
«Մենք հաստատ գիտենք, որ 10 %-ը անցել ենք` չնայած ավելին ենք ակնկալում»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե մայիսի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ ինչպե՞ս է գնահատում Ժողովրդական կուսակցության հնարավորությունները:
Տիգրան Կարապետյանի կարծիքով, իրենց կընտրեն այն քաղաքացիները, ովքեր հոգնել են «ստից և բևեռներից» և չեն չընդունում ո՛չ իշխանությանը, ո՛չ ՀՀՇ-ին: Միաժամանակ ԺԿ առաջնորդը նշեց. «Մենք համագործակցելու ենք ընդդիմության հետ` ձայները պահելու առումով: Մենք համագործակցելու ենք ՀԱԿ-ի և այլ ուժերի հետ, որոնք ուզում են ձայները պահել: Մենք չենք թողնելու, որ մեր ձայներն այս անգամ փոշիացնեն կամ տանեն»:
Նա ասաց, որ ընտրությունները կեղծվելու դեպքում իրենք « անպայմանորեն դուրս կգան փողոց»` կուսակցության ողջ ներուժով, լինեն 100, թե 10 հազար հոգով:
Տիգրան Կարապետյանի համոզմամբ` այս քարոզարշավի ընթացքում իր դեմ անընդունելի տեխնոլոգիաներ են կիրառվում: «Ի՞նչ է նշանակում, երբ դուռ են թակում (մեզ ահազանգում են, որովհետև մեր կուսակիցների դուռն էլ են թակում` չիմանալով), ասում. «Կարապետյանի՞ն եք ընտրում: Շատ լավ մարդ է, բայց անցնող չէ» : Դա տեխնոլոգիա է: Հիասթափեցնել, որ անցնող չէ: Ախր, որտեղի՞ց դուք գիտեք` անցնո՞ղ է, թե՞ անցնող չէ: Ի՞նչ է, ամեն ինչ ցուցակավորե՞լ եք, ամեն ինչ գրի՞ եք առել, բոլոր կետերն արդեն հետազոտե՞լ եք»,- ասաց ԺԿ առաջնորդը:
Ըստ նրա` առկա է նաև վախի մթնոլորտ: «Վախը նվաստացնում է մարդուն: Մի հատ տեսեք` ով է վախենում: Նպաստ ստացողը, «Փարոս» ստացողը: Վախենում է` հանկարծ ասի «Հանրապետականին չեմ տալիս ձայն», «Փարոսը» կտրեն: Դրա համար «Փարոս» ստացողներից ում զանգահարում են, ասում է. «Տալիս ենք Հանրապետականին»: Ոնց որ կալանքի տակ լինեն: Բա այդպիսի մթնոլորտ կարելի՞ է ստեղծել»:
Տիգրան Կարապետյանը կարծիք հայտնեց, որ կուսակցությունները նախընտրական կարևոր կամ նոր ծրագիր չունեն: Ըստ նրա` ամեն անգամ ընտրություններից առաջ «ասֆալտ գցելը» նախընտրական ծրագիր չի կարելի համարել: «Քաղաքապետը չի՞ կարող հենց այնպիսի օր ասֆալտ գցել: Սպասում են ընտրությանը»:
«Մեր մոտեցումը վստահության մթնոլորտ ստեղծելն է, մարդկանց հետ արժանավայել հարաբերություն հաստատելը և մարդկանց մարդ համարելը: Դա է մեր ծրագիրը: Ի՞նչ է նշանակում, որ մարդը 30 հզ. կենսաթոշակ է ստանում, գնում է նոտարի մոտ, թուղթի համար 15 հզ. են վարցնում: Վարկաբեկվում են կենսաթոշակը և յուրաքանչյուր հասույթ, որ ժողովուրդը ստանում է: Չէ՞ որ այդ հուսույթով ինքը պետք է գոյատևի: Էլ ինչի՞ ենք տալիս, որ ձեռքից տանենք»,- ասաց ԺԿ առաջնորդը:
Ըստ նրա` ընտրվելուց հետո իրենց առաջին քայլը կլինի ժողովրդին հավաքելը և խորհրդակցելը: Տիգրան Կարապետյանի համոզմամբ, Երևանի քաղաքապետը պետք է անկախ լինի կենտրոնական իշխանությունից, չզբաղվի բանակ զինելու տիպի հարցերով և մտածի միայն երևանցիների բարեկեցությունն ապահովելու մասին:
Նա նաև ասաց, որ ընտրությունների օրը ԱԼՄ հեռուստաընկերության 10 լրագրող տեսախցիկներով լինելու է այն ընտրատեղամասերում, որտեղից «ավանդաբար փախցնում են մեր ձայները»: «Օրինակ` Էրեբունի համայնքի 116 դպրոցը: Սովետաշենում մեր ձայնը ոչ մեկին չենք տա: Մենք տեսախցիկներ ենք դնելու և պայքարելու»,- ասաց ԺԿ առաջնորդը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել