող այս պրակտիկան իր ամրագրումն է գտել նաև Եվրոպական օմբուդսմենի կանոնադրության մեջ: Վերջինս արգելում է Եվրոպական օմբուդսմենին միջամտել դատարաններում քննության առնվող գործերին կամ դատարանի լուծմանը ենթակա հարցերին:
Մինչդեռ Արդարադատության խորհրդի փոխարեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը Արդարադատության խորհրդի` որպես դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում, ուղղակի միջամտություն է Արդարադատության խորհրդի գործունեությանը, ինչը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը:
Քանի որ նման վարքագիծն սկզբունքորեն անընդունելի է, Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում ենք հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել