HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կ. Նաղդալյանը ցանկանում է բողոքարկել Ա. Սարգսյանին վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը

Սակայն գործի վերաբերյալ նյութերը նրան ձեռք բերել չի հաջողվում Հանրային հեռուստառադիոխորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանի քույրը` Կարինե Նաղդալյանը, եղբոր սպանությունը պատվիրելու համար մեղադրված և 15 տարի ազատազրկված Արմեն Սարգսյանի` Վազգեն Սարգսյանի եղբոր վաղաժամկետ ազատման մասին իմացել է հեռուստատեսությամբ: Այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նա ասաց, որ չնայած նման որոշումների մասին առաջին հերթին տուժողը պետք է տեղյակ լինի, բայց որքան էլ տարօրինակ է` իրենք մյուսների նման լուրերով են իմացել այդ մասին: Կ. Նաղդալյանը նշեց, որ ազատ արձակումը տեղի է ունեցել օրենքի խախտումներով: Վերջին ութ ամիսների ընթացքում նա դիմել է ամենատարբեր իրավասու մարմինների`ազատ արձակման հետ կապված փաստաթղթերն իրեն տրամադրելու համար, բայց մինչ օրս դրանք չի ստացել: «Նման որոշումներն իրականանում են նախագահի միջամտության շնորհիվ, այլապես հնարավոր չէր, որ 15 տարի ազատազրկվածը 5 տարի 6 ամիս հետո հայտնվեր ազատության մեջ: Լուրերով այդ մասին ոչինչ չասվեց, միայն հայտարարվեց, որ վաղաժամ ազատ է արձակվել: Տարօրինակն այն էր, որ ԶԼՄ-ներով ասվում էր, որ Ա. Սարգսյանը դատապարտված էր 10 տարի ազատազրկման: Թե որտեղից էր դա վերցված, պարզ չէ: Մի քանի օր անց ես հեռուստատեսությամբ լսեցի հարցազրույց նախագահի հետ, կարծեմ Գյումրիում, երբ լրագրողներից մեկը հարցրեց նրան, թե արդյոք կարելի՞ էր ներում շնորհել այն մարդուն, ով պատվիրել է Հանրային հեռուստառադիոխորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Նախագահն ասաց, որ ինքը ոչ մի ներում էլ չի շնորհել, պարզապես իրեն տրված իրավասություններով կրճատել է ժամկետը: Որքանով ես տեղյակ էի, նախագահին նման իրավասություններ տրված չեն»,- ասաց նա` հավելելով, որ դիմել է Արդարադատության նախարարություն, զրուցել է նախարարի հետ: Նախարար Գ. Դանիելյանը նրան հավաստիացրել է, որ ինքն այդ որոշման հետ կապ չունի. այն կայացրել է վարչական դատարանը, իսկ անկախ հանձնաժողովը հավանության է արժանացրել: «Պարզապես Արմեն Սարգսյանը դիմել է խնդրանքով, որ իր ժամկետը կրճատեն, և այն կրճատել են: Իսկ իմ այն հարցին, թե ե՞րբ է դիմել և ինչքա՞ն ժամկետով է կրճատվել, և ինչո՞ւ մենք ոչնչից տեղյակ չենք, պրն Դանիելյանը զարմացավ, որ մեզ փաստաթղթերը չեն հասել, և ասաց, որ կուղարկի: Հարցրի` հանձնաժողովի որոշմա՞մբ է դա տեղի ունեցել, թե՞ նախագահի, պրն Դանիելյանն ասաց, որ նախագահն ընդհանրապես կապ չունի այդ գործի հետ, և որ ես ինչ-որ բան խառնում եմ: Իր օգնականին խնդրեց գտնել նախագահի այդ հարցազրույցը, և երբ համոզվեց, որ ճիշտ եմ, զարմացավ ու էլ չկարողացավ ոչինչ պատասխանել»,- ասաց նա: Երբ տիկին Նաղդալյանը Արդարադատության նախարարին ասել է, որ հանդիպելու է լրագրողների հետ, նախարարն իրեն ասել է` «Ձեր եղբայրը հեղինակություն է, և լրագրողների հետ խոսելիս, աղմուկ բարձրացնելիս նրա հեղինակության հետ կխաղաք»: «Ստացվում է` իրենք ոճրագործին հինգ տարի հետո ազատում են և հեղինակության մասին չեն մտածում, իսկ ես, որ արդարություն եմ պահանջում, իմ եղբոր հեղինակության հե՞տ եմ խաղում»,- իր զարմանքը հայտնեց Կ. Նաղդալյանը: Վերջինը փաստաթղթերը ստանալու համար ստիպված է եղել նաև գրավոր դիմում ուղարկել Արդարադատության նախարարություն: Պատասխանի երկար ձգձգումից հետո, ի վերջո, անձամբ գնացել է նախարարություն: Արդյունքում նրան ուղարկել են միայն Ա. Սարգսյանին ազատ արձակելու մասին որոշման պատճենը: Կ. Նաղդալյանը դիմել է նաև Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան, որտեղ կայացվել էր Արմեն Սարգսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակումի վերաբերյալ որոշումը: Նա խնդրել է իրեն տրամադրել դատական ակտն ու նյութերը: Սակայն կրկին նրան ուղարկել են ազատ արձակման վերաբերյալ որոշման պատճենը: «Այստեղ ասվում է, որ 04.09.2008 թ. ՀՀ նախագահի 235 հրամանագրով ներում է շնորհվել, պատժաժամկետի չկրված մասը կրճատվել է 6 տարի 6 ամիս ժամկետով, թողնվել է կրելու ազատազրկում 8 տարի 6 ամիս: Պատժաժամկետից մնացել է կրելու երկու տարի վեց ամիս 17 օր, և համաձայն ներկայացրած միջնորդագրի` Սարգսյանը պատիժը կրելու ընթացքում բնութագրվել է դրական, ապացուցել է իր ուղղված լինելը, կարգապահական տույժի չի ենթարկվել, մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին, պարգևատրվել Հայաստանի երկրապահի հուշամեդալով: Ուզում եմ հիշեցնել, որ վերջին երկու կետերն արդեն իսկ հաշվի էին առնվել, երբ 15 տարով նրան դատապարտում էին, այնպես որ այս դեպքում դա ուժը կորցնում էր: Հետո, ինչ է նշանակում` բնութագրվել է դրական. բանտում մարդ չի՞ պատվիրել սպանել, թե՞ որ թագավորական կյանք է վարել, ու ինչպես ինքն էր հայտնում, չի թողել, որ իր մատը ոմանք փուշ մտցնեն, կամ անընդհատ դուրսուներս է արել: Երբ նախարարին ասացի այդ մասին, նա պատասխանեց, որ միայն մեկ անգամ են նրան թույլատրել դուրս գալ: Այնինչ օրենսգրքով չի թույլատրվում առավել ծանր հանցագործություն կատարած անձին դուրս գալ»,- ասաց նա: Իրեն անհրաժեշտ նյութերը ստանալու համար Կ. Նաղդալյանը դիմել է նաև վարչապետին` խնդրելով, որ նա միջամտի և իրեն տրամադրեն այն նյութերը, որոնց հիման վրա ինքը որպես տուժող կկարողանա բողոքարկել: Մի քանի օր անց վարչապետը մակագրել է դիմումը արդարադատության նախարարության վրա: «Այնտեղ գրեթե ամեն օր զանգում, ճշտում էի, թե կա՞, արդյոք, պատասխանը: Գրեթե մեկ ամիս հետո եկավ պատասխանը, որտեղ նշվում էր, որ իրենք արդեն իսկ պատասխանել են ինձ: Այդպես էլ չտրամադրեցին այդ նյութերը: Դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին, որտեղ մեկ ամիս իմ գործը քննարկեցին: Նրանք գրությամբ դիմել են նախագահի աշխատակազմին: Այնուհետև կրկնակի հարցում արեցին, և նրանց նույնպես ուղարկել էին ներում շնորհելու որոշումը»,- ասաց նա` հավելելով, որ եկել է այն եզրահանգման, որ վերևում եթե հովանավոր չունես, ոչնչի չես կարող հասնել, կապ չունի`օրենքներ կան, թե` ոչ: «Այստեղ գործում է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը: Առայժմ ես դեռ չեմ կենտրոնանում, թե ինչ անեմ: Կարելի է դատարան դիմել, բայց հիմքերը չկան իմ ձեռքում, դրանք ինձ չեն տրամադրում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter