HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Հակամարտությունների մասին ֆիլմեր` հայ-ադրբեջանական համատեղ արտադրությամբ

Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում ներկայացվեցին «Ինտերնյուս» հ/կ-ի կողմից իրականացված «Հակամարտությունների աշխարհը» նախագծի շրջանակներում հայ-ադրբեջանցի հեղինակների հետ համատեղ  նկարահանված 6 ֆիլմերը: Ֆիլմերը տարբեր ժողովուրդների միջեւ եղած հակամարտությունների մասին են: «Ինտերնյուս» հ/կ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն ասում է, որ պետք չէ կենտրոնանալ միայն  ղարաբաղյան խնդրի վրա. «Միշտ պետք է հասկանալ, որ կան այլ նմանատիպ խնդիրներ, իմանալ դրանց մասին, տեսնել թե ինչ  ճանապարհներով են դրանք լուծվում:

Երբ խոսում ենք ղարաբաղյան կոնֆլիկտի մասին, շատ դժվար է լինել օբյեկտիվ, իսկ երբ միասին խոսում ենք մեկ այլ կոնֆլիկտի մասին, որը էմոցիոնալ կերպով մեզ հետ կապված չէ, համեմատաբար ավելի հեշտ է»: Նունե Սարգսյանն ասաց, որ նմանատիպ ծրագրերը միայն մի նպատակ կարող են ունենալ. «Մենք ունենք ընդհանուր մի փոքր դաշտ, որտեղ մենք ադրբեջանցիների հետ կարող ենք շփվել:  Այս մեր ծրագրերով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները չեն լուծվելու, բայց մենք աշխատում ենք մեր շփման դաշտը մեծացնել: Հենց դրա համար էլ անում ենք նմանատիպ ծրագրեր, որովետեւ չանել չի կարելի»: Ծրագրում ընդգրկված են տարբեր հակամարտությունների մասին պատմող 6 ֆիլմ: 

Արա Շիրինյան . «Անբաժանելի կղզի» ֆիլմը վերաբերում է Կիպրոսի շուրջ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ  հակամարտություններին: Կիպրոսի հակամարտությունը շատ նմանություններ ունի մեր ղարաբաղյան խնդրի հետ. երկու կոնֆլիկտներում էլ եղել է պատերազմ, թափվել է արյուն, եւ կա չճանաչված հանրապետություն: Միակ տարբերությունն այն է, որ կիպրոսյան հակամարտությունը ավելի շուտ է սկսվել կարգավորվել, հաշտեցման գործընթացը ավելի վաղ է սկսվել, եւ նրանք հիմա ավելի մոտ են փոխզիջումային լուծումներին: Հայ-ադրբեջանական կողմը այս ֆիլմում պահպանել է հավասարակշռությունը, փորձել ենք երկու կողմերին էլ հավասարապես ներկայացնել: Ֆիլմում մասնակցում են թուրք եւ հույն տնտեսագետներ, որոնք փորձում են վերլուծել հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը: Նրանք փորձում են բացատրել, որ հակամարտությունից հետո հունական Կիպրոսը մեծ զարգացում ապրեց, իսկ թուրքական Կիպրոսը մնաց չզարգացած, եւ մինչեւ օրս այդ կենսամակարդակների ահռելի տարբերությունը գոյություն ունի: Ֆիլմում մասնակցել են տարբեր մարդիկ, ովքեր տարբեր շրջաններում փորձել են բացատրել կոնֆլիկտի էությունը, գտնել հաշտեցման եզրեր: Ֆիլմը ակտուալ է նրանով, որ հաշտեցման եզրեր գտնելու պրոցեսը սպասվում է հայ եւ ադրբեջանցի հասարակություններից: Այս ֆիլմերը կօգնեն մեր կոնֆլիկտին նայել կողքից, նայել ոչ կաղապարված հայացքներով, իմաստավորել տեղի ունեցածը, եւ հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է հասնել մի լուծման, որը ընդունելի կլինի երկու կողմերի հասարակ մարդկանց համար: Ադրբեջանցիների հետ Կիպրոսի թեմայով աշխատելը շատ դժվար էր: Իրենք իրենց նույնացնում են թուրքերի հետ, եւ այն համարում են իրենց կոնֆլիկտը: Դժվար էր նաեւ տեխնիկական խնդիրները լուծելը, քանի որ հանդիպել ենք միայն նկարահանման վայրում, իսկ դրան նախորդող եւ հաջորդող աշխատանքները արվել են առանձին, բայց համաձայնեցնելով: 

Արտյոմ Երկանյան. «Հաջողության կղզիներ» . Ֆիլմը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջեւ  Ալանդների շուրջ հակամարտության մասին է,որը  մեր պատկերացումներով եւ մեր չափանիշներով հակամարտություն կոչել չի կարելի, որովհետեւ ո’չ պատերազմ է եղել, ո’չ էլ արյուն է թափվել: Մի վեճի մասին պատմություն, որը լուծվել է ի շահ տարածքային ամբողջականության պահպանման համար: Ամենասկզբում ես ունեի նման մտավախություն, որ միգուցե ես ինձ կզգայի շվեդների դերում, իսկ ադրբեջանցիներին`  ֆիների, եւ ես հակված կլինեի պաշտպանել Շվեդիայի տեսակետները: Բայց կարծես ես ուրիշ մոլորակի մասին էի նկարահանում, եւ որեւէ զուգահեռներ իրոք չի կարելի անցկանել: Նույն բանը նկատում էին նաեւ ադրբեջանցիները եւ այդ պատճառով աշխատանքը շատ հեշտ ընթացավ:

Տիգրան Պասկեւիչյան. «Սովորական ուտոպիա» (Բասկերի երկրի հակամարտության մասին).  այս հակամարտությունը այնքանով է նման Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որքանով որ նման են բոլոր հակամարտությունները: Այստեղ կրկին խնդիրը դրված է երկու սկզբուների միջեւ` ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Բասկյան հողերը ցրված են տարբեր կողմերում եւ իրենց համար առաջնային խնդիրը, բացի անկանխանալուց, այդ բոլորը մասերի միավորումն է, ինչը մեծ հաշվով ուտոպիա է: Հետաքրքրական է, որ այս շրջանի մարդիկ չունեն սոցիալական, կրթական կամ անվտանգության խնդիրներ, բայց, միեւնույնն է, ձգտում են անկախության: Եվ դրա ձգտումը չի սահմանափակվում միայն տեռորիզմով: Մենք հենց տեղում նկարեցինք խաղաղ երթեր, ցույցեր, իրենց քաղբանտարկյալների հետապնդման հարցերը բարձրացնող միջոցառումներ. բավականին նմանություններ կան այժմյան Հայաստանի հետ: Մենք պետք է ծանոթանանք մեր հակամարտությանը նման այլ հակամարտություններին եւ տեսնենք, թե ինչպիսի լուծումներ կան նման իրադրություններում: Բասկերի հիմնական խնդիրը ոչ թե Բասկ-Իսպանիա հարաբերությունների հիմք ունեն, այլ հասարակական: Հասարակությունը պետք է որոշի, թե ինչ է ուզում, համերաշխության գա: Նրանց մոտ հետաքրքրական է այն, որ մարդիկ, ովքեր անկախական չեն, համաձայն են ինքնորոշման իրավունքի սկզբունքների հետ: Կարեւոր է նաեւ բազմակարծությունը իրենց հասարակությունում, որը մեզ մոտ չկա: Ինձ համար ադրբեջանցիների հետ հեշտ էր աշխատել, քանի որ նրանց հետ ես վաղուց էի ծանոթ եւ միասին աշխատելու փորձ ունեինք: 

Լեւոն Քալանթար. «Ցավի եւ հույսի մեջ» (Բոսնիայի հակամարտություն), «Վստահության եզրին» (Հյուսիսային Իռլանդիա). Պետք է մի կողմ դնել քո կոնֆլիկտը եւ հարեւանի կոնֆլիկտին կողմնակի աչքով նայել. այս դեպքում շատ բաներ են քեզ պարզ դառնում: Այս ֆիլմում ոչ մի պրոպագանդա չկա, այստեղ կա ցավ, կան կոչեր, կան հասարակ մարդկանց պատմություններ: Բոլոր կոնֆլիկտները ընդհանրապես նույն բնույթն ունեն, բոլոր կոնֆլիկտները ստեղծում են քաղաքական գործիչները, իսկ դրա կրողը դառնում են մարդիկ, ովքեր քաղաքական գործիչների ձեռքում դառնում են խաղալիք: Ընդհանրապես բոլոր կոնֆլիկները տարբեր լուծումներ ունեն, եւ յուրաքանչյուր կոնֆլիկտ ի վերջո լուծում կստանա, եւ  կոնֆլիկտներ լուծողները միայն ժողովորդն է: Ադրբեջանական կողմից լավ ընտրված մարդիկ են եղել, եւ հասկացել  են, թե այս ամենը ինչի համար է արվում, իսկ պրոպագանդայով զբաղվելը անիմաստ գործողություն է, քանի որ իրավիճակն այլ է: 

Արմեն Սարգսյան. (Հարավային Տիրոլի մասին): Ինձ զարմացնում էր այդ լեռնային ժողովրդի եւ Ղարաբաղի ժողովուրդների միջեւ նմանությունը: Իրենք էլ 100 տարուց ավելի պայքարում են, սակայն ես էլ հասկացա, որ Հայաստանը Ավստրիա չէ եւ Ադրբեջանը Իտալիա չէ, որպեսզի այս խնդիրը նման լուծում ստանա: Մենք որեւէ նպատակ չենք ունեցել ինչ-որ զուգահեռներ անցկացնել այս եւ Ղարաբաղի խնդրի միջեւ: Ֆիլմը դեռ մոնտաժման խնդիրներ ունի` կապված ադրբեջանական կողմի հետ եւ կներկայացվի ցուցադրման երկրորդ փուլում: Ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 27-ից  մինչեւ հունիսի 2-ը «Ինտերնյուսի» գրասենյակում: Իսկ հունիսի 6-ից մինչեւ հուլիսի 4-ը արդեն 6 ֆիլմերը կցուցադրվեն Նարեկացի արվեստի միությունում: Ադրբեջանում էլ նման ցուցադրություններ կլինեն, իսկ երկու երկրներում էլ հեռուստացուցադրությունների համար բանակցություններ դեռ շարունակվում են:

Նախագիծն իրականացվել է Բրիտանական դեսպանատան աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter