HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի դպրոցները վերածվում են շուկայի

tiv-9dprocԴեռ ամբողջությամբ չի ավարտվել 2008-2009 ուսումնական տարին, սակայն այս օրերին Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները սկսել են ծնողական ժողովների միջոցով պատրաստվել 2009-2010 ուսումնական տարվան: Այստեղ խոսքն ամենեւին էլ չի վերաբերում ուսումնական նոր մեթոդների մշակմանը կամ դպրոցներում կրթական որակը բարձրացնելուն: Տնօրենները հրահանգել են ծնողներին շուկայից չգնել ո’չ աշակերտական մասնագիտական տետրեր, ո’չ էլ օրագրեր, քանի որ այդ ամենը պետք է գնեն իրենց դպրոցներից:

Նշենք, որ եթե շուկայում հայկական արտադրության այլ օրագրերը վաճառվում են 300 դրամով, ապա «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ»  հատուկ նշումով օրագրերը վաճառվում են 450 դրամով, ինչը մի քանի դպրոցահասակ երեխա  ունեցող ծնողների համար արդեն մեծ ծախս է: Մասնագիտական տետրերի գինը շուկայում նույնպես շատ ավելի էժան են, քան դպրոցների առաջարկածը: Ծնողներին պարտադրելու լծակներն ավելի զգալի են հատկապես Էջմիածնի հանրակրթական դպրոցներում: Այս առնչությամբ դիմեցինք Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանին: «Հետքի» հետ հեռախոսազրույցում նա կտրուկ հերքեց, որ այդ օրագրերը 2009-2010 ուսումնական տարվա համար են:

gsayadyan_270509

«Էջմիածնի մի քանի դպրոցների տնօրենների հետ խոսել եմ, նման բան չկա: Ծնողները ձեզ հիմա դժգոհել են, որ նախորդ ուսումնական տարում դպրոցներից պարտքով վերցրած օրագրերի գումարները չտան: Հիմա լավ էր, թե վատ, այդ օրագրերը վերցրել են եւ օրագրերի գումարները պետք է տան չէ՞»,-ասաց Գայանե Սայադյանը: Վարչության պետի հետ խոսելուց անմիջապես հետո, պարզեցինք, որ 2 օր առաջ Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցիների ծնողները հրավիրվել են դպրոց եւ նրանց հրահանգվել է, որ մասնագիտացված տետրերն ու օրագիրն իրենց մոտից պիտի գնեն:

«Այս տարի բերեցին մեզ տետրեր առաջարկեցին եւ այդ օրագրերը: Օրագրերը տվել եմ դասղեկներին, ասել եմ բաժանեք ծնողներին, եթե կցանկանան թող մինչեւ սեպտեմբեր բերեն գումարները տան, չեն ուզի` թող օրագրերը բերեն ետ տան ուրիշն առնեն, պարզապես ուզում եմ, որ բոլորինը նույնը լինի: Դասարաններ կան, որ շատ սիրով վերցրել են եւ ոչ մի դասարանից դեռ օրագիր ետ չեն բերել: Եթե որեւէ մեկը ետ էլ կբերի, դա խնդիր չի, ուրեմն թող գնան հայկական օրագիր գնեն: Նույն օրագրերի քսերոքսներն էին բերել, դրանք չեմ ընդունում, ահավոր բան է ու ես չեմ համաձայնվում: Ինչ վերաբերում է տետրերին, հիմա տետր չկա մեզ մոտ, դա կլինի սեպտեմբերին կամ հոկտեմբերին, կլինի կտեսնենք, ձեռք տա կվերցնենք: Հիմա տետր չունենք ու ո՞նց կարող ենք ասել տետր մի առեք: Ծնողները չեն հասկանում ու ձեզ տարբեր բաներ են հաղորդում: Բայց հիմա էլ եմ ասում, որ շուկայից ոչ մի մասնագիտական տետր չվերցնեն»,-մեզ հետ հեռախոսազրույցում հակասական պատասխան տվեց Էջմիածնի թիվ 9 միջնակարգ դպրոցի տնօրեն Վարուժան Հայրապետյանը:

Նա չհամաձայնեց ծնողների այն մտքին, որ իրենց պարտադրում են: «Գիտեք, այդ մասնագիտական տետրերը, որ շուկայում վաճառվում են, կարող է մի հետաքրքիր մարդ տանի քսերոքս անի, գեղեցիկ սարքի բերի ու դնի շուկայում վաճառի, կամ էլ ինքը գրի ու ձեւափոխի, բա մենք ենք պատասխանատուն չիմանա՞նք: Ես պատմության մասնագետ եմ ու առանց տետրերի չեմ կարողանում դաս վարել, բոլոր տետրերը լրացվում են, բայց լինում են նաեւ պատահականություններ, որ շուկայում վաճառում են սխալ մասնագիտական տերմիններով, բա դա ես չկանխե՞մ: Թող ծնողները գնեն բերեն, ես տեսնեմ նորմալ է, այդ ժամանակ խնդիր չի լինի, ինձ համար ոչ մի տարբերություն չկա: Ոչ ոքի չի պարտադրվել, եթե պարտադրեինք, կասեինք վաղը փողը բերեք: Նպատակս այն է, որ բոլորը միանման լինի, թուրքական նկարներով ու այլ անպարկեշտ արտահայտություններով չլինեն օրագրերը: Ձեզ կարող եմ մի տաս օրագիր ցույց տալ, որ թուրքական արտադրության են ու նույնիսկ Աթաթուրքի նկարով օրագրեր ունեինք, ադրբեջանական գովազդներով օրագրեր ունեինք, դա չեմ կարող թույլ տալ»,-արդարացավ դպրոցի տնօրենը:

Նշենք, որ ծնողներն ամենեւին էլ մեղավոր չեն, որ հայ գործարարներն իրենց բիզնեսը ծաղկեցնելու եւ գումար աշխատելու համար, դրսից ներկրում են թուրքական կամ ադրբեջանական արտադրության օրագրեր եւ դրանք շատ ավելի մատչելի են, քան հայկական արտադրությանը եւ կրկնակի մատչելի, քան  «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ»-ը: Տարվա ընթացքում Արմավիրի մարզպետը «նորամուծություններ» է ներմուոծում կրթության ոլորտում եւ մարզպետարանի աշխատակազմի թեթեւ ձեռքով դպրոցներն առեւտրային հարաբերությունների մեջ են մտնում աշակերտների հետ:   Դպրոցները ժամանակ առ ժամանակ  վերածվում են իսկական շուկայի: Պարոն Հայրապետյանին նաեւ հարցրինք, արդյո՞ք պարտադիր է, որ օրագրերի վրա տպագիր նշված լինի «Արմավիրի մարզ» բառերը, երբ այդ բառի համար ծնողները վճարում են մի քանի հարյուր դրամ ավելին, քան այլ օրագրերի դեպքում, որը կգնեին շուկայից: «Ես ուզում եմ, որ երեւա, թե դա ում օրագիրն է, որ մարզի, որ դպրոցի ու շրջանի օրագիրն է, ես դա եմ ուզում, որ երեւա»,-ավելացրեց տնօրենը: Իսկ հարցին, թե Արմավիրի մարզն ինչու՞ է միշտ առանձնանում, քանի որ այլ մարզերում նման բաներին ուշադրություն չեն դարձնում, նշեց. «Բայց ինչու՞ եք այդ հարցն ինձ տալիս»: «Ձեզ մարզպետարա՞նն է ստիպում, որ այդ օրագրերը օգտագործեք,- հարցրինք տնօրենին:

«Ոչ-ոչ, ամենաճիշտն այն է, որ միատար լինի: Ես աշխատում եմ, որ բոլորը միատար լինի»,-ասաց Վարուժան Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter