Ադրբեջանական հերթական զրպարտությունն ու դեմարշը Օսլոյում
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով վերջերս ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում փոխարինեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության աշխատակից եւ պատվիրակության քարտուղար Իզաբելա Ղազարյանի հետ մայիսի 23-26-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մասնակցեց Վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովի աշխատանքներին ներկա էր նաեւ ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը:
ԱԺ պատգամավորը մայիսի 23-ին մասնակցեց Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էին անվտանգության խնդիրների վերաբերյալ Նորվեգիայի մոտեցումներն ու պատկերացումները, ինչպես նաեւ Աֆղանստանի իրավիճակին, Սիբեր-պաշտպանությանը, ռազմական հակամարտություններում ու հետկոնֆլիկտային իրավիճակներում կանանց եւ աղջիկներին ուղղված սպառնալիքներին, խմբային (կլաստերային) մատակարարմանը, Օսլոյի գործընթացի ազդեցությանն ու հետեւանքներին, տարածքային պաշտպանությանն ու ռազմական զսպման կարիքներին առնչվող զեկույցներն ու խնդիրները: Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանություններով ու հարցադրումներով հանդես եկավ մասնավորապես Աֆղանստանին, ապաեւ` ռազմական հակամարտություններում եւ հետկոնֆլիկտային իրավիճակներում կանանց եւ աղջիկներին ուղղված սպառնալիքներին նվիրված քննարկումների ժամանակ: Վեհաժողովում Ադրբեջանի ասոցացված պատվիրակության անդամ Մալահաթ Իբրահիմկըզին հակամարտության գոտիներում կանանց եւ աղջիկների բռնաբարման հարցերից «սահուն» անցում կատարեց ղարաբաղյան հակամարտությանը եւ Հայաստանին զրպարտող հայտարարություններ արեց` իբր Հայաստանի ագրեսիայի, Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի բռնազավթման եւ 1 միլիոն ադրբեջանցի փախստականների վերաբերյալ:
Քննարկման թեմայի առնչությամբ իր մեկնաբանությունները ներկայացնելուց առաջ Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես նշեց.«Խորապես ցավում եմ, որ իմ խոսքը պետք է սկսեմ ադրբեջանցի իմ հարգարժան գործընկերոջ զրպարտություններին պատասխանելով: Ես միանգամայն այլ ելույթ էի պատրաստվում ունենալ, սակայն հարկադրված եմ խոսքս դրանից սկսել: Ես հասկանում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներն իրենց բարձրագույն ղեկավարությունից իջեցված առաջադրանք ունեն` օգտագործել ցանկացած ֆորում եւ հնարավորություն` Հայաստանին զրպարտելու, իրականությունը խեղաթյուրելու համար: Տիկնայք եւ պարոնայք, մենք կարող ենք պատմական փաստերն ու պատմությունը տարբեր կերպ մեկնաբանել, սակայն հնարավոր չէ կեղծել փաստերն ու նոր պատմություն գրել: Ես կհամաձայնեմ իմ գործընկերոջ մի բնորոշման հետ, սակայն խմբագրական որոշակի փոփոխությամբ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բռնազավթման ու ագրեսիայի տապալված փորձի ողբերգական պատմություն է. ավելի ստույգ` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական նախահարձակ ագրեսիայի ու բռնազավթման տապալված փորձի, երբ Ադրբեջանը որոշեց ռազմական ճանապարհով գրավել այն, որը կանխվեց հայկական արդյունավետ պաշտպանությամբ: Եվ այսօր ադրբեջանցի իմ գործընկերը փորձում է խեղաթյուրել այդ փաստը, որը ողբերգական հետեւանքների ու ներկայիս իրողություններին հանգեցրեց: Անհնար է պատմության վերաշարադրումը, ինչը փորձում է նա անել»:
Այնուհետեւ Ս.Սաֆարյանը արծարծեց ռազմականացված տարբեր հակամարտություններում կանանց ներգրավվածությանն ու զինաթափմանը վերաբերող հարցը եւ մարտահրավերները: Նրա ելույթից հետո ադրբեջանցի պատգամավորն անմիջապես նյարդայնացած եւ ցուցադրաբար` խանգարելով նիստի ընթացքը, գոռգոռալով լքեց նիստերի դահլիճը:
Նույն օրը Ստյոպա Սաֆարյանը մասնակցեց Վեհաժողովի Տնտեսության եւ անվտանգության հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էին համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, ռազմական բյուջեների, պարենային անվտանգության վրա դրա ազդեցությանը, համաշխարհային էներգետիկ շուկային, միջինասիական էներգետիկ արդյունաբերությանը եւ անդրատլանտյան էներգետիկ անվտանգությանը վերաբերող զեկույցներն ու խնդիրները:
Մայիսի 24-ին նա մասնակցեց Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկման առարկա էին փոփոխական ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի համարժեքության, Իրան-աշխարհ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների «վերագործարկմանը», Պակիստանին, Վրաստան-ՆԱՏՕ գործընկերությանը նվիրված զեկույցները:
Սաֆարյանը իր դիտարկումները ներկայացրեց Իրանի ու Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների վերաբերյալ` ընդգծելով Իրանի վարքագծի իրական շարժառիթների ճշգրիտ ճանաչման ու ըմբռնման կարեւորությունը, ինչպես նաեւ` Իրան-միջազգային հանրություն լարվածության հաղթահարման եւ հարաբերությունների կարգավորման չօգտագործված հնարավորությունների ու ներուժի իրացումը: Նա ներկաների փոխանցեց Իրանից իր ստացած տպավորությունները, որոնք վերահաստատում էին այդ ներուժի, Մեծ մերձավորարեւելյան տարածաշրջանում Իրանի, ՆԱՏՕ-ի ու միջազգային հանրության համար ընդհանուր խնդիրների առկայության` բանախոսի պնդումները:
Մայիսի 25-ին հայ խորհրդարանականն ու պատվիրակության քարտուղարը հանդիպեցին «Նորվեգիայում Հայաստանի ընկերներ» ցանցի անդամներ, նորվեգացի ներկա եւ նախկին խորհրդարանականներ Սվերե Միրլիի եւ Քյել Էնգեբրեթսենի հետ: Հայ խորհրդարանականը հույս հայտնեց Հայաստան-Նորվեգիա բարեկամության լավագույն ավանդույթների շարունակման եւ համագործակցության խորացման կապակցությամբ եւ խոստացավ իր համեստ նպաստը բերել այդ գործին:
Մայիսի 26-ին հայկական պատվիրակությունը մասնակցեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ու փակման արարողությանը: Վեհաժողովի աշխատանքների ընթացքում եւ դրանցից դուրս Ստյոպա Սաֆարյանը ծանոթություններ հաստատեց բազմաթիվ երկրների (Դանիա, Նորվեգիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Ավստրիա, Ալժիր, Մոլդովա, Գերմանիա, Ֆրանսիա, Հորդանան եւ այլն) պատվիրակությունների անդամների հետ, համատեղ քննարկեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Հայկական պատվիրակությունը Երեւան է վերադառնում մայիսի 27-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել