
Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող փաստահավաք խումբը` իշխանությունների ակտիվ միջամտությամբ, անգործության մատնվելուց հետո, այժմ էլ կանգնել է փաստացի փլուզման առջև: Փաստահավաք խմբի ղեկավար, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը երեկ ասել է, որ մտադիր է դարդարեցնել իր գործունեությունը փաստահավաք խմբում: Իր մտադրությունը նա պատճառաբանել է խմբում ստեղծված «անառողջ մթնոլորտով»:
Հետարքիր «զուգադիպությամբ» նույն բանն ասել է նաև փաստահավաք խմբում նախագահի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը, մանրամասնելով, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը չի ստորագրել մարտի մեկին զոհված ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ փաստահավաք խմբի փաստաթուղթը: Սա, ըստ էության, ինքնախոստովանանքի նման բան է, որով Ավագյանը մատնել է նաև իշխանություների ծրագրերը, փաստահավաք խմբի գործունեության, ավելի ճիշտ` նրա աշխատանքը կազմալուծելու առնչությամբ:
Իրականում ամեն ինչ շատ պարզ է. փաստահավաք խումբը պարզել է, որ հատուկ քննչական ծառայությունը և մնացած պետական գերատեսչությունները ակնհայտորեն կոծկել են Համլետ Թադևոսյանի մահվան իրական հանգմանքները, այն է` սպան զոհվել է ոչ թե ցուցարարների կողմից արձակված նռնակի, ինչպես «սարքված» էր քրեական գործի նյութերում, այլ իր ձեռքում եղած նռնակի պայթյունի հետևանքով: Այսինքն` փաստահավաք խմբի հետագա գործունեությունը կարող էր ջրի երես հանել առանձին վերցրած մարտի մեկի բոլոր զոհերի մահվան իրական հանգամանքները և ընդհանուր առմամբ ու վերջնականապես` այդ ոճրագործության բոլոր կազմակերպիչներին և իրականացնողներին: Այնպես որ, իշխանություններին պետք էր դադարեցնել փաստահավաք խմբի գործունեությունը, ինչը և արել են` առայժմ Վահե Ստեփանյաի«ինքնաբացարկի» միջոցով:
Տալու են ընկեր Վահանին
Թերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը թափուր է մնացել կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո, իշխանությունները որոշել են առաջարկել ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությանը: Սակայն ըստ թերթի աղբյուրների` «Ժառանգությունը» հրաժարվելու է այդ պաշտոնից, ինչն արդեն իսկ հայտնի է իշխանություններին:
Պաշտոնապես «Ժառանգությանն» առաջարկելուց և մերժում ստանալուց հետո, իշխանություններն այդ պաշտոնն առաջարկելու են ՀՅԴ-ին, որն էլ պատրաստվում է որպես թեկնածու առաջադրել Վահան Հովհաննիսյանին: Թերթի տեղեկություններով` Վահան Հովհաննիսյանն այս օրերին զուգահեռաբար զբաված է մեկ այլ գործով. նա տարբեր շրջանակներում դժգոհություն է հայտնում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանինց` հույս ունենալուց, որ այդ պաշտոնը ևս կտրվի իրեն: Բանն այն է, որ մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի 32-րդ լիագումար նիստի բացման ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անունից ելույթ է ունեցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան և ԼՂՀ վերաբերյալ բավական կոշտ հայտարարություններ արել: Սակայն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողվում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը որևէ կերպ չի արձագանքել Մուրադովային, ինչն էլ պատճառ է դարձել, որ մի քանի օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշին` անթույլատրելի համարելով ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցչի նման քայլը: Բայց չգիտես ինչու Վ. Հովհաննիսյանը ԱՊՀ ՄԽՎ-ում տեղի ունեցածի համար մեղադրում է ոչ թե նախանցած խորհրդարանական ընտրություններով ՀՅԴ համամասնական ցուցակի անդամին` Արևիկ Պետրոսյանին, այլ` Արամ Սաֆարյանին: Ըստ նրա` եթե Ա. Սաֆարյանն արդյունավետ աշխատեր, ապա վեհաժողովի անունից ողջույնի խոսք կասեր ոչ թե ադրբեջանցի Մուրադովան, այլ հայերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել