HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աշխարհ եմ եկել մարդու եւ տիեզերքի միջեւ միջնորդ լինելու առաքելությամբ»

29_05-etchmiadzin_church1Ալբերտ Բարխուդարյանին հանդիպեցի պատահաբար` բացօթյա իր «արվեստանոցում» փորագրելիս: Շրջիկ փորագրիչին, պարզվում է` ճանաչում են աշխարհի մեծ քաղաքներում: Շնչավորում է փայտն ու ստեղծում սկահակներ, պտուղների բնօրինակով արդուզարդի պարագաներ, բնության տարբեր երևույթներ ներկայացնող աշխատանքներ: Աշխատելով ընդամենը մի քանի հատիչներով, Ալբերտը փայտարվեստում ստեղծել է իր ոճը` երկրաչափական փորագրությունը: «Դա լույս ու ստվերով արտահայտված տեսողական կատարելություն է, երբ շոշափելիքդ փոխանցում է փայտե թզի փափկությունը կամ, ընկույզի միջուկի հյութեղությունը: Իսկ ճաքած նռան հատիկը ոչ մի կասկած չի թողնում, որ այն բնական է»,-ասում է Ա.Բարխուդարյանը: Եթե ստեղծագործության մեջ ներկայացնում է մեղվի գաղափարը, ապա ընտրում է այնպիսի փայտատեսակ, որին բնորոշ է մեղրի հոտը: Իր յուրաքանչյուր ստեղծագործություն մշակում է մեղրամոմով և խնկով: Ասում է, որ դրանք լավագույն հակաբորբոքիչներն են և բացասական աուրան չեզոքացնելու, ինչպես նաև`հանգստացնելու հատկություն ունեն: Եվ, որպես ասվածի ապացույց հիշում է մի դեպք, որը պատահել է Մոսկվայի Արևելքի թանգարանում` ցուցահանդեսի ժամանակ: Պատմում է,որ կանգնած է եղել իր տաղավարի կողքին,երբ մի ռուս այցելու մոտեցել և երկար ժամանակ անշարժ կանգնել-մնացել իր աշխատանքների առաջ: «Հաջորդ օրը նորից եկավ` մարդկանց զգալի խմբով: Էլի երկար կանգնեցին`նայեցին: Երբ հարցրեցի նրանց հետաքրքրության պատճառը, նախորդ օրը եկածը, որը, պարզվեց`խմբի ղեկավարն է, ասաց, որ այդ գործերը հանգստացնող և կախարդող ուժ ունեն»,-հիշեց Ա.Բարխուդարյանը: Ա.Բարխուդարյանը ժամանակակից արվեստի միակ վարպետներից է, որի գործերը ցուցադրվել են Էրմիտաժում: Առաջարկներ է ունեցել ապրել և ստեղծագործել Մոսկվայում, բայց մերժել է, ասելով, որ  իր ներշնչանքի աղբյուրը հայկական բնաշխարհն է, որ Հայաստանից դուրս կկորցնի իր ձեռագիրը: Սակայն չի մերժել Ռուսաստանի մայրաքաղաքում գրասենյակ ունենալու առաջարկը, որտեղ այսօր աշխատում են իր ներկայացուցիչները: Ալբերտ Բարխուդարյանի  ստեղծագործություններն  ունի նաեւ  մի առանձնահատկություն, դրանցով նաև  մի շարք հիվանդություններ է բուժում: Փայտը նրա ձեռքում ոչ միայն նյութ է դառնում, այլև` լեզու է ստանում: «Հետը խոսում եմ: Իմանում եմ, թե նրա հոտով, իր մեջ պարունակող նյութերով ինչ ցավ կամոքի», ասում է Ա.Բարխուդրյանը: Բնության հետ անքակտելի կապի և սեփական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, որ վայրի ծիրանենու փայտից պատրաստած իրերն օգնում են սիրտանոթային հիվանդություն ունեցողներին: «Եթե նման հիվանդներն օգտվեն ծիրանափայտից պատրաստած սպասքից կամ զարդեր կրեն, սրտից գանգատներ չեն ունենա»,-վստահեցրեց փայտի գիտակը: Վերջինիս բացահայտումները զարմացրեցին սրտաբան Նաիրա Եղիազարյանին: Բժշկուհին թեև գիտի, որ ծիրանաչիրը շատ հարուստ է կալիումով և շատ օգտակար սիրտանոթային հիվանդների համար, բայց ինչ վերաբերում է բժշկության մեջ ծիրանափայտի կիրառությանը, առաջին անգամ էր լսում: «Եթե պտուղն ամոքիչ տարրեր է պարունակում, չի բացառվում, որ ծառի բնափայտը ևս հարուստ լինի դրանցով: Եթե ես այդ մասին առաջին անգամ եմ լսում, չի նշանակում, որ բացառում եմ դրա օգտակարության հավանականությունը: Հետաքրքրվելու առիթ տվեցիք»,-ասաց սրտաբանը: Շարունակելով բնափայտի բուժիչ հատկությունների թեման, Ալբերտ Բարխուդարյանն այն զարգացրեց այլ ծառատեսակների ուսումնասիրությունների արդյունքներով: Ըստ դրա` տեսողության հետ խնդիրներ ունեցողները պետք է հաճախակի շփվեն լորենու կամ դրա բնափայտից պատրաստած իրերի հետ: Ասում է, եթե տեսողությունից գանգատվողները լորենու փայտրց պատրաստած շրջանակով ակնոց կրեն` հիվանդությունը չի սրվի: Իսկ, եթե գանգատներ կան արյան ճնշման տատանումներից,Ա. Բարխուդարյանի խորհրդով`պետք է կրել եղևնու փայտից պատրաստած կախազարդեր, թևնոցներ: Անքննությամբ տառապողներին ևս խորհուրդ ունի. ասում է, որ նախ պետք է բուժել քայքայված նյարդերը, ինչին կօգնի թթենուց պատրաստած իրերը: «Ձեռքով դրանց հետ անընդհատ շփվելով, հանգստանում, թմրում են պրկված նյարդերը,որից հետո քունն այնպես է վրա հասնում, որ չես էլ հասցնում նկատել»,-ասում է Ա.Բարխուդարյանը: Ըստ նրա`բոլոր ծառատեսակներն էլ յոդի բաղադրությամբ նյութեր են արտադրում, բայց ամենաորակյալ յոդն արտադրում է թթենին: «Դրա փայտից պատրաստած վզնոցներ կրող, խպիպ(զոբ) ունեցող հիվանդների մոտ հիվանդությունը չի խորանում»: ԹԹենու բնափայտից ստացած յոդով նա բուժում է նաև հիվանդ ծառերը, որոնց բնափայտն օգտագործում է միայն բուժելուց հետո: Յուրաքանչյուր ծառի առանձնահատկության և բուժիչ նշանակության մասին կարող է ժամերով խոսել: Ասում է, որ ծառը բնության անմիջական հաղորդակիցն է, որի հետ անընդհատ շփվելով նույնիսկ իմանում է`թե այդ ծառը տնկողն ինչ բնավորություն է ունեցել: Ա. Բարխուդարյանի կարծիքով` ինքն աշխարհ  է եկել մարդու և Տիեզերքի միջև միջնորդ լինելու առաքելությամբ. «Դրա համար էլ օժտված եմ լսելու, հասկանալու այն, ինչը հասու չէ այլոց համար»: Բնության հետ անմիջական շփումն ըստ նրա, ոչ միայն օգնում է պայքարել հիվանդությունների դեմ, այլև`ազնվացնում է: Ալբերտ Բարխուդարյանը երբևէ սպորտով, մասնավորապես լեռնագնացությամբ չի զբաղվել, ինչը, սակայն չի խանգարում, որ տարին երկու անգամ, մերկ ձեռքերով,շրջանցելով անվտանգության բոլոր կանոնները, մագլցի Մայր Աթոռի գմբեթն ի վեր` խոտածածկից մաքրելու համար: Հայկուշ Ասլանյան Լուսանկարում՝ Ա.Բարխուդարյանը մաքրում է գմբեթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter