Այսօր մեկնարկում է «Բազե» երիտասարդական հավաքը
Օգոստոսի 20-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի ավելի քան 350 երիտասարդ:
ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև կհանդիպեն ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Հավաքին կմասնակցեն ՀՀ մարզերը, Երևանը, Արցախը, Ջավախքը, սփյուռքը, պետական և ոչ պետական բուհերը, քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները, Գևորգյան հոգևոր ճեմարանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ոստիկանության ակադեմիան ներկայացնող ջոկատներ։
Ձևավորվել են նաև հաշմանդամների և սկաուտների ջոկատներ: Երեք ճակատում ընդհանուր առմամբ կմրցի 42 ջոկատ։
Այս տարի սկիզբ է դրվում մի նոր ավանդույթի։ Հավաքի մասնակիցների շապիկներին պատկերված է 7 գործիչ (Մեսրոպ Մաշտոց, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Ալեքսանդր Սպենդիարյան, Գարեգին Նժդեհ, Առնո Բաբաջանյան, Մետաքսյա Սիմոնյան), ում հոբելյանական տարին նշվում է 2011-ին։ Հետագայում նույնպես նախատեսվում է հավաքի շրջանակներում անդրադառնալ և մեծարել հայ նշանավոր գործիչներին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ այս տարի «Բազե» երիտասարդական փառատոնն անցկացվում է նոր ձևաչափով՝ ընդգրկելով ավելի մեծ թվով երիտասարդների։ Հուլիսի 22-31-ը Բյուրականում անցկացվեց «Բազե» երիտասարդական ճամբարը, որին մասնակցում էր ՀՀ մարզերի և մայրաքաղաքի վարչական շրջանների 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդ։
«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը կեզրափակվի օգոստոսի 24-ին՝ ժամը 21.00-ին, Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով։ Փակման հանդիսավոր արարողության ժամանակ հավաքի մասնակիցներին են միանալու նաև «Բազե» ճամբարի մասնակիցները։ Գալա համերգին հանձնվելու են «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի հաղթողների մրցանակները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել