Տոնգերենի Գալլոն՝ «Եվրոպական թանգարան-2011»-ի հաղթող
Տոնգերենի Գալլո hռոմեական թանգարանը (Բելգիա) այս տարվա Եվրոպական թանգարանների ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրն է: Հեղինակավոր մրցանակը հանձնվել է Գերմանիայում՝ Բրեմերհավենի միգրացիոն կենտրոնում, որը նախորդ տարվա հաղթողն էր:
Եվրոպական թանգարանների ամենամյա մրցանակն առաջին անգամ շնորհվել է Եվրոպական թանգարանների ֆորումի կողմից 1977 թ. և շարունակվում է մինչ օրս:
Գործելով Եվրոպայի խորհրդի հովանու ներքո՝ մրցանակաբաշխությունը նկատելի առաջընթաց է գրանցել, և այժմ ԵԽ 47 անդամ-երկրներ կարող են մասնակցության հայտեր ներկայացնել:
2011թ. համար դիմել է եվրոպական 15 երկրի 40 թանգարան, որից 34-ն է պարգևատրվել: Թեկնածու-թանգարանները գնահատվել են այնպիսի գործոններով, ինչպիսիք են հասարակությանը մատուցվող ծառայությունների որակը, պրոֆեսիոնալ փորձը և նորարարական ծրագրերը:
Փորձագետների խումբը շրջել է ողջ Եվրոպայով և այցելել բոլոր 40 թանգարանը:
Տոնգերենի Գալլոն հնագիտական թանգարան է, որը կազմակերպվել է դեռևս 19-րդ դարի կեսերին: Փորձագետներին առանձնապես տպավորել է թանգարանային հավաքածուն, որը ներառում է 170.000 հնագիտական առարկա: Դրանցից մշտական ցուցադրության մեջ ներկայացված է 2.300 ցուցանմուշ:
Հավաքածուն ներառում է նեանդերթալյան մարդուն և Homo Sapiens-ին բնորոշող հստակ ապացույցներ՝ գործիքներ և ոսկե մետաղադրամներ, որոնք վկայում են դեռևս երկաթի դարում նախնադարյան հասարակության սոցիալական շերտավորման մասին: Հավաքածուն ներկայացնում է նաև ճարտարապետական մանրամասներ, ինչպես նաև վաղ քրիստոնեական դարաշրջանին բնորոշ զարդեղեն:
Թանգարանի գործող ցուցադրությունը թարմացվել է, և հանրության առջև թանգարանն իր դռները վերաբացել է 2009-ին: Գալլո հռոմեական թանգարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ այն Լիմբորգ պրովինցիայի հպարտությունն է և վերաբացումից հետո ունեցել է 220 հազար այցելու:
Ժյուրին նշել է, որ «Տոնգերենի թանգարանը չի երկյուղում այցելուին առաջադրանք տալուց, ցուցադրությունը հանրությանը տանում է դեպքերի միջով, սակայն թանգարանը չի պարտադրում իր եզրակացությունները»: Ժյուրին բարձր է գնահատել նաև թանգարանի կրթական ծրագրերը, գերազանց սարքավորումների առկայությունը և պրոֆեսիոնալ թիմի աշխատանքը:
Մրցույթի շրջանակում Եվրոպական թանգարանային ֆորումը «Kenneth Hudson» մրցանակով խրախուսել է նաև Զագրեբի Խզված հարաբերությունների թանգարանին (Broken Relationships)՝ մարդկային հարաբերությունների և շրջապատող քաղաքական, սոցիալական և մշակութային իրադարձությունները նրբանկատ մեկնաբանելու համար:
Մինչդեռ «Silletto» մրցանակը, որը շնորհվում է ի հիշատակ «Մանքս» ազգային ժառանգության ընկերության առաջին նախագահ Ռեջինալդ Սիլեթթոյի, տրվել է Օվերքերքում (Նիդերլանդներ) գտնվող Ջրհեղեղի թանգարանին (Flood Museum) երևակայության և խիզախության համար, որոնք թանգարանը դրսևորել է՝ ազգային ողբերգության վայրը ցուցադրության մաս դարձնելով:
Եվրոպական թանգարանների ամենամյա մրցանակը համարվում է թանգարանային գործի բնագավառում միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը:
Մանե Խաչատրյան
«Էրեբունի» արգելոց-թանգարանի աշխատակցուհի
Նյութը պատրաստվել է՝ ըստ ԻԿՕՄ-ի վերջին լրատուի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել