
«Ազատագրված տարածքները սահմանից դուրս չեն: Ազատագրված տարածքները Արցախի սահմանի մեջ են: Դա հենց տարածքն է Արցախի»,- այսօր «Հետքին» ասաց Ժողովրդական կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը` արձագանքնելով այն դիտարկմանը, որ ԱԼՄ-ն միակ հեռուստաընկերությունն է, որը եղանակի տեսության ժամանակ ցույց է տալիս ՀՀ և ԼՂՀ իրական քարտեզը` ազատագրված տարածքներով հանդերձ:
«Այս քարտեզը, որը մենք հիմա ցույց ենք տալիս, ռեալ քաղաքական քարտեզ է, որովհետև Արցախը ինքնորոշվել է: Մեզ համար Արցախի ինքնորոշումը հենց այն դրդապատճառն է, որին մենք պետք է հետևենք և ոչ թե դեմ լինենք: Կամ չպետք է կենտրոնանանք նրա վրա, թե` գիտե՞ք ինչ, որևէ մեկը ճանաչում է, կամ որևէ մեկը չի ճանաչում: Դրանք քաղաքական խնդիրներ են: Մենք ճանաչում ենք: Մենք մեր վերաբերմունքը ցույց ենք տալիս»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
ԺԿ առաջնորդը նշեց, որ «ԱԼՄ» հեռուստաընկերությունը արձագանքներ է ստանում հեռուստադիտողներից, որոնք իրենց գոհունակությունն են հայտնում, որ հեռուստաընկերությունը ցույց է տալիս ՀՀ և ԼՂՀ իրական տարածքները` ազատագրված յոթ շրջաններով հանդերձ:
«Էլ չեմ ասում, որ պատգամավորներ են զանգահարում` Լարիսա Ալավերդյանը և այլն, և այլն: Ու ես շատ գոհ եմ, որ մենք կարողացանք գոհացնել մեր հեռուստադիտողին, որովհետև դա ոչ միայն մեր սկզբունքն է, այլև այսօրվա պահանջն է»,- ասաց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ մինչ եղանակի տեսության քարտեզի վրա յոթ շրջանները ցուցադրելը զանգեր է ստացել հեռուստադիտողներից, ովքեր ընդգծել են եթերում Հայաստանի իրական սահմանները ներկայացնող քարտեզ ցուցադրելու անհրաժեշտությունը:
«Մենք այսօր պետք է ոչ թե Եվրոպա խաղացնենք կամ Ռուսաստանի Դաշնություն, այլ պետք է ազգային ոգեշնչմամբ ավելի համախմբվենք»,- ասաց ԺԿ առաջնորդը:
Նա «սուտի» բառով բնորոշեց Հայաստան-Թուրքիա վերջին բանակցությունները: Տիգրան Կարապետյանը բացասական է գնահատում նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունները: «Ինձ համար անընդունելի է ի վնաս Հայաստանի, ի վնաս մեր պատմության ինչ-որ բանակցություններ վարելը»,- ասաց նա:
Տիգրան Կարապետյանն ասաց, որ չի պատրաստվում վերադառնալ հին` 1991 թ.-ից ի վեր այլևս գոյություն չունեցող քարտեզին, և կոչ արեց մյուս հեռուստաընկերություններին ևս իրենց եթերում ներկայացնել ՀՀ և ԼՂՀ իրական տարածքները` «ավելի լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել