Վարչապետը պարզաբանել է, թե ինչպես է ծախսվելու 500 մլն դոլարը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն սահմանված կարգով կներկայացնի ԱԺ։ Իրավական այս ակտով առաջարկվում է 2010թ. պետբյուջեի նախագծի ձևավորման գործընթացից սկսած սահմանել, որ ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացվող առաջիկա տարվա պետբյուջեի մասին օրենքի նախագծում պետբյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել ՀՀ կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա ՀՆԱ-ի 7.5 տոկոսը (ներկայումս օրենքով սահմանված 5 տոկոսի փոխարեն), ինչը միտված է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. « Հարցը համարում ենք անհետաձգելի, քանի որ խնդիր ունենք ծախսելու այն ֆինանսական միջոցները, որ ներգրավելու ենք։ Այս տարի մեր բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը որակապես տարբերվելու է նախորդ տարիների բյուջեների դիֆիցիտի ցուցանիշից այն պատճառով, որ շուրջ 300 մլրդ դրամի միջոցներ ենք ներգրավելու այս տարվա ընթացքում։ Դա եւ ռուսական վարկն է, եւ Համաշխարհային բանկի աննախադեպ վարկային փաթեթները, Ասիական բանկի եւ արժութային հիմնադրամի միջոցները։ Դրա համար անհրաժեշտություն կա շտապ այս փոփոխությունը կատարել, որպեսզի կարողանանք 2009թ. բյուջեն կատարել ավելի մեծ ծավալներով։ Բնականաբար, բյուջետային ծախսերի կատարումն ինքնըստինքյան մեծ հակաճգնաժամային բովանդակություն ունի, քանի որ բյուջեի ծախսերը խթանում են համախառն ներքին արդյունքի աճը։ Դրա համար մենք մտադիր ենք այս օրենքի նախագիծը շտապ ներկայացնել ԱԺ»։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2009թ. հունիսի 2-ին ժ. 1200-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
2. Միջազգային պայմանագրի վավերացում. «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր ( 20-ը մայիսի 2009թ., ք. Մոսկվա),
3. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում)։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան.«Հիմնական հարցը, որ հետաքրքրում է մեր քաղաքացիներին, պատգամավորներին, այն է, թե ինչպես ենք ծախսելու այս 500 մլն դոլարը։ Մի մասը մենք ծախսելու ենք բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, մասնավորապես, աղետի գոտում շուրջ 24 մլրդ դրամի վերականգնողական աշխատանք ենք իրականացնելու, շուրջ 15 մլրդ դրամ ՓՄՁ ՁԱԿ-ին ենք տրամադրելու։ Այս միջոցներից վարկեր ենք տրամադրելու համակարգաստեղծ գործարաններին, եթե դրանք կունենան ժամանակավոր դժվարություններ` պայմանավորված համաշխարհային ճգնաժամով, ձեւավորելու ենք կայունացման հիմնադրամ ԿԲ-ում։ Այդ միջոցների մի մասը պլանավորում ենք օգտագործել 2010թ. բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, իսկ մյուս մասը ուղղելու ենք հակաճգնաժամային միջոցառումներին։ Սա ընդհանուր առմամբ բարձրացնում է մեր մակրոտնտեսական ֆինանսական կայունությունը եւ, բնականաբար, ավելի բարենպաստ միջավայր ստեղծում դրական սպասումներ ձեւավորելու համար։ Երեքշաբթի օրը կունենանք ԱԺ-ի արտահերթ նիստ եւ կփորձենք մեր ԱԺ գործընկերներին ներկայացնել այս նախագծերի անհրաժեշտությունը եւ դրանից հետո կստանանք 500 մլն դոլարը։ Սրանք ազատ միջոցներ են, եւ դրանք ծախսելու որեւիցե նախապայման չկա, այս գումարները ուղղելու ենք հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու նպատակին»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել