Ահարոն Ադիբեկյանի տվյալներով` կաշառվողները 15 տոկոս են կազմում
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր այլևս չի կարող քաղաքապետի ընտրությունների թեկնածուների վարկանիշները հայտարարել, քանի որ օրենքով դա արգելված է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սոցիոլոգը ներկայացրեց ընտրողների դիրքորոշումն առաջիկա ընտրությունների նկատմամբ:
«Նախորդ օրը ՀԱԿ-ի ներկայացուցիչը վարկանիշ ասաց, որ իրենք հարցում են անցկացրել, ու իրենց տվյալներով` 60-65 տոկոս երևանցիներ պատրաստ են իրենց ձայները տալ: Օրենքը խախտում են, բայց ինձ թվում է, նրանց չեն պատժի: Բայց քանի որ երևացողը ես եմ, իմ գլուխը դանակի տակ եմ դնում, ուրեմն ինձ կարող է պատժեն»,- ասաց սոցիոլոգը:
Այսպիսով, ընտրողների 25 տոկոսը չի հետաքրքրվում ընտրություններով ու ընտրության չի գա: Եվս 7 տոկոսը թեև հետաքրքրվում է, բայց միտումնավոր չի գա ընտրությունների, քանի որ մերժում է այս ընտրությունները:
«Մնացածը հետևյալ խմբերի են բաժանվում` հաստատ գալու է ու գիտի ում է ձայնը տալու` 29 տոկոս են նրանք: Մոտավորապես նույնչափ տոկոս դեռ չի որոշել, գալո՞ւ է, և գալու դեպքում` ձայնն ո՞ւմ է տալու: Սրանք անորոշության մեջ կախված ձայներ են: 17 տոկոսը գալու է, բայց հրաժարվում է ասել, թե ում կընտրի: Եվ 3 տոկոսը կարող է գա, եթե գա, ինչ որ մեկին կարող է ձայնը տալ: Սա մեր ընդհանուր ընտրազանգվածն է»,- ասաց նա:
Ա. Ադիբեկյանի հավաստմամբ` ընտրողների մոտ կեսը պատկերացում չունի, թե ինչ է տեղի ունեալու, ինչ ընտրություններ են: «Իրենք գիտեն, որ գալու են քաղաքապետ ընտրելու, այնինչ իրականում նրանք ընտրելու են ավագանի: Շատերը չգիտեն, որ թաղապետին քաղաքապետն է նշանակելու, կարծում են, թե թաղապետը նույնպես պիտի ընտրվի: Մեր հաշվարկներով, ընտրողների միայն 20 տոկոսն է հետևում թեկնածուների ծրագրերին ու կարգախոսներին ու կարող է մոտավորապես ասել, թե այս կամ այն թեկնածուն ինչ ծրագրային դրույթներ ունի: Մեր հարցին, թե կցանկանային ավելի խորը իմանալ, միայն 3 տոկոսն է դրական պատասխան տվել: Հետևաբար` ոչ թե ծրագիր կամ կարգախոս են ընտրում, այլ անձ են ընտրում, լավագույն դեպքում` կուսակցություն»,- ասաց Ա.Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքերով` ընտրողների 40 տոկոսը հաստատ գալու է ընտրության`գումարած ևս 10 տոկոս` կախված տարբեր հանգամանքներից:
«Եվս մեկ հանգամանք կա. եթե ես ասեմ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքում է 6 տոկոս, դա չի նշանակում, որ վերջնական արդյունքում ինքը վեց տոկոս ունի: Դա ընդհանուր ընտրողների մեջ է: Բայց երբ որ գալիս է ընտրելու ընդամենը 40 տոկոս, օրինակ, այդ վեցը դառնում է 12-13 տոկոս: Իհարկե դեռ ժամանակ կա, բայց լուրջ, կտրուկ փոփոխություններ դժվար թե լինեն, որովհետև այն ակտիվ զանգվածը, որ գալու է ընտրության, արդեն որոշում կայացրել է»,- ասաց նա:
Ընդհանրապես, սոցիոլոգի հավաստմամբ, ընտրարշավի ժամանակ մարդկանց հետաքրքրությունն ընտրությունների հանդեպ աճել է ընդամենը 5 տոկոսով: Ըստ նրա` ԶԼՄ-ը չեն ձևավորում այնպիսի հասարակական կարծիք, որ ընտրողների վարքագծի մեջ արմատական փոփոխություն լինի: «Մարդիկ նախընտրում են լսել իր կողքի հարևանին, և շատ քիչ` պարոն Ադիբեկյանին ու թերթերին, որովհետև վստահելիության տոկոսի խնդիր կա: Մեր խնդիրն է ընդամենը իրազեկել, որ` հասարակություն, դու այսօր այսպիսին ես, և ոչ թե մենք տատանվողին դիրքորոշում ենք տալիս»,- ասաց նա:
Արդյոք ընտրակաշառքը կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ա. Ադիբեկյանի խոսքով` բոլոր հաշվարկներով իրենք արմատական փոփոխություն չեն ակնկալում: «Կաշառքի դեպքում հետաքրքրվել եմ, թե քանի տոկոսն է ձայնը տալիս կաշառք տվողի օգտին: Մի քանի լուրջ մասնագետներ ասում են` ամեն երրորդը` լավագույն դեպքում: 10 տոկոս ձայն ստանալու համար պետք է 30 տոկոսին կաշառես: Ու դեռ պիտի կաշառվող գտնես, հո բոլորը չե՞ն կաշառվում: Մեր տվյալներով` այսօր կաշառվողների թիվը 15 տոկոսն է` լավագույն դեպքում»,- ասաց նա:
Սոցիոլոգի խոսքերով` արտաընտրական միջամտումներ չեն լինի, որովհետև առճակատումն իրոք լուրջ է` «լցնելուց», «գցելուց» խոսել պետք չէ. «Այդպես արվում է գյուղերում և փոքր ավաններում: Երբ երկու գերհզոր դեմք են առճակատվում, շատ դեմոկրատական, ազնիվ ընտրություն է գնում: Այնպես որ, ինձ թվում է, բավական նորմալ պետք է անցնեն ընտրությունները»:
«Թեկնածուները չեն ուզում իրականությանը նայել, քաղաքական բլեֆ են անում, բոլոր ծաղկավոր հեղափոխությունները բլեֆի վրա են կառուցվել»,- շարունակեց նա:
«Գագիկ Ծառուկյանը ծաղկավոր հեղափոխությո՞ւն է ուզում անել»,- լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` սոցիոլոգն ասաց. «Էլէմենտները կան իր քարոզարշավի մեջ: Ես ֆիլմ եմ նայել գունավոր հեղափոխությունների մասին, որտեղ կետ առ կետ նշվում է` ինչ է արվել Ղրղստանում, Վրաստանում, Ուկրաինայում, ով է արել և այլն: Երբ այն նայում ես, շատ նորմալ զգում ես` որտեղ ինչ տիպի ալիքներ է բարձրացվում, ինչ մեխանզմներով, ինչ փողերով է արվում ու ինչ նպատակներ է հետապնդում»,- ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել