Սյունիքում կստեղծվեն կենսոլորտային պահպանավայրեր
«Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» ծրագրի շրջանակներում Գերմանական զարգացման KFW բանկի ֆինանսավորվամբ Սյունիքում նախատեսվում է ստեղծել կենսոլորտային պահպանավայրեր: Ծրագիրը նպատակ ունի պահպանել կենսաբազմազանությունը եւ զարգացնել պահպանվող տարածքները, որպեսզի մեղմացվեն բնական պաշարների գերօգտագործման, շահագործման կոնֆլիկտները, լուծվեն բնապահպանական հիմնախնդիրներ:
«Հայաստանի մարզերից ընտրվել է նաեւ Սյունիքը, քանի որ այստեղ են գտնվում Շիկահողի արգելոցը, «Սոսիների պուրակ» արգելավայրը, կան պահպանվող տարածքներ նաեւ Մեղրու տարածաշրջանում: Բացի դրանից հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ Սյունիքում զարգացած է հանքարդյունաբերությունը, ինչը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանում»,-ասաց Հարավային Կովկասում բնության պահպանության համագործակցության Հայաստանի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանը: Նշենք, որ ծրագիրը դեռեւս գտնվում է նախապատրաստական փուլում:
Մեկնաբանել