
Իշխանական քաղաքական ուժերը և մասնավորապես` Հանրապետական կուսակցությունը, շարունակում են նորանոր միջոցներ փնտրել` մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները կեղծելու համար:
Ուժային մեթոդներով խնդիրը լուծելուց բացի, հանրապետականները, ինչպես հայտնի է, լծվել են տարբեր տեսակի ցուցակներ կազմելու գործին` սկսած «100 %» կոչվածներից, վերջացրած ժամկետային զինծառայողների ցուցակներով: Երեկ թերթին հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցությունն արդեն անցել է բնակչության ամենախոցելի խավերի ցուցակագրման գործին:
Մաանավորապես, խիստ հավաստի տեղեկություններով, ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանի` Չոռնի Գագոյի կենտրոնական նախընտրական շտաբը օրերս դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (հայտնի որպես կենսաթոշակային հիմնադրամ), որտեղից ստացել է Երևանի և չգիտես ինչու, նաև մոտակա մարզերի սոցիալապես անապահով բնակիչների ցուցակները: Այդ ցուցակներում, համաձայն թերթի աղբյուրների, ընդգրկված են ամբողջ ընտանիքներ. ցուցակում նշված են վերջիններիս անուն-ազգանուն-հայրանունները, հեռախոսահամարները և հասցեները: Կա հատուկ, բայց չլրացրած վանդակ նաև պատասխանատուների համար: Ենթադրվում է, որ այդ վանդակում կլրացվեն ՀՀԿ-ական այն ակտիվիստների անունները, ովքեր ընտրակաշառք բաժանելու ժամանակ կկոորդինացնեն այս կամ այն համայնքը: Նշենք, որ ՀՀԿ-ի շտաբում եղած այդ ցուցակները բազմաթիվ են, իսկ դրանցում ընդգրկված մարդկանց թիվն էլ հասնում է մի քանի հազարի: Համաձայն թերթի աղբյուրների` սույն ցուցակներում ընդգրկված անձանց համար հանրապետականները նախապատրաստել են 5000-ական դրամ: Այդ գումարը, սակայն, ցուցակում ընդգրկված անձինք պետք է ստանան միայն ընտրությունների նախաշեմին: Ավելին, այդ ցուցակներում ընդգրկված մարդիկ իրենք էլ դեռ տեղյակ չեն, որ հանրապետականները իրենց համար գումար են նախապատրաստել: Թերթին երեկ դա հաջողվել է պարզել` զրուցելով ցուցակում ընդգրկված մարդկանցից մի քանիսի հետ:
Այս պատմության մեջ ամենաուշագրավը, սակայն, այն չէ, որ ՀՀԿ-ն Գագիկ Բեգլարյանին գոնե ինչ-որ ձայներ բերելու համար պատրասատվում է ընտրակաշառք բաժանել (որին, ի դեպ, փոքր գումար չի հատկացվել. ամենահամեստ հաշվարկներով` այս ծրագրի վրա միայն պետք է ծախսվի առնվազն 10 մլն դրամ), այլ այն, թե ՀՀԿ-ն ինչու է հենց այս մարդկանց տվյալները հավաքագրել: Այսինքն` հանրապետականները, կարճ ասած, հավաքագրել են փողի կարիք ունեցող քաղաքացիների տվյալները` մտածելով, որ եթե մարդիկ ֆինանսական ծանր վիճակում են, եթե ապրում են պետությունից ստանալիք չնչից նպաստների հաշվին, ապա, բնականաբար, 5000 դրամ գումարի դիմաց պատրաստ պետք է լինեն մասնակցել տարբեր տեսակի «կարուսելների», քվեարկել այն թեկնածուի օգտին, ում ՀՀԿ-ն կասի, կամ էլ, եթե պետք լինի, ընդհանրապես չգնալ ընտրությունների:
Այսինքն` հասարակության խոցելի խավի մասին իրապես մտածելու փոխարեն, իշխանությունները որոշել են, օգտվելով այդ բնակիչների խոցելի լինելու հանգամանքից, ուղղակի օգտագործել նրանց: Մի բան, որ լիովին տեղավորվում է ՀՀԿ-ի գործելաոճի մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել