HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ղարաբաղցի մարզիչը կղեկավարի Կապանի «Գանձասարը»

futbol

2008 թ. Հայաստանի բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» Հայաստանի 2009 թ. առաջնության մեկնարկային խաղերում իրար հետևից պարտություններ կրեց, ինչի արդյունքում ապրիլին պաշտոնանկ արվեց թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը: Վերջինիս պարտականությունները մինչեւ անցած շաբաթ կատարում էին նրա օգնականները: Գլխավոր մարզչից հեռանալուց հետո «Գանձասարը» դրսում հաղթանակ տարավ «Արարատ»-ի նկատմամբ: Հերթական հաղթանակը գրանցվեց մայիսի 24-ին` Երեւանի «Բանանց»-ի հետ մրցապայքարում: 

«Գանձասար» ակումբի տնօրինությունը պայմանագիր է կնքել Սլավա Գաբրիելյանի հետ, ով էլ նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնակատար: Ինչպես տեղեկացրին ակումբից, ՈՒԵՖԱ-ի որոշման համաձայն, գլխավոր մարզիչները պետք է ունենան հատուկ արտոնագիր, ու այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ:

sgabrielyan-260509

Սլավա Գաբրիելյանը չունի այդ արտոնագիրը, ուստի նա դեռեւս գլխավոր մարզչի պաշտոնակատար է: Վերջինս ավարտել է Մոսկվայի մարզական դպրոցը, երկար տարիներ ընդգրկված է եղել Երեւանի «Արարատի» մարզչական շտաբում, ապա գլխավորել է «Լեռնային Արցախ» թիմը, աշխատել է նաեւ Լիբանանում: Ինչ վերաբերում է «Գանաձասար»-«Բանանց» խաղին, ապա առաջին իսկ վայրկյաններից աչքի ընկան կապանցիները: Դեռ չէին հասցրել հրապարակել թիմերի կազմերը, երբ խաղի 3-րդ րոպեին Վահե Դավթյանը գրավեց մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսում, գանձասարցիները կարծես թուլացան, ու բազմիցս գոլային պահեր էր ստեղծվում «Գանձասարի» կիսադաշտում: Ի վերջո, հյուրերից Տիգրան Հովսեփյանին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը:

agyuxbyudaxyanc-260509

Բայց երկրորդ խաղակեսի ավարտից առաջ, գնդակը 2-րդ անգամ հայտնվեց «Բանանց»-ի դարպասում: Վերջինիս գլխավոր մարզիչ Արմեն Գյուղբուդաղյանցի խոսքով, հաղթանակը չէր խանգարի մրացաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում գտնվող «Բանանց»-ին, բայց խաղը մնում է խաղ: Իսկ հանդիպման ավարտն ազդարարող սուլիչի ձայնը ոգեւորեց թե' կապանցի ֆուտբոլիստներին, թե' նրանց երկրպագուներին: Այս մրցաշրջանում մեր մարզադաշտում դեռեւս հաղթանակ չէր գրանցվել: Սլավա Գաբրիելյանը արձանագրված հաղթանակը բոլորինն է համարում, ու չնայած նոր-նոր է անցել աշխատանքի, բայց թիմի իրավիճակը գնահատում է բավարար. «Թերեւս հաղթանակի պատճառը կամքն էր, «Բանանց»-ը ուժեղ թիմ է, ավելի մարտունակ»,-ասաց նոր մարզիչը: Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Գանձասարի» կազմում էին ընդգրկվել բազմաթիվ լեգեոներներ, որոնց մի մասը` Սերբիայից: Սակայն աստիճանաբար ակումբը հրաժարվեց արտասահմանցիների ծառայություններից: Մի քանի խաղացող էլ հեռացվեցին նախկին մարզչի հետ: «Գանձասար»-ում այսօր 12-13 խաղացող կա, ինչը դժվարացնում է աշխատանքը: Կիրակի, խաղից առաջ լեգեոներից ռումինացի Վիգել Մարշելավելլին հրաժարվեց խաղադաշտ մտնել: Սլավա Գաբրիելյանի խոսքով, ինքը ֆուտբոլիստին ընդգրկել էր փոխարինողների կազմում: Մեկ այլ աղբյուրի հավաստմամբ, ռումինացին ընտանեկան պատճառներով է հրաժարվել խաղից: Ամեն դեպքում Սլավա Գաբրիելյանը այլեւս չի աշխատի նրա հետ. «Ես հարաժարվում եմ նրա ծառայություններից: Ինքը լավ գիտեր, որ փոխարինող չունեմ, այսօր ֆուտբոլիստները մի կերպ դիմացան` հոգնել էին վերջում»,-ասաց մարզիչը: «Գանձասարը» առաջիկայում կանցնի «սելեկցիոն» աշխատանքների, այսինքն` աշխատանքներ կտարվեն թիմի կազմը համալրելու ուղղությամբ: Ակումբի ղեկավարները մտադիր են մինչեւ ամառ` Եվրոպայի լիգայի խաղարկությունը, ուժեղացնել թիմի կազմը:

Սլավա Գաբրիելյանն արդեն նախնական պայմանավորվածություններ ունի որոշ խաղացողների հետ, բայց գտնում է, որ «Գանձասարը» պետք է համալրվի տեղացի խաղացողներով. «Չեմ ասում հրաժարվենք լեգեոներներից, իրենք էլ են պետք, ուղղակի լավ խաղացողներ պիտի լինեն: Իսկ ամենալավը էն կլինի, որ երկու-երեք տարի անց «Գանձասարը» համալրված կլինի տեղացի ֆուտբոլիստներով: Ղարաբաղում էդպես արեցի, գուցե ղարաբղցիներ էլ հրավիրեմ : Բայց հիմնականում «Գանձասար» ակումբի պատանեկան թիմերից պիտի համալրենք հիմնական կազմը»,-ասաց Ս. Գաբրիելյանը: Մնում է հուսալ, որ «Գանձասար»-ը աղյուսակի վերջին հորիզոնականներից գոնե մի քիչ վեր կբարձրանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter