HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա» առագաստանավը կնավարկի հայկական Սյուռքի ճանապարհներով

Այսօր իսպանական Վալենսիա քաղաքից մեկնարկում է «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը` հայկական աշխարհաշուրջը Սփյուռքի ճանապարհներով: Շուրջ մեկ տարի տեւող ճամփորդության ընթացքում «Արմենիա» առագաստանավը խարիսխ կգցի հինգ մայրցամաքներում, կանցնի երեք օվկիանոսների ջրերով` Ատլանտյան, Խաղաղ եւ Հնդկական, կլինի բոլոր այն վայրերում, որտեղ կա հայկական համայնք: ՀՀ նախագահի մամլո գրասենյանը տեղեկացնում է, որ մեկնելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է առագաստանավի անձնակազմի անդամներին: Նշելով, որ  այսօր շատերը կարող են տարակուսել, թե 21-րդ դարում, երբ աշխարհի քարտեզին վաղուց արդեն վերացել են փակ տարածքները, որքանո±վ է կարեւորվում նման դժվարին ճամփորդությունը, Հանրապետության նախագահն ասել է.  «Մեր ժողովրդի ճակատագիրը դասավորվել է այնպես, որ հայեր կան աշխարհի բոլոր անկյուններում եւ մեզ համար չափազանց կարեւոր է մեր ազգային ինքնության քարտեզը, մեր մշակութային ժառանգության քարտեզը  ու հայ համայնքների պատմության քարտեզը»: Ըստ Սերժ Սարգսյանի, այս նավագնացության խորհուրդն այդ աշխարհը նորովի բացահայտելն ու հարստացնելն է: «Դուք գնում եք նոր լիցք, Հայրենիքի շունչը հաղորդելու մեր համայնքներին, նորովի իմաստավորելու մեր ինքնության բանաձեւը եւ բոլոր աշխարհամասերում սփռված մշակույթի կոթողները»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Նախագահ Սարգսյանը առագաստանավի անձնակազմին փոխանցել է  Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. վերադարձից հետո այն, ըստ ավանդույթի, կհանձնվի ի պահ: Երկրի ղեկավարը առագաստանավի անձնակազմի անդամներին մաղթել է համընթաց քամի, բարեհաջող նավարկություն եւ բարի վերադարձ: Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ով  «Արմենիայի» անձնակազմի անդամներից է, շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին եւ ասել, որ  ժամանակ առ ժամանակ կզեկուցեն նավարկության ընթացքի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter