«Ղարաբաղ Տելեկոմ»-ը գծային եւ բջջային կապի ոլորտում միակն է Ղարաբաղում
Ղարաբաղը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցուցանիշներով մի քանի անգամ Հայաստանից ետ է մնում: Բնակչության համակարգչային հագեցվածությունն Արցախում կազմում է 10 տոկոս: Կրթական հաստատությունների համակարգչային հագեցվածությունը`15 տոկոս է, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններինը` 38 տոկոս:
Բնակչության` ինտերնետային կապով ապահովվածությունը կազմում է 8 տոկոս, կրթական հաստատություններում` 2.5 տոկոս, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` 16 տոկոս: Էլեկտրոնային ծառայությունների մասնաբաժինը պետական մարմինների կողմից մատուցվող ընդհանուր ծառայություններում 35 տոկոս է:
Այս տվյալները կառավարության օրերս կայացած նիստի ընթացքում հրապարակել է Տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը:
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը` վարչապետը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է որակյալ կապի ապահովում: Իսկ դրան, ըստ տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանի, խոչընդոտում է այն փաստը, որ կապի ոլորտում կա ընդամենը մեկ օպերատոր:
«Երկրորդ օպերատորի մուտքը Ղարաբաղ մրցակցություն կապահովի, ինչն էլ իր հերթին կբարձրացնի կապի որակը, ինչպես Հայաստանում է»,- ասել է Տնտեսական զարգացման նախարարը: Ի պատասխան` վարչապետը նշել է, որ երկրորդ օպերատորի մուտքն ապահովելու համար չկան համապատասխան իրավական հիմքեր, ուստի պետք է առաջին հերթին աշխատել գործող միակ օպերատորի հետ եւ դնել կարճ ժամկետում որակյալ կապի ապահովման պահանջներ:
Տեղեկացնենք, որ Ղարաբաղում կապի միակ օպերատորը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն է, որը մատուցում է ոչ միայն բջջային եւ անշարժ հեռախոսակապի, այլ նաեւ ինտերնետ ծառայություններ:
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի եւ սակագների մասին բազմիցս է խոսվել Ղարաբաղում, ու տարբեր ժամանակներում էլ դժգոհություններ եղել են` եւ' որակից, եւ' սակագներից: Ճիշտ է, վերջերս ընկերությունը սակագների մեղմացմանն ուղղված քայլ է կատարել` իջեցնելով դրանք, սակայն դա բաժանորդներին չի գոհացնում, հատկապես` Հայաստանում գործող գների հետ համեմատության համատեքստում: Դժգոհությունները միայն սակագներից չեն, այլ նաեւ կապի որակից:
Ինտերնետից ամեն օր օգտվող ստեփանակերտցի Կարեն Սարգսյանը դժգոհ է մատուցվող կապի արագությունից, հատկապես ինտերնետ-սրահներում: Նա ասում է, որ շատերի կարծիքով` հատուկ են դանդաղ կապ ապահովում, որ մարդիկ ավելի երկար նստեն ինտերնետ-սրահներում: «Dial-up կապի համեմատ DSL-ը նորմալ է, եւ քանի որ ես իմ օրն առանց ինտերնետի չեմ պատկերացնում, բավարարվում եմ եղածով, սակայն այն գոհացուցիչ համարել չի կարելի»,- մեր զրույցի ժամանակ նշեց Կ. Սարգսյանը:
Ինտերնետ ծառայությունների ոլորտում, բացի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից, գերիշխող է ճանաչվել նաեւ «Արմինկո-ՆԿ»-ն, սակայն այս ընկերության կողմից մատուցվող ծառայության որակից նույնպես գոհ չեն Ղարաբաղում: Անցյալ տարվա գարնանը Ստեփանակերտի տարածքում ինտերնետ ծառայությունների մատուցման անժամկետ լիցենզիա ստացավ երրորդ ընկերությունը` «Արդի տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն: Ընկերությունը խոստանում էր ապահովել ավելի արագ, որակյալ եւ ավելի ցածր սակագներով ինտերնետ կապ, սակայն այդ երրորդ ընկերության մուտքն այդպես էլ չկայացավ:
Հավելենք նաեւ, որ գծային եւ բջջային կապի ոլորտում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մենաշնորհն անցյալ տարի ճանաչվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի որոշմամբ: Սակայն, հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի հավաստմամբ, մենաշնորհի ճանաչումը չի նշանակում, որ ընկերությունը կխոչընդոտի նոր օպերատորների մուտքը շուկա:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում հստակ գրված է, թե ինչ մեխանիզմներ կարող են կիրառվել մենաշնորհային եւ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հանդեպ, երբ այն խոչընդոտում է ուրիշ ընկերությունների շուկա մտնելուն: «Մենաշնորհի չարաշահման դեպքում նախատեսված է տուգանք` մինչեւ 500 մլն դրամ»,- նշել է Վ. Ադամյանը:
Հիշեցնենք, որ «Ղարաբաղ Տելեկոմը» Արցախում երկրորդ ամենախոշոր հարկատուն է: Բացի այդ, ընկերությունը տարբեր առիթներով բարեգործություններ է կատարում. հանրապետության տարբեր բնակավայրերում մանկական խաղահրապարակներ է կառուցում, իսկ վերջին մի քանի տարվա ընթացքում էլ խոշոր ներդրումներ է կատարում առողջապահության ոլորտում: Այս տարվա սկզբին ԼՂՀ կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ հուշագիր ստորագրվեց, ըստ որի` վերջինս պարտավորվում է 2009 թ. ընթացքում 600 մլն դրամ հատկացնել Արցախի առողջապահական բնագավառում նախատեսվող մի շարք ծրագրերի, այդ թվում` անցած տարի մեկնարկած ծրագրերի շարունակման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել