
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ բախումներին, ասաց, թե դրա պատճառն այն է, որ «ի տարբերություն նախորդ խորհրդարանական և նախագահական ընտրություններին, երբ պետական ապրատը մի ընդհանուր բուրգ էր, որը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը, և որին բոլորն ընդունում էին, հիմա այդ բուրգի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը, որին իշխանության ներսում բոլորը չէ, որ ընդունում են»:
Ա. Բադալյանը համաձայնեց, որ 2007թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ էլ այդ հակասությունները կային, բայց նրա դիտարկմամբ` «դրանք այն ժամանակ այդքան ընդգծված չէին, որովհետև այն ժամանակ կար Ռոբերտ Քոչարյանը` որպես ԲՀԿ-ի երաշխիք: Հիմա նա նախագահ չէ, և դրա համար այդ ուժերի միջև հակասությունն ուժեղացել է, և նրանց միջև առաջիկայում էլ կատաղի պայքար է լինելու, թեև, ի վերջո, նրանք իրար հետ էլի լեզու կգնտնեն»:
Հիմա հանգիստ խղճով կպատասխանեն օմբուդսմենին
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեռ անցած շաբաթ երկու պաշտոնական նամակով դիմել էր պաշտպանության նախարարին` փորձելով պարզաբանում ստանալ առաջիկա ընտրություններին զինծառայողների մասնակցության վերաբերյալ:
Ու եթե մինչ օրս օմբուդսմենը սպասում էր ՊՆ-ի սպառիչ պատասխանին, ապա առաջիկա օրերին այդ պատասխանը Ա. Հարությունյանը կստանա, որովհետև իշխանությունները գտան բանակին ընտրություններում ներքաշելու ապօրինի հրահանգներն արդարացնելու ձևը:
Հինգշաբթի օրը ԿԸՀ-ն որոշում ընդունեց, որ առաջիկա ընտրություններին զինծառայողների մասնակցության հարցը վերաբերում է բացառապես ոչ ժամկետային ծինծառայողներին: Այս դեպքում, ըստ իշխանությունների, ոչ մի օրինախախտում չկա:
Բայց բանն այն է, որ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն` այս օրերին, հակառակ ԿԸՀ և ՊՆ պաշտոնյաների պնդումներին, ՀՀ տարբեր զորամասերից հենց ժամկետային զինծառայողների ակտիվ հոսք կա դեպի Երևան: Այդ փաստը մայիսի 27-ին արձանագրել է նաև «Ազատություն» ռ/կ-ն` այցելելով նրանցից մի քանիսի տները: Արդյունքում ահազանգը հաստատվել է: Ու թեև զինվորների ծնողներից մի քանիսը հայտարարել են, թե դա ընտրությունների հետ կապ չունի, բայց պարզվել էր, որ տարօրինակ «զուգադիպությամբ» այդ բոլոր ընտանիքները պատրաստվում են քվեարկել հօգուտ Բեգլարյանի: Ավելին` ոմանք ասել են, թե իրենց զավակներին արձակուրդ է տրվել հենց Բեգլարյանի «բարձր հովանու» ներքո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել